Դադիվանքի որմնանկարները վերականգնվում են
«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ նախաձեռնությամբ ս.թ. օգոստոսի 23-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Իտալիայից ժամանած մասնագետներ Քրիստին Լամուղիէի` որմնանկարների վերականգնման մասնագետ եւ ճարտարապետ Արա Զարյանի մասնակցությամբ, մաքրվել ու մասնակի վերականգնվել է Դադիվանքի Սբ. Աստվածածին կաթողիկե եկեղեցու հարավային պատի որմնանկարը:
Հարկ է նկատել, որ որմնանկարն այնքան է աղտոտված եղել, փոշուց, ծխից, մոմերից ու գրառումներից, որ գրեթե անտեսանելի էր, ինչն էլ տարբեր ուսումնասիրողների մոտ տարատեսակ կարծիքների առիթ է տվել:
Կատարված աշխատանքների նախնական արդյունքը տվեց պատասխանը: Ձախ կողմում պատկերված է Հիսուս Քրիստոսը, ով ավետարանը մեկնած է կենտրոնում կանգնած մի մարդու, իսկ աջ մասում Աստվածածինն է՝ ձեռքերի վրա երկարած խաչազարդ ուրար, առջեւում գտնվում է հրեշտակ՝ ավելի փոքր դիրքով նկարված, որ նույնպես շրջված է դեպի կենտրոնի` տարակարծության պատճառ հանդիսացած անձնավորությունը, ով, ինչպես պարզվեց արդյունքում, Նիկողայոս սքանչելագործն է: Այժմ փաստվել է նաեւ որմնանկարի ժամանակաշրջանը, այն է 1278 թվական:
Տպավորությունների մասին փորձեցինք կիսվել հենց մասնագետների հետ
-Տիկին Լամուղիէ, ինչքա՞ն ժամանակ է, որ աշխատում եք հայկական որմնանկարների հետ:
– Ես արդեն 36 տարի է, ինչ զբաղվում եմ որմնանկարներով, իսկ կոնկրետ հայկական որմնանկարներին ծանոթ եմ շուրջ 4 տարի, աշխատել եմ Լմբատավանքի, Որոտնավանքի որմնանկարների հետ, իսկ հիմա էլ Դադիվանքում եմ:
-Ի՞նչ կարծիք ունեք կոնկրետ Դադիվանքի որմնանկարի, ասենք տեխնիկայի, պիգմենտների մասին, եւ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել:
– Նախ խոսենք նյութի մասին: Ասեմ, որ շատ որակյալ սվաղ է արված, որմնանկարի համար երկրորդ անգամ է սվաղ քաշվել, որը բավական կոմպակտ է, սակայն հարթ չէ: Ինչ վերաբերում է ներկանյութին` ապա շատ դժվար է որեւէ եզրակացության գալ, վերջնական եզրահանգման կարող ենք գալ լաբորատոր ուսումնասիրություններից հետո: Սվաղից ու պիգմենտներից վերցվել են նմուշներ, որոնց բաղադրությունը պարզելու համար լաբորատոր հետազոտություններ կանցկացվեն Իտալիայում:
Սակայն անգամ անզեն աչքով նկատելի է, որ կարմիր գույնը լավ չի նստած, ինչը չի կարելի ասել լազուրի մասին, որը լավ պահպանված է: Ինչ վերաբերում է կատարման եղանակին, ասեմ որ շատ հմուտ վարպետի գործ է, աշխատանքը կատարված է շատ նուրբ եւ միանգամից: Բավական նրբանկատ են կատարված արձանագրությունները: Իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում գունային գամման:
Դադիվանքում կատարել ենք որմնանկարի մաքրում, քանի որ պատը ճաք է տվել, ամրացման աշխատանքներ են տարվել, որպեսզի այն ավելի չմեծանա ու չվնասի որմնանկարը: Որոշակի կոնսերվատիվ վերականգնման աշխատանքեր ենք կատարել, Մարիամ Աստվածածնի երեսի հատվածում: Եվ հատուկ պաշտպանական շերտով պատվել է որմնանկարը:
Հարկ է նկատել, որ որմնանկար ունի նաեւ եկեղեցու հյուսիսային պատը, որտեղ ըստ տեղեկությունների պատկերված է Սբ. Ստեփանոսի քարկոծության եւ Քրիստոսի ծննդյան տեսարաններ, վերեւում երգող հրեշտակներ: Այս որմնանկարը նույնպես դժվար տեսանելի է աղտոտվածության պատճառով:
Զրույցը՝ Արմինե Հայրապետյանի