«Սա պատերազմ է, եթե սահմանին կրակում են, աշխատում են դիպուկահարները, էլ ի՞նչ խաղաղություն»

Լեռնային Ղարաբաղի Նոր Շեն գյուղում այսօր, թվում է, ոչինչ չի հուշում պատերազմի մասին: Գյուղական խանութը, որը հրադադարի հաստատումից հետո հիմնել է պահեստազորի սպա Ալեքսանդր Պողոսյանը, լեցուն է կենցաղում անհրաժեշտ տարբեր ապրանքներով, որոնցից շատերը Նոր Շեն են հասել հատելով բազմաթիվ սահմաններ: Շրջափակման հետեւանքները, որ Ադրբեջանն ու Թուրքիան նախաձեռնել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ, այս խանութի պատերից ներս չի զգացվում:

Հակամարտության շունչը մեր հանդիպման օրը զգացվում է խանութ ներս ու դուրս անող գյուղացիների զրույցներում: Առեւտուր էին անում հիմնականում երիտասարդ տղամարդիկ. գնածը ուսապարկում տեղավորելու համար էր: Դեպի դիրքեր հասարակ գյուղացիներից կազմված հերթական ջոկատն էր մեկնելու այդ օրը:

Ամեն ինչ Ալեքսանդրին հիշեցնում էր 1988-ին հաջորդած դեպքերը, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին միացնելու պահանջից հետո ստիպված էին ամեն գիշեր օգնության հասնել ֆերմաների եւ գյուղից որոշակի հեռավորության վրա գտնվող կոլտնտեսային այլ օբյեկտների պահակներին` ավառարությունները բացառելու համար:

Այն ժամանակ ոչ ոք ստիպողաբար չէր գնում հերթապահության, բոլորը հասկանում էին, որ հանրային սեփականությունը պետք է պաշտպանել:

Բայց թե ինչու խորհրդային երկրում դրանով պետք է զբաղվեին իրենք գյուղացիները, եւ ոչ թե օրենքն ու իշխանությունը՝ չէին հասկանում:

Այդ օրերին էր, երբ ինքը հինգ համագյուղացիների հետ գերի ընկավ: Տասն օրից ավելի դժողքում էին: Դաժանաբար ծեծում էին:
Ովքե՞ր:

Նրանք, ում հետ ընդամենն ամիսներ առաջ ապրում էին, թվում է, հարեւան գյուղերում, հնարավոր է եւ հանդիպել են գյուղից ներքեւ անցնող մայրուղու վրա, այլ հանգամանքներում կարող էին եւ հյուր գնալ իրար…

Բայց այդ տասն օրվա դաժան ծեծը մնաց հիշողության մեջ ընդմիշտ՝ սրբագրելով նաեւ գաղափարները:
Հետո իսկական պատերազմ եղավ: Ինքը բանակում ծառայեց մինչեւ 2006 թվականը: Հիմա 59 տարեկան է:

3199

Ավարտվել է այն: Տարուբերում է գլուխը: Չի ավարտվել: «Հաշտություն չի լինի: 20-25 տարեկան երիտասարդ գերուն սպանել են ու ասում են, թե սրտի կաթվածից է մահացել /նկատի ունի Կարեն Պետրոսյանի դեպքը, ով վերջերս է անցել հայ-ադրբեջանական սահմանը՝ հասնելով ադրբեջանական կողմ/: Ի՞նչ կաթված, հիվանդություն»,- նախկին գերու ձայնը սեղմվում է կոկորդում.- «Ո՞վ կհավատա: Խաղաղություն դժվար թե լինի: Սա պատերազմ է, եթե սահմանին կրակում են, աշխատում են դիպուկահարները, էլ ի՞նչ խաղաղություն»:

Իր այս կարծիքում ավելի համոզվեց 2014 թ. հուլիսի վերջին օրերի իրադարձությունների ժամանակ: «Պատերազմն էլ չի վերսկսվի: Հիմա այս դիվերսիաներով փորձում են մեզ վախեցնել: Բայց դե ինչից վախենանք»: Դիմում է խանութ մտած իր հասակակից տղամարդկանցից մեկին: «Որ կռիվ լինի, կգնա՞նք էլի»: Երկու մարտական ընկերները իրար հայացքով են հաստատում:

Ալեքսանդրը շարունակում է:

«Այս դիվերսիաների պատճառով վետերանները որոշել են գնալ դիրքերում կարգնած բանակայիններին օգնելու: Չէ պաշտոնական ոչ մի որոշում չկա: Գյուղում հայտարարել են: Տղաները հավաքվել են: Մի խումբն արդեն մեկնել է: Ավագ որդիս, որ Հադրութում է ծառայում, իրավապահ է, նույնպես կամավորների հետ գնաց: Այսօր կրտսեր տղաս կգնա: Մեզ, կռվածներիս դեռ հերթ չի հասնում»,- երկու տղամարդիկ խորամանկորեն ժպտում են ,- «Ջահելներն ասում են` ծեր եք արդեն, բայց դե եթե անհրաժեշտություն եղավ, ով է նրանց լսողը: Գնալու ենք էլի»:

Հետո, կարծես մի պահ մտածելով, որ գյուղում տիրող մարտական ոգին, խանութի հարեւանությամբ կայանած մեքենայում տեղավորվող քաղաքացիական հագուստներով լռակյաց տղամականց կերպարը եկվորներիս վրա ազդել, հանգստացնում է. «Չկարծեք, որ խուճապ է: Ընդհակառակը: Ամեն ինչ հստակ է: Պարզապես, գիտենք, որ հիմա անհրաժեշտ է գնալ, ինչպես տարիներ առաջ, ու գնում ենք»:

Գյուղում անելիքն առանց սահմանի պաշտպանության էլ շատ է: Պատմում է, որ վեջին տարիներին շատ բան է փոխվել. երիտասարդները մնում են, գյուղն էլ օրեցօր զարգանում է: «Գրադով, որ կրակում էին, շատ ավերածություններ եղան: Հիմա հետքերը չկան»: Անցած տարի խորհրդայնացման տարիներին փակված եկեղեցու դռները կրկին բացվել են, այն վերակառուցվել է գյուղի քահանայական տոհմի այսօրվա ժառանգների կողմից: Ուրախությամբ շարունակում է.- «Հիմա նաեւ նոր ակումբ ունենք, դպրոց, երիտասարդները ամուսնանալու համար նոր հարսանեաց հանդեսի սրահ ունեն: Մայրաքաղաքից դերասաններ են գալիս, ներկայացումներ են բեմադրում: Գյուղում ապրելն ավելի հետաքրքիր է դարձել: Երիտասարդությունը հիմնականում մնում ու ապրում է գյուղում: Տարվա դժվարությունն անբարենպաստ եղանակներն են: Բերք չհնձեցին: Հողերի մի մասն առանց այդ էլ անմշակ էր, հիմա ձեռնունայն մնացած գյուղացիները չգիտեն ինչ անեն, վարուցանքի հնարավորություն չունեն:

Մարդիկ Նոր շենում դժվարությամբ են հարմարվել պատերազմից հետո ծագած նոր տնտեսական հարաբերություններին: Բայց եւ իրենց դժվարությունները չկարգավորված հակամարտության հետ չեն կապում: Ալեքսանդր Պողոսյանը բացատրում է, որ նույնիսկ շփման գծում լարվածության օրերին դիրք գնում են նրանք, ովքեր այդ օրերին ազատ են, աշխատանքի մեջ չեն, տնտեսական գործեր չունեն: Խնդիրների պատճառն ավելի շատ ներքին կազմակերպականն է: Ոչ բոլորն են կարողացել սեփական տնտեսությունը կառավարել, զարգացնել: Մյուս կողմից էլ վերջին տարիներին եղանակը միշտ գյուղացուն դեմ էր դուրս գալիս, անցած տարի կարկուտն էր, այս տարի երաշտը: Հիմա Նոր շենում, ինչպես նաեւ Լեռնային Ղարբաղի շատ բնակավայրերում սպասում են կառավարության օժանդակությանը, որպեսզի աշնանացան կատարեն: Կառավարությունը Խոստացել է հարկերից ազատել եւ օգնել դիզվառելիքով:

Էրիկ Ավանեսյան

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս