«Ցեղասպանության 100-ամյա տարելիցը հայ ազգի համար հրաշալի առիթ է, որպեսզի իր ձայնը կրկնապատկի, եռապատկի». Արագած Ախոյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Հունաստանի խորհրդարանի նոր նախաձեռնությունը հայերի և հույների ցեղասպանությունների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ 100-ամյա տարելիցին ընդառաջ:

«Այսօր երեկոյան կավարտվի օրինագծի քվեարկությունը, որտեղ պետք է քրերորեն հետապնդվի ու պատժվի ժխտողականությունը, որը կարծում եմ կընդունվի: Նման օրինագծի ընդունումը՝ եվրոպական պետությունների կողմից, մեզ համար ունի միայն բարոյահոգեբանական նշանակություն, մինչդեռ մեր ազգը պետք է փոխի իր ռազմավարությունը:

Ցեղասպանության ճանաչման խնդիրը այլ երկրների միջոցով իր գործն արել է, ամբողջ աշխարհը գիտի դրա մասին, բայց դրա վրա հույս դնել պետք չէ: Այսօր կան այլ մարտահրավերներ, կան ավելի լավ ճանապարհներ Հայկական հարցի լուծման, Ցեղասպանության ճանաչման և հետևանքների վերացման համար»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ հունական պառլամենտի օրենքի ընդունման կամ չընդունման հետ չի կարելի կապել Թուրքիայի կողմից փոխհատուցումը , որովհետև փոխհատուցում կարող ենք պահանջել՝ դուրս գալով զոհի կարգավիճակից և աշխարհին ներկայանալով որպես պահանջատեր.

«Պետք է կարողանանք, որպես այդ երկրի նախկին քաղաքացիների ժառանգներ, պահանջագիր ներկայացնել թուրքական իշխանություններին, սկսել դատական պրոցեսներ հենց Թուրքիայում, այնուհետև՝ Եվրոդատարանից մինչև ՄԱԿ»:

Ըստ նրա՝ պետք է Թուրքիայում եղած առողջ քաղաքական ուժերին միանացնել մեզ, որ մեզ հետ հավասար պայքարեն արդարության համար: Նա նշեց, որ դա հնարավոր է, և այդպիսի ուժերը քիչ չեն Թուրքիայում: Նա կարևորեց նաև իսլամացած ծպտյալ հայերի դերն այս գործում, բայց որոշ հանգամանքներից ելնելով՝ չցանկացավ մանրամասն խոսել այդ մասին, միայն ասաց, որ պետք է նրանց գիտակցության մեջ արթնացնել հայկական ինքնության փաստը, վերականգնել դպրոցները, մշակույթի տները:

Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ կտա Հայաստանին Էրդողանի հավանական այցը Ծիծեռնակաբերդ, նա պատասխանեց, որ մի պետություն, որն ունի բազմաթիվ խնդիրներ և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության մեջ, որն ունի իշխանություն պահելու խնդիր, դժվար թե կարողանա այնպիսի փոփոխություն կատարել, որը հակասի թուրք կերպարի որդեգրած դարավոր քաղաքականությանը.

«Էրդողանը գուցե գա Հայաստան և գնա կամ մի խումբ ուղարկի, ինչը գուցե բարոյահոգեբանական նշանակություն ունենա, բայց դա ինձ ոչինչ չի ասում: Ցեղասպանության 100-ամյա տարելիցը հայ ազգի համար հրաշալի առիթ է, որպեսզի իր ձայնը կրկնապատկի, եռապատկի: Ուրիշ ակնկալիքներ չունենք:

Մեր քաղաքական գործիչներին ու քաղաքագետներին հաճախ թվում է, թե Թուրքիայի հետ պատն ինչքան ամուր ու բարձր լինի, այնքան ապահով կլինենք, բայց իրականում այդ պատը պետք է սարքենք թափանցիկ, մտնենք և տեսնենք՝ ինչ է կատարվում և փորձենք մասնակցել գործընթացներին: Այդ ժամանակ Էրդողանի գալն այդ գործընթացների մի փոքրիկ մասնիկը կլինի»:

Տեսանյութեր

Լրահոս