Հովիկ Աբրահամյան. Ամեն ինչ պետք է անենք, որ ամուսնալուծությունները նվազեն
ՀՀ կառավարությունն այսօր նիստում հավանության արժանացրեց ամուսնալուծությունների վկայականների համար լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու մասին որոշումը: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց, որ տարեսկզբին սահմանվել է ձեռք բերել 3000 ամուսնալուծության վկայականներ, սակայն, վերլուծելով առաջին կիսամյակի արդյունքները, անհրաժեշտություն է առաջացել 2-րդ կիսամյակի համար ավելացնել ամուսնալուծության վկայականների քանակը, ինչի համար անհրաժեշտ է 1114.2 հազար դրամ:
«Ամուսնալուծությունները շատացել են, հա՞»,- հետաքրքրվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախարարն «արդարացավ», թե դա իր գործունեության արդյունքը չէ:
«Ես չեմ ասում, որ Ձեր գործունեության արդյունքն է,- հանգստացրեց վարչապետն ու հավելեց,- Ասում եմ՝ ամեն ինչ պետք է անենք, որ նվազեն»:
Հ.Աբրահամյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարեց ուսումնասիրել և պարզել, թե ինչու են ավելացել ամուսնալուծությունները: