Թուրքիայի նոր կառավարության քաղաքականությունը և դրա ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի վրա

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բարելավումն առաջվա պես մնում է հեռավոր հեռանկարում: Այսպիսի կարծիք ունի Տարածաշրջանային կենտրոնի (ՏՀԿ) տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

«Թուրքիայի նոր կառավարության քաղաքականության վերլուծությունը՝ Հայաստանի և Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության շեշտադրմամբ» թեմայով ՏՀԿ-ի կազմակերպած քննարկմանը Ռիչարդ Կիրակոսյանը նախ խոսեց Թուրքիայի նորընտիր նախագահի և նոր կառավարության մասին` կարծիք հայտնելով, որ նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դարձավ Թուրքիայի պատմության մեջ ամենաթույլ վարչապետը, մինչդեռ Էրդողանը դարձավ ամենաուժեղ նախագահը: Ըստ նրա` Էրդողանն ամեն ինչ անելու է սահմանադրությունը փոխելու և իր իշխանությունն ընդլայնելու համար, ինչը կթուլացնի վարչապետին:

«Թուրքիայում մեր աղբյուրների համաձայն` վարչապետ Դավութօղլուն, որպես ընտրություն նախագահ Էրդողանի կողմից, հետաքրքիր է երկու պատճառներով. առաջինը` Էրդողանն ուզում էր վարչապետ նշանակել մի մարդու, ում ոչ միայն կարող է վստահել, այլև վերահսկել: Դավութօղլուն դասական քաղաքական գործիչ չէ, նա ավելի շատ ակադեմիական գործիչ է, պրոֆեսոր»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Դավութօղլուի մասով իր ելույթում Կիրակոսյանի հետ մի փոքր չհամաձայնեց թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը, ով նշեց, որ ճիշտ չեն Դավութօղլուի մասին այն գնահատականները, որ նա ավելի շատ ակադեմիական գործիչ է, թույլ է և օտարված քաղաքականությունից:

Կարդացեք նաև

Իր հերթին գնահատելով արտգործնախարարի պաշտոնում Դավութօղլուի անցած գործունեությունը` Ռ. Կիրակոսյանն այն բնորոշեց շատ դիպուկ կերպով` «նա հաջողությամբ ձախողվեց»:

Խոսելով նոր կառավարության` Հայաստանի վրա հնարավոր ազդեցության մասին` Կիրակոսյանն ասաց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բարելավումն առաջվա պես մնում է հեռավոր հեռանկարում. «Թուրքիան կազմել է Հայաստանի հետ հարաբերվելու նոր ժամանակացույց, որը սկսվելու է 2015 թ. ապրիլի 25-ից: Այս գաղափարի նպատակը հարաբերությունների աստիճանական բարելավումն է, որպեսզի հնարավոր լինի սահմանափակել Ադրբեջանի միջամտությունը: Թուրքիայի կողմից հարաբերությունների բարելավմանը վերադառնալու նպատակը, իհարկե, ցեղասպանության ճանաչումը թուլացնելն է, բայց ավելի կարևոր է, որ դրանով Թուրքիան ձգտում է սահմանափակել Ադրբեջանի աճող ազդեցությունը Թուրքիայի վրա: Թուրքիան չափազանց հիասթափված է, որ տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանի նկատմամբ իր քաղաքական հնարավորությունները գերի են դարձել Ադրբեջանի միջամտությանը և ուժին»:

Քաղաքագետի համոզմամբ` Հայաստանի արտաքին քաղաքականությունը, հատկապես Էրդողանի երդմնակալությանը Նալբանդյանի մասնակցությունից հետո, մնում է ավելի ուժեղ դիրքերում, քան թուրքական կողմը, քանի որ հարաբերությունները բարելավելու սպասումների «բեռը» մնացել է թուրքական կողմի վրա:

Կիրակոսյանը սրան նաև ավելացրեց գնահատականն այն մասին, որ Թուրքիան, ըստ էության, ձախողել է իր քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, ինչը ցայտուն կերպով երևաց Սիրիայում:

Ինչ վերաբերում է Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններին, Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով` «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գործոնը ազդելու է և´ թուրք-ամերիկյան, և´ ռուս-թուրքական հարաբերությունների վրա, քանի որ «Իսլամական պետության» դեմ պայքարի անհրաժեշտությունը Թուրքիային կդարձնի գործիք ԱՄՆ-ի ձեռքում, ինչի հետևանքով կթուլանան Անկարայի հարաբերությունները Մոսկվայի հետ:

Թուրք-ռուսական և թուրք-ամերիկյան հարաբերությունների հեռանկարի մասին փոքր-ինչ տարբերվող տեսակետ ունի ՏՀԿ ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը:
Նա հիշեցրեց, որ Էրդողանի երդմնակալության արարողության Միացյալ Նահանգները պատվիրակություն չէր ուղարկել, բացի այդ` Թուրքիան և ԱՄՆ-ը տարաձայնություններ ունեն սիրիական հարցում, ուստի մոտ ապագայում հարաբերությունների ջերմացում չի սպասվում:

Շահնազարյանի գնահատմամբ` Թուրքիան, օգտագործելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, զարգացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ և նույնիսկ չքննարկեց Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին միանալու հարցը:

«Թուրքիան, ըստ էության, երկար տարիներ պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը,- անդրադառնալով ղարաբաղյան հարցում Անկարայի դիրքորոշմանը` շարունակեց Դավիթ Շահնազարյանը:- Բազմիցս գրվել է, որ ԼՂ հարցով Անկարայի և Բաքվի դիրքորոշումներում որևէ տարբերություն չկա: Բայց այստեղ կա մի տարբերություն, որի մասին կուզեի խոսել: Շատ լավ գիտեք, որ Ադրբեջանն անընդհատ առաջ է քաշում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերի հարցը` սեփական խեղաթյուրված ձևով այն ներկայացնելով, ինչի պատասխանը նա, իմիջիայլոց, ստացավ Սոչիում Սերժ Սարգսյանի կողմից: Ուզում եմ հիշեցնել այդ 4 բանաձևերի պահանջները`տարածքների վերադարձ, կրակի դադարեցում և զինվորական ու ռազմական գործողությունների դադարեցում (դրանք տարբեր բաներ են) և թշնամական գործողությունների դադարեցում: Թշնամական գործողությունները շրջափակումն է, այսինքն` այդ կետը վերաբերում է Թուրքիային: Այդ միակ տարբերությունն այն է, որ

Թուրքիան երբեք չի խոսում այդ 4 բանաձևերի մասին, որովհետև, ըստ էության, Թուրքիան ինքը հանդիսանում է հակամարտության կողմ: Եվ շարունակելով այս դիրքորոշումը` ակնհայտ է, որ Թուրքիան դժվար թե կարողանա որևէ միջնորդական դեր ստանձնել` դեմ լինելով Մինսկի խմբին»:

Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարի մասին` Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ մինչև 2015 թ. ապրիլի 24-ը Թուրքիան որևէ լուրջ քայլ չի կատարի սահմանի բացման կամ հայ-թուրքական արձանագրությունները հաստատելու ուղղությամբ, սակայն չի բացառվում, որ այդ ժամանակահատվածում լինեն անսպասելի իրադարձություններ:

 

Տեսանյութեր

Լրահոս