«Ժողովրդին առհասարակ պետք չեն նման կուսակցությունները. մեկ է` վերջում հասարակության հաշվին առևտուր է լինելու»
Հարցազրույց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանի հետ
– Պարոն Դանիելյան, ինչպես գիտեք, սեպտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերից (Հայ ազգային կոնգրես, «Բարգավաճ Հայաստան», Հայ Հեղափոխական Դաշնակցություն, «Ժառանգություն») երեքն են մասնակցելու հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին, քանի որ Դաշնակցությունը տարաձայնություններ ունի մյուս երեք կուսակցությունների հետ սահմանադրական բարեփոխումների հարցում: Նախ, Դուք սպասված համարո՞ւմ եք այս պառակտումը, և այն կարելի՞ է համարել վերջնական:
– Կյանքը ցույց է տալիս, որ Հայաստանում «վերջնական» բառը չի գործում: Ամեն ինչ պայմանավորած է շահերով` երբեմն շատ մանր, անգամ նեղ անձնական:
Ինչ վերաբերում է Դաշնակցության այդ քայլին, ապա դա վաղուց սպասվող քայլ էր: Երբ Վահան Հովհաննիսյանը նշանակվեց դեսպան, արդեն ամեն ինչ պարզ էր, չնայած մինչև այդ էլ էր ամեն ինչ պարզ: Դաշնակցությունն անում է այն, ինչը բազմիցս արել է մինչև հիմա, ինչն արել են նաև մյուս ընդդիմադիր կուսակցությունները: Դա Հայաստանում գործող համակարգի տրամաբանությունն է:
Իսկ տրամաբանությունը հետևյալն է. Հայաստանում կուսակցությունները կամ մեկ անձի սեփականությունն են, կամ էլ սահմանափակ անձանց պատկանող փակ բաժնետիրական ընկերություններ են, որոնց նպատակը գործող իշխանության հետ լծակների և բիզնես արտոնությունների շուրջ պարբերաբար ընթացող առևտուրն է: Դրա համար երբեմն անհրաժեշտ է լինում ժողորդին ոտքի հանել, և որքան շատ մարդ մասնակցի նրանց ակցիաներին, այնքան ավելի մեծ պահանջներ կարելի է ներկայացնել գործող իշխանություններին: Հանրային ընդվզումն առաջնորդելու ունակությունը բարձրացնում է կուսակցությունների փայատերերի ակցիաներն ապագա սակարկությունների ժամանակ:
Սակայն հիմա դեռևս ընտրություններ չկան, իսկ գործող իշխանության համար կենսական հարց է Սահմանադրության փոփոխությունը:
Եթե Դաշնակցությունն իշխանությանը մատուցում է ծառայություններ, իսկ այսօրվա նրանց համար թիվ մեկ խնդիրը սահմանադրական փոփոխություններն են, ապա հաջորդ փուլում կարող է ստանալ մեկ-երկու նախարարական պորտֆել, մի քանի փոխնախարարների աթոռ, նախարարություններում և ծառայություններում մի 10 բաժնի վարիչների և վարչության պետերի պաշտոններ, մի 15 դպրոցի տնօրենների նշանակման հնարավորություն, գյուղապետեր, փոխմարզպետներ, և այլն:
Այսինքն` կարող է ունենալ ռեսուրսներ կուսակցությունը ֆինանսավորելու, կուսակցականների համար աշխատատեղեր ապահովելու համար, ինչպես նաև մյուս ԱԺ ընտրությունների ժամանակ՝ հայտնի եղանակներով 5-7 տոկոս տեղ ունենալու հնարավորություն: Կան նաև կուսակցականների անձնական ունեցվածքի և բիզնեսի հետ կապված հարաճուն խնդիրներ: Իսկ եթե Դաշնակցությունը մնում է «քառյակի» կազմում, ապա կուսակցության ապագան մշուշոտ է: Արժի՞ արդյոք գնալ անիմաստ ռիսկերի: Կարծես թե պատասխանը պարզ է. Դաշնակցության և «քառյակի» շահերը չեն համընկնում:
Նորից եմ կրկնում` խաղի այս կանոնները Դաշնակցությունը չի հնարել: Դրանք գործող արատավոր համակարգի կանոններն են:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին և ԲՀԿ-ին, ապա այստեղ իրավիճակն այլ է. ԲՀԿ-ն ունի սեփական ռեսուրսները և մեծ հավակնություններ` դա է կոնֆլիկտի հիմնական պատճառը, իսկ ՀԱԿ-ի հետ Սերժ Սարգսյանը չի ցանկանում հարաբերվել. երևի անձնական խնդիրներ կան:
– Ընդհանրապես, ո՞րն է կուսակցության համար ավելի կարևոր, սեփական սկզբունքներին, գաղափարներին, քաղաքական ծրագրերին հավատարիմ մնա՞լը, թե՞ ավելի լայն քաղաքական նպատակների համար զիջումների գնալը: Եվ ճի՞շտ է արդյոք Դաշնակցության այս քայլը դավաճանություն անվանելը:
– Դաշնակցության քայլը Հայաստանում գործող քաղաքական ավանդույթների առումով իր մեջ ոչ մի արտառոց բան չի պարունակում: Դա սովորական «դավաճանություն» է, որով շատ կուսակցություններ են զբաղվել և ապագայում էլ են դրանով զբաղվելու: Այնքան ժամանակ, որքան Հայաստանում կլինի միամիտ մարդկանց զանգված, որը կհավատա, որ ընտրությունների միջոցով կարող են իշխանություն փոխել, այդքան ժամանակ այս համակարգը կլինի կենսունակ, ընդդիմությունն էլ կկարևորվի իշխանության կողմից, քանի որ լեգիտիմացնում է համակարգը: Այնքան ժամանակ, որքան մադիկ կհավատան ընդդիմադիր կուսակցություններին, որոնք կհամոզեն, որ` «եկեք մի անգամ էլ փորձենք, շարունակենք պայքարել», և այլն, այդքան ժամանակ այս խաղը շարունակվելու է:
Իսկ խաղի նպատակը համակարգի գոյությունն ապահովելն է, ինչպես նաև կուսակցական բիզնեսը զարգացնելը: Դաշնակցությունն էլ է, չէ՞, այսօր ասում` եկեք տեսնենք, թե ինչ սահմանադրական փոփոխություններ է առաջարկում իշխանությունը. գուցե իշխանությունը լավ բան է առաջարկում…:
Ինչ վերաբերում է գաղափարներին ու սկզբունքներին, ապա անգամ կուսակցությունները դրանց մասին համեստորեն լռում են:
– Դաշնակցությունը հայտարարում է, որ սահմանադրական բարեփոխումների, հատկապես` կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու հարցն իրենց համար սկզբունքային է, բայց միաժամանակ դաշնակցականներն ավելացնում են, որ մաս չեն կազմելու իշխանությանը և շարունակելու են գործել ընդդիմադիր դաշտում: Այդ դեպքում որո՞նք են այսօր ընդհանրապես ընդդիմություն լինելու չափորոշիչները, օրինակ` սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվելը, նախագահի հրաժարականը պահանջելը, «քառյակի» 12 պահանջներին կողմ լինելը: Չմոռանանք, որ քաղաքական դաշտում կան նաև այլ խաղացողներ, որոնք իրենց համարում են ընդդիմություն, բայց էական հակասություններ ունեն «քառյակի» ուժերի հետ:
– Դաշնակցությունը պետք է ոչ թե ասի, որ խորհրդարանական կառավարման համակարգն իրենց համար սկզբունքային է, այլ պետք է հիմնավորի, թե հանրությանը նման կառավարման համակարգն ինչու է պետք:
Պարզ է, որ Սահմանադրության փոփոխությունն իշխանությունը պահելու խնդիր պետք է լուծի, ինչպես նաև անիմաստ դարձնի նախագահի ընտրությունը և հզորացնի ներկայիս կուսակցական համակարգը: Դա կուսակցություններին, այդ թվում՝ նաև ընդդիմադիր համարվող կուսակցություններին, շահավետ համակարգ է: Այսինքն` շահավետ է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են ներկայիս իշխանության համակարգին «ընդդիմադիր» կարգավիճակով մասնակցելուն:
Անգամ ընդդիմության կարգավիճակում նրանց դերը մեծանում է, սակայն հասարակության ազդեցությունն էլ ավելի է նվազում: Իրական օրակարգը գործող համակարգը կազմալույծ անելն է: Ով կկարողանա առաջարկել համոզիչ ծրագիր այդ նպատակին հասնելու համար, այդ ծրագրի շուրջ կկարողանա մոբիլիզացնել հասարակությունը, նա էլ կարող է հավակնել արդիական քաղաքական ուժ կոչվելու իրավունքին:
Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա ընդդիմադիր դաշտում գործելը դեռ չի նշանակում, որ իշխանության մաս չեն կազմում: Հայաստանում ընդդիմադիր լինելը հաճախ իշխող համակարգում դերակատարության կարգավիճակ է:
Ինչ վերաբերում է 12 պահանջներին կամ նմանատիկ այլ պահանջներին, ապա դրանք ինձ համար անհասկանալի են և, անկեղծ ասած, չեն հետաքրքրում: Այսօր ընդամենը մեկ պահանջ կարող է լինել:
– Իսկ ի՞նչ սպասելիքներ ունեք նշված հանրահավաքից:
– Ես առհասարակ հանրահավաքներից սպասելիքներ չունեմ և, անկեղծ ասած, երբեք էլ չեմ ունեցել: Հանրահավաքն ընդամենը քաղաքական պայքարի էլեմենտ է: Երբ չկա քաղաքական պայքարի ռազմավարություն և մարտավարություն, չկա հանրային աջակցություն, ապա առանձին վերցված ակցիաներն իրենցից ոչինչ չեն կարող ներկայացնել:
– Արդեն նշեցիք, թե, Ձեր կարծիքով, որը պետք է լինի արդիական ընդդիմության օրակարգը, բայց չե՞ք կարծում, որ ժողովրդին «հրապարակ բերելու» ժամանակները վաղուց անցել են, և ժամանակն է, որ ժողովուրդն ինքը կուսակցություններին բերի հրապարակ:
– Իմ կարծիքով` ժողովրդին առհասարակ պետք չեն նման կուսակցությունները: Հակառակը, եթե պայքարում կան ներկայիս կուսակցությունները, դա նշանակում է, որ արդեն պետք է տուն գնալ: Մեկ է, վերջում հասարակության հաշվին առևտուր է լինելու: Քանի դեռ կուսակցությունները թափանցիկ եղանակով չգործեն, պարզ չլինեն որոշումների ընդունման և պատասխանատվության մեխանիզմները, ղեկավար կազմը պերմանենտ կերպով չթարմացվի, չլինեն կուսակցությունների հավերժ ղեկավարներ, նրանց նկատմամբ վստահություն չի կարող լինել: Կուսակցությունները պետք է դառնան բաց հանրային ինստիտուտներ: Գործող համակարգի հիմնական պատճառը ներկայիս կուսակցություներն են:
– «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն իր վերջին հարցազրույցում ուշագրավ հայտարարություն արեց` ասելով, թե շատ հավանական է, որ «քառյակը» կամ այդ ուժերից մի քանիսը մեկ միասնական ցուցակով մասնակցեն առաջիկա ընտրություններին: Սա չի՞ խոսում այն մասին, որ այսօրվա գործընթացներն իրականում նախապատրաստություն են գալիք խորհրդարանական ընտրություններին, և արտահերթ իշխանափոխության խնդիր ուղղակի չկա:
– Իհա՛րկե: Եթե այդպես չէ, ապա նրանք պետք է հանրությանը դա ապացուցեն:
– Դուք նո՞ւյնպես կարծում եք, որ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը ժամանակավրեպ է և պարզապես լուծում է իշխանության վերարտադրման խնդիրը:
– Իհա՛րկե: Այլ կարծիք չի էլ կարող լինել: