Ըստ Ա. Մարտիրոսյանի՝ Վ. Գասպարյանի ասած «սառը ցնցուղները» ավելի շատ ուղղված է հասարակությանը, ոչ թե ընդդիմադիր ուժերին

«Կարծես թե մեր հասարակության համար առաջին դեպքը չէ սա, այնպես որ, նմանատիպ արտահայտությունների արդեն սովոր ենք և խոշոր հաշվով մեծ, ահաբեկիչ ազդեցություն չի ունենում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարության մասին, որ «թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին «Արզնի» օդանավակայանի տարածքում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի մասնակցությամբ:

Անդրադառնալով ընդհանրապես այդ օրվա միջոցառման ժամանակ հնչեցրած  Վ. Գասպարյանի խոսքին և զորավարժությունները հեռուստատեսությամբ ցուցադրելուն, Ա.Մարտիրոսյանն ասաց, որ այդ օրն ինքը մարզերից մեկում է եղել և նկատեց, որ այդ ամենը որևէ դրական ազդեցություն չէր թողել.

«Բնականաբար, գյուղացիները չէին ահաբեկվել, բայց նաև դրական չէր, թե ինչու են նմանատիպ բաներ ցույց տալիս»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Կարդացեք նաև

Ա. Մարտիրոսյանը կարծիքով՝ Վ. Գասպարյանն ընդհանուր առմամբ իր պարտականությունների շրջանակում է գտնվել. «Ինքն իշխանությունների կողմից նշանակված ոստիկանապետ է: Բայց հույս ունեմ, որ ցանկացած պարագայում իր խոսքի նաև մնացած հատվածները կյանքի կկոչի: Առաջինն այն, որ մենք իսկապես այնպիսի երկիր ենք, որը չավարտված պատերազմների վիճակում է գտնվում, իսկ ինքը՝ որպես նաև այդ բովով անցած անձնավորություն, կարծում եմ ՝ հասկանում է, որ առանց քաղաքացու, առանց ժողովրդի անվտանգություն չի լինում, այդ անվտանգությունն ո՞ւմ է պետք, եթե չկա քաղաքացի և ժողովուրդ»:

Ըստ Ա. Մարտիրոսյանի՝ Վ. Գասպարյանի՝ «սառը ցնցուղի» մասին արած հայտարարությունն ավելի շատ ուղղված է հասարակությանը, ոչ թե խորհրդարանական ընդդիմադիր ուժերին կամ, ընդհանրապես, ազնիվ պայքարողներին. «Որովհետև իրենք, չեմ կարծում, որ նմանատիպ խոսքերից պետք է վախենան և իրենց մարտավարությունը փոխեն: Բայց հասարակությունն էլ այլևս չի վախենում, որովհետև տեսնում են, որ երկիր են կորցնում, ուստի չեմ կարծում, որ խոշոր հաշվով՝ ազդեցություն ունենա: Վերջին հաշվով, ոստիկաններն էլ մեզ նման ապրողներ են, իրենք ևս հասկանում են՝ ինչ է կատարվում, այդ կրճատումները վաղն իրենց էլ են վերաբերվելու, այդ չլրացվող կադրերը իրենց էլ են վերաբերվելու, այնպես որ, ես հույս ունեմ, որ ոստիկանությունը միանշանակ լինելու է ժողովրդի հետ:

Ամբողջ խնդիրը կայանում է նրանում՝ թե որքան քաղաքացի կհավաքվի: Եթե քաղաքացիներն իսկապես շատ հավաքվեն, ապա ոստինակությունը, կարծում եմ՝ չեզոք կլինի»:

Ա.Մարտիրոսյանը պատմեց, որ տարիներ առաջ մի հոդված է կարդացել 1914 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին, որտեղ հեղափոխությունից մեկ օր առաջ ոստիկանապետը զեկուցում է, որ ամեն ինչ վերահսկելի է, ոչ մի խնդիր գոյություն չունի. «Այնպես որ, եթե ժողովուրդը ելնում է ոտքի, աշխարհում չկան նմանատիպ դեպքեր, որ ժողովուրդն ամբողջովին միասնական լինի, պայքարի ու չհասնի: Ես չեմ կարծում, որ ոստիկանությունը խոչընդոտելու է: Ես, այնուամենայնիվ, այն համոզումն ունեմ, որ այդտեղ, իսկապես տրամաբանությունը գերիշխելու է և բոլորին ուղղակի պարզ է լինելու, որ պետք է պաշտպանել քաղաքացու շահերը»:

Տեսանյութեր

Լրահոս