«Ի տարբերություն որոշ երկրների՝ Գերմանիան լրագրողների համար իդեալական տարածք է»
Հարցազրույց Գերմանիայում լույս տեսնող «ADK» եռամսյա հանդեսի խմբագիր Րաֆֆի Քանդեանի հետ
Այս օրերին գերմանական գրեթե բոլոր լրատվամիջոցների առաջին էջերում զետեղված են Ուկրաինայի, Սիրիայի, Իրաքի պատերազմական զարգացումների, Բունդեսթագում քննարկվող` Բեռլինի կողմից Իրաքի քրդերին զենքի մատակարարման դեմ քննարկումների վերաբերյալ անդրադարձներ: Երկրի թիվ մեկ իրադարձությունն արտաքին քաղաքականության և պատերազմող երկրների նկատմամբ մարդասիրական ռազմավարության դրսևորման խմորումներն են: Տպագիր մամուլը որսում է հետաքրքրաշարժ դրվագներով լուսանկարներ, վիճելի ձևակերպումներ և սկանդալային մեկնաբանություններ, այլ կերպ ասած` ընթերցողին «կանչող», գրավող նյութ: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (ԳԴՀ) էլեկտրոնային լրատվամիջոցների մուտքը տեղեկատվական դաշտ մեծապես հարվածել է տպագիր մամուլի գործունեությանը` զգալիորեն կրճատելով թերթերի սպառումը և խաթարելով տեղեկատվության օպերատիվության սկզբունքը:
Լրատվական դաշտի տեղի մասնագետները դժվարանում են մատնանշել, թե Գերմանիայում քանի լրատվամիջոց կա, դրանք բազմաթիվ են, և ինչպես` տեխնիկական, այնպես էլ` ԶԼՄ-ների մասին օրենքի կատարման առումով Հայաստանի լրատվամիջոցների հետ համեմատության եզրեր չունեն: Տպագիր թերթերը բաղկացած են մինչև 40-45 էջից, ունեն հզոր խմբագրություններ` իրենց խմբագրակազմերով, յուրաքանչյուր էջն` իր բաժնի պետով, ընդ որում` հայտնի թերթերը հիմնականում բոլոր մեծ քաղաքներում ունեն իրենց թղթակիցները, որոնք օպերատիվ լուսաբանում են իրադարձությունները: Օրինակ` Գերմանիայում հայտնի, միջազգային հեղինակություն ունեցող ամենաշատ սպառվող «Frankfurter Allgemeine Zeitung», «Süddeutsche Zeitung» թերթերի տպաքանակը 500.000 է, ինքնարժեքը` 2.3 եվրո, որոնց պատասխանատուները, սակայն, վերջին շրջանում սպառման ծավալների հետ կապված լուրջ մտահոգություններ ունեն:
Հարկ է նշել, որ, եթե նախկինում Գերմանիայում մեծ հեղինակություն վայելող թերթերն այնքան շահույթներ ունեին, որ խմբագրության վարչության որոշմամբ` խմբագիրներին տրամադրվում էր «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, ապա այսօր նրանք երթևեկում են «համեստ» մեքենաներով, քանի որ թերթերի վաճառքը սնանկացրել է խմբագրություններին: Խոսքի ազատությունն ու մասնագիտական պարտականություններն իրացնելու իմաստով այս երկիրն իդեալական տարածք է: Տեղի մասնագետները դժվարանում են մատնանշել լրագրողի դեմ կատարված բռնության կամ տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման որևէ դեպք:
Լրատվամիջոցները մեծամասամբ անկախ են և ինքնաֆինանսավորվող, որոնց շահույթի հիմնական աղբյուրը գովազդներն են: Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, մեդիադաշտն ունի նույն այն խնդիրները, ինչ հայաստանյան լրատվամիջոցները` copy past, սկանդալային վերնագրեր, ողբերգական դեպքերի լուսաբանման առատություն, մի խոսքով` վաճառվող լուր: Սակայն գերմանական լրատվությունն ունի նաև մասնագիտական լրատվամիջոցներ, որոնք հսկում են հենց լրատվական ոլորտում կատարվող իրադարձությունները, այլ կերպ ասած` զսպաշապիկի դեր են կատարում` լուսաբանելով լրատվամիջոցների գործունեությունը: Դրանից զատ, ներկայացնում են նաև խմբագրությունների ներսում կատարվող իրադարձությունները, օրինակ` այս կամ այն լրագրողն ազատման դիմում է ներկայացրել այսինչ պատրվակով, կամ այսինչ խմբագրությունում նման միջադեպ է արձանագրվել…
Գերմանիայում տպագրվում է նաև հայ-գերմանական «Հայ-Գերմանական Ընկերակցության» ADK (Հայ-գերմանական թղթակցություն) կոչվող գերմանալեզու եռամսյա հանդեսը: Այն գերմանախոս հանրության համար նախատեսված 60 էջանոց տպագիր լրատվամիջոց է, որն ունի նաև էլեկտրոնային կայք, և որտեղ առանձին բաժիններով ներկայացվում են գրեթե բոլոր ոլորտների մասին, ինչպես` հայաստանյան, այնպես էլ` Գերմանիայում կատարվող իրադարձությունները: Տպագիր տարբերակը տարածվում է եվրոպական պետական բարձրագույն կառույցներում, օրինակ` ամսագրի բաժանորդներից է ԳԴՀ Բունդեսթագը` իր բազմաթիվ պառլամենտականներով, Եվրոպառլամենտի մի խումբ պատգամավորներ, Եվրամիության հեղինակավոր երկրների Արտաքին գործերի նախարարությունները և այլ պետական, մասնավոր խոշոր կառույցներ:
Ամսագրի խմբագիր Րաֆֆի Քանդեանի համար սկզբունքային հարց է լրատվամիջոցի ընթերցողների որակը, որոնք, ըստ նրա, բավականին կիրթ են և ակնկալում են հիմնավորված, փաստարկված նյութեր, հետևաբար` ընթերցողին տեղեկատվություն են տալիս, այլ ոչ թե տեղեկատվության կրկնատպություն (copy past):
Ի դեպ, ամսագիրը բավականին հարուստ է թե ոլորտների բաժանմամբ և դրանց անդրադարձով, թե վերլուծությունների, հոդվածների, հարցազրույցների բազմազանությամբ: «Հայ-Գերմանական Ընկերակցությունն» օրերս հրատարակել է իր հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական ստվար հատոր (100 Jahre Deutsch-Armenische Gesellschaft erinnern. Gedenken-gestalten), որտեղ ներկայացված է հայ-գերմանական, ինչպես նաև` թուրքական կապերի մասին ակադեմիկոսների, քաղաքական գործիչների կողմից ներկայացված բավականին հարուստ նյութ և, որով հետաքրքրված են գերմանական լրատվամիջոցները: «168 Ժամը» լրատվական դաշտի խնդիրների շուրջ զրուցել է «ADK» ամսագրի պատասխանատու խմբագիր Րաֆֆի Քանդեանի հետ:
– Մեզ համար սկզբունքային է այսօր տարածված copy past-ից հնարավորին չափ զերծ մնալը: Կայքում, բնականաբար, ունենք լրահոսը ներկայացնելու, կարճ լուրերի բաժին: Այսօրվա տեղեկատվական դաշտն այնպիսին է, որ մեկ լուր կարդալուց հետո այդ լուրը նույնատպությամբ կարող եք բոլոր լրատվամիջոցներում կարդալ: Անկեղծ ասած` դա ինձ, և գիտեմ, որ շատերի համար նույնպես արդեն զզվելի է: Զզվելի է նաև, երբ լրատվությունը վերածվում է անբովանդակ բամբասանքի, առավելևս, երբ հայաստանյան իրականությունը բամբասանքի ձևաչափով` իբրև լրատվություն մատուցվում է ամբողջ աշխարհին:
– Որքան գիտեմ` գերմանական մամուլում copy past-ի սկզբունքը նույնպես գործում է:
– Անշուշտ, այստեղ նույնպես այդ խնդիրը կա, բնականաբար, կախված թերթի որակից: Ամենակարևոր թերթերից սկսած, մինչև գավառական թերթերն ունեն այդ աշխատանքային ձևաչափը, բայց կան շատ լուրջ, հեղինակավոր, միջազգային համբավ վայելող թերթեր, որոնք զերծ են դրանից, օրինակ, «Frankfurter Allgemeine Zeitung», «Süddeutsche Zeitung» և մի երկու-երեք թերթեր` լինելով օրաթերթ, օրվա լրահոսի հետ մեկտեղ` շատ լուրջ, խորքային վերլուծական հրապարակումներ են մատուցում: Վերոնշյալ թերթերի մոտեցումը մեզ շատ հոգեհարազատ է, և փորձում ենք այդ մոտեցմամբ աշխատել մեր պայմաններում, մեր միջավայրում:
– Պրն Քանդեան, ընդունված է համարել, որ մամուլը հասարակության և իրականության միջնորդն է` մեդիատորը, որի պարտականությունների շրջանակն է` մատուցել տեղեկատվություն բոլոր ոլորտներից, մինչդեռ հայաստանյան, հատկապես էլեկտրոնային որոշ լրատվամիջոցների լրատվությունը սկսվում և ավարտվում է քաղաքական ինտրիգներով: Մյուս` տնտեսական, հասարակական, գիտական, մշակութային բաժինները շաբաթներով չեն թարմացվում: Համապետական ընտրությունների շրջանում տպագիր որոշ թերթեր նույնպես` առաջին էջից սկսած մինչև վերջին էջը, քաղաքականություն են լուսաբանում: Նման դեպքերում կարո՞ղ ենք արձանագրել, որ մեդիան` իբրև միջնորդ, խախտում է ընթերցողին պատճաշ լրատվություն փոխանցելու իր գործառույթը, և արդյո՞ք տեղեկատվության մատուցման էթիկական նորմերը չեն խախտվում:
– Ես որպես ընթերցող` նախընտրում եմ կարդալ այնպիսի թերթեր, որոնց նախընտրությունը ոչ միայն քաղաքականության վրա կենտրոնանալն է, այլ նաև` մյուս ոլորտների լուսաբանումը: Ասածս այն է, որ ընթերցողն իրավունք ունի ընտրել` որ լրատվամիջոցից տեղեկատվություն ստանալ: Ի վերջո, թերթերի պատասխանատուներն իրենք են որոշում` որքանով և ինչ լուսաբանել, բայց ընթերցողն իրավունք ունի ընտրել այդ բազմաքանակ լրատվամիջոցներից իրեն հոգեհարազատը: Ընդհանրապես ընթերցող-լրատվամիջոց մեխանիզմն այնպիսին է, որ, եթե ընթերցողի պահանջը, սպասելիքը չի բավարարվում` նա հրաժարվում է տվյալ լրատվամիջոցից և չի պատրաստվում դրամ վատնել: Այլ կերպ ասած` խաթարվում է ընթերցող-լրատվամիջոց հարաբերությունը` այդպիսով, բնականաբար, թերթը կորցնում է ընթերցող և վաճառքի կորուստ է ունենում: Հայաստանում, կարծես թե, այդ հարաբերությունն այնքան էլ չի տուժում, որովհետև ընթերցողը շարունակում է գնել այն թերթը, որն իր պահանջարկն այնքան էլ չի բավարարում և խիստ քաղաքական բովանդակությամբ նյութեր է հրապարակում:
– Հայաստանյան ընթերցողն այլընտրանք չունի: Մեր մեդիաշուկայի «պրոդուկտը» նույնաբովանդակ է:
– Հայաստանում շատ են նաև ռուսալեզու ընթերցողները: Կարող են օգտվել ռուսալեզու լրատվամիջոցներից: Գերմանիայում էլ է այդպես. անգլերենին տիրապետող ընթերցողը կարող է օգտվել անգլագիր թերթերից: Դա էլ է այլընտրանք, բայց, իհարկե, այլընտրանքի բացակայությունն արդեն վատ է: Հայաստանյան լրատվությանը ոչ կանոնավոր, բայց հետևում եմ, իսկապես քաղաքականացված լրատվություն է, բայց բացառություններ կան: Ավելի ճիշտ է դիտարկել, թե ովքեր են տվյալ թերթերի «տերերը» և թերթի հրատարակման մեջ ինչ նպատակներ են ներդնում:
Սա, անշուշտ, Հայաստանի հետ համեմատության համար չեմ ասում, բայց, օրինակ, Թուրքիայում վերջին մի քանի տարիների ընթացքում հետևյալ երևույթն է զարգացել. իշխող կուսակցության անդամները կամ «բարեկամները» տիրանում են այս կամ այն մեդիային, ընդ որում` թերթի պատասխանատուներն իշխանությունների հետ լավ հարաբերություններ ունեն և իշխանահաճո քաղաքականություն են որդեգրել: Տվյալ լրատվամիջոցը գուցե կարող է վնաս պատճառել նոր տերերին, բայց դա կարևոր չէ, այլ կարևոր է` իշխող կուսակցությանը հաճո նյութ մատուցելը:
Նման քայլերով մեդիայի տերերն իրենց տնտեսական շահերը Կառավարությունում պաշտպանում են, այսինքն` լրատվամիջոցը ֆինանսավորում և օգտագործում են սեփական շահերի համար: Այլ կերպ ասած` բիզնեսմենները, պաշտոնյաներն այսօր գնում են լրատվամիջոցները` իրենց գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:
– Հայաստանյան տպագիր, ինչպես նաև էլեկտրոնային լրատվամիջոցներում, որպես կանոն, առաջին էջը զբաղեցնում է քաղաքական որևէ իրադարձություն կամ որևէ քաղաքական գործչի մեկնաբանություն: Առաջին էջի կարևորությունը գիտակցելով` լրատվամիջոցներն այդպիսով «ճանաչում» և դակում են հանրապետության այդ օրվա թիվ մեկ իրադարձությունը: Մինչդեռ, գերմանական հատկապես տպագիր մամուլի առաջին էջերում, կարծես թե, տպագրվում են սպորտային, մշակութային կամ հասարակական իրադարձություններ: Ստացվում է` մեդիատորն ինքն է որոշում, իսկ որ ամենակարևորն է` հասարակությանը թելադրում օրվա կարևոր իրադարձությունը: Ի՞նչ սկզբունքով եք կազմում ամսագրի շապիկը:
– Տեսեք, «ADK» հանդեսի տպագիր տարբերակը լույս է տեսնում երեք ամիսը մեկ անգամ, այսինքն` եռամսյա հանդես է, որը չի կարող առաջին էջում իրադարձային նյութ զետեղել, քանի որ ժամանակավրեպ նյութեր չենք տպագրում: Մենք սկզբունքորեն որպես ամսագրի շապիկ օգտագործում ենք այն պատկերն ու նյութը, որն ուշագրավ է այդ ժամանակահատվածի համար, և էսթետիկ լինելուց բացի` կարևոր նշանակություն ունի բովանդակային իմաստով: Այսինքն` կշիռ ունեցող, կարևորագույն նյութը գալիս է առաջին էջ: Գերմանիայում հրատարակվող թերթերը ոչ միայն էջերով և տպաքանակով են մեծ, այլ նաև` էջի, թղթի ծավալով, ինչը թույլ է տալիս ներառել բազմաբովանդակ լրատվություն: Հաշվի առնելով, որ Հայաստանի թերթերի թղթի ծավալը փոքր է, բնականաբար` հնարավորություն չկա առաջին էջում ներկայացնել նաև մշակութային, գիտական, մարզական և այլ կարևոր իրադարձություններ: «Frankfurter Allgemeine Zeitung», «Süddeutsche Zeitung»-ը կարող են առաջին էջերում տպագրել բազմազան լրատվություն` ֆուտբոլիստի, վթարի արդյունքում 6 զոհի, Ուկրաինայի ճգնաժամի լուրերից սկսած` մինչև տնտեսական կամ մշակութային լուրը, այսինքն` թերթի հնարավորությունները դա թույլ են տալիս:
– Հայաստանում և ընդհանրապես` աշխարհում ամենաշատ ընթերցվողը ողբերգական դեպքերի մասին լրատվությունն է: Սպանությունները, ինքնասպանությունները, բռնությունները, վթարներն ու հրդեհները գրեթե բոլոր լրատվամիջոցների ընթերցումների բլոկում առաջին հորիզոնականում են: Ստացվում է` ընթերցողի համար ոչ այնքան կարևոր է նյութի բովանդակությունը, որքան դրանից փոխանցվող վախը, տագնապը, սթրեսն ու խուճապը: Ճի՞շտ է, որ եվրոպական ԶԼՄ-ներում նմանատիպ լուրերը խմբավորվում են հատուկ «Պատահարներ» խորագրի ներքո` հոգեպես խոցելի մարդկանց այդ լրատվությունից զերծ պահելու համար: Ըստ փորձագետների` եվրոպական երկրներում հիմա ակտիվ քննարկվում է տեղեկատվության մատուցման առավել մարդասիրական մոդել մշակելու հարցը: Գերմանական ԶԼՄ-ներում ինչպե՞ս է կարգավորվում այդ դաշտը:
– Ինչպես գիտեք` Գերմանիան հսկայական երկիր է, որտեղ առկա են բազմաթիվ լրատվամիջոցներ, նույնքան բազում որակներով, ծավալներով, սկանդալներով ու սենսացիաների նախընտրություններով, և այլն: Բնականաբար, բոլորը չէ, որ վերոնշյալ երկու թերթերի պես գրագետ և որակյալ են: Այստեղ էլ ողբերգական դեպքերը մեծ ընթերցումներ են ապահովում, և լրատվամիջոցները հակված են նմանատիպ նյութեր մատուցել: Բազմաթիվ և բազմատեսակ են նաև դեղին մամուլի օրինակները, որոնք ցանկացած վերնագիր կարող են օգտագործել դիտում ձեռք բերելու համար: Տեսե՛ք, «Bild» կոչվող սենսացիաամոլ թերթ կա, որը մեծ վերապահումով կարելի է թերթ անվանել, բայց այն 3-4 մլն տպաքանակ ունի, ամենասպառվող թերթն է:
Առաջին էջում առաջ տպագրում էին մերկ կնոջ լուսանկար, որպեսզի մարդիկ շարունակեն թերթել էջը, մեջտեղում ու վերջին էջում նույնպես մերկություն էր: Դա ժամանցային թերթ չէ, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտների մասին հրապարակումներ կան, բայց մերկ կանանց լուսանկարներով ընթերցողի ուշադրությունը գրավում են, ընդ որում` թերթն ազդեցիկ է իր հետաքննական լրատվությամբ: Բնականաբար, համալսարանի պրոֆեսորները կամ ինտելեկտուալ մարդիկ այդ թերթը չեն կարդում, բայց հասարակական մյուս շերտերն ընթերցողներն են: Օրինակ, միևնույն ընկերությունը տպագրում է լուրջ, փաստարկված, հիմնավորված և ծանրակշիռ թերթ և նաև տպագրում է սենսացիոն, աղաղակող վերնագրերով, չափազանցված լեզվով գրված լուրերով` լայն սպառում ունեցող թերթ: Այնպես որ, լրատվական դաշտը շատ բազմազան է, ամեն տեսակ լրատվամիջոց կա: Ինչ վերաբերում է ողբերգական դեպքերի մասին լրատվությանը, ապա, այո՛, իսկապես մեծ անհանգստություն կա, և քննարկումներն էլ մշտական են:
Պետք է նշեմ, որ կա նաև ներքին քննադատություն, և ԶԼՄ-ների ներկայացուցիչներն իրենք իրենց էլ են քննադատում: Հանուն տիրաժավորման ամեն քայլի գնացող լրատվամիջոցը կարող է քննադատվել մեկ այլ լրատվամիջոցի կողմից: Ցանկացած թերթում սպանությունների, ինքնասպանությունների մասին լրատվություն կա, այլ հարց է, թե որ թերթն այդ դեպքերն ինչ ծավալով ու ֆորմատով է մատուցում:
– Առցանց լրատվամիջոցների ստեղծումն ու կոշտ մրցակցությունը մեծ հարված հասցրեց մեդիագրագիտությանը, քանի որ բազմակողմանի, փաստարկված լրատվությանը եկան փոխարինելու օպերատիվության մրցավազքն ու ապատեղեկատվությունը: Ոչ պրոֆեսիոնալիզմը խուժեց լրատվական դաշտ` սպունգի պես կլանելով և սպառելով պատասխանատվության այն խիստ դաշտը, որը նախկինում գոյություն ուներ: «Ըստ հավաստի տեղեկությունների», «ըստ մեր աղբյուրների» կամ նույնիսկ` «ըստ շշուկների» լրատվության մատուցման ձևաչափն ինչ-որ իմաստով վկայությունն է այն բանի, որ լրագրողներն օրենքով սահմանված կարգով լրատվություն ստանալու ճիգեր գործադրելու փոխարեն` նախընտրում են այս կամ այն պաշտոնյայի հետ մասնավոր զրույցներից տեղեկատվություն քաղել: Նմանատիպ տեխնոլոգիաներ կիրառելով` լրագրողները հաճախ իրենք իրենց դեմ ծուղակ են լարում, քանի որ երկրորդ կողմը դիմում է դատարան, իսկ տեղեկատվության աղբյուրը չի ցանկանում բացահայտել իր ինքնությունը: Դուք տեղեկատվություն ստանալու խոչընդոտներ ունեցե՞լ եք, կամ, օրինակ, ամսագիրը Բունդեսթագում թղթակից ունի՞: Կիրառո՞ւմ եք տեղեկատվության աղբյուրի գաղտնիության սկզբունքը:
– Մեդիագրագիտության առումով պետք է նշեմ, որ մեզ մոտ մի քիչ տարբերվում է, քանի որ աշխատում են միայն պրոֆեսիոնալ լրագրողներ, որոնք շատ փուլեր են հաղթահարել այդ աշխատանքը վաստակելու համար: Արևմտյան աշխարհում հիմա տարածվող մեկ այլ լրատվական վտանգավոր միտում կա: Գովազդներ, որոնք լույս են տեսնում հոդվածի շղարշով: Ընդհանրապես օրենքը պարտադրում է գովազդի մասին նյութի վերնամասում ծանուցել` «Գովազդ» վերտառությամբ, սակայն հիմա դա երբեմն արվում է խորամանկ ձևով իբր թե քննադատության պատյանով: Մեկ բան հստակ կարող եմ ասել` Գերմանիայի մեդիադաշտը Հայաստանի մեդիադաշտի հետ համեմատության ոչ մի եզր չունի, սկսած` բազմազանությունից, վերջացրած մեդիագրագիտությամբ:
Գերմանիայի խոսքի ազատության սահմանները շատ մեծ են, և որևէ անձ չի կարող նույնիսկ դատական կարգով լրագրողին պատասխանատվության ենթարկել, եթե հրապարակումը խոսքի ազատության սահմանում է: Ինչ վերաբերում է Բունդեսթագին, ապա մենք ունենք հոդվածագիրներ, դրանից բացի, կապեր ունենք որոշ պատգամավորների հետ, որոնցից երկուսը կգրեն հոդված մեր հաջորդ համարի համար: Նրանք վերջերս Հայաստանում էին և շուտով ղարաբաղյան, հայաստանյան իրենց տպավորությունների մասին կկիսվեն: Ինչ վերաբերում է տեղեկատվության մատչելիությանը, ապա այստեղ լրագրողներն ունեն օրենքով վերապահված ազատությունն ու տեղեկատվություն ստանալու բոլոր իրավունքները: Օրենքով պաշտպանված ցանկացած քայլ չի կարող խոչընդոտվել որևէ անձի կողմից: Բնականաբար, նաև ունեն անձնական կապեր այս կամ այն պաշտոնյաների հետ, որոնցից տեղեկատվություն են քաղում: Տեղեկատվության աղբյուրի բացահայտում կարող է լինել, եթե գրվածը չի համապատասխանում իրականությանը, և տուժող կողմը հայց է ներկայացնում դատարան: Այդ հարցերը քաղաքակիրթ ճանապարհով վիճարկվում են դատարաններում:
– Վերջերս մեծ անհանգստություն կա տպագիր թերթի վախճանի հետ կապված: Էլեկտրոնային լրատվամիջոցների առկայությունն այլևս սպառողին ազատում է վճարել տեղեկատվություն ստանալու դիմաց: Ի՞նչ եք կարծում` իսկապե՞ս առաջիկայում նման վտանգ կա, հատկապես, երբ թերթերի սպառումը զգալի նվազել է:
– Այստեղ նույնպես այդ անհանգստությունը կա և կյանքը ցույց է տալիս, որ տպագիր թերթը կորցնում է իր ընթերցողին: Շատ մեծ կշիռ ունեցող, ընթերցվող «Der Spiegel» շաբաթաթերթի պատասխանատուները շատ մտահոգված քննարկում էին, թե ինչ ելքեր գտնեն թերթի սպառման համար: Իրենք նաև ունեն «Spiegel Online» կայքէջ, որն ամենահաճախվողն է, միլիոնավոր դիտումներ ունի: Թերթի ղեկավարները եկան վերջնական մի եզրահանգման` փոքրացնել տպագիր տարբերակը և առցանց տարբերակի վրա մեծ աշխատանք կատարելով` կատարելագործել` այցելությունները դարձնելով վճարովի: 500.000 տպաքանակով թերթը շարունակում է տպագրվել, բայց խմբագրակազմը շատ մեծ աշխատանք է կատարում էլեկտրոնային տարբերակը նորովի մատուցելու ուղղությամբ: Թերթեր կան, որ արդեն կանխատեսում են մի քանի տարուց տպագիր տարբերակի վերացման վտանգը և աշխատում են էլեկտրոնային կայքի զարգացման ուղղությամբ:
Այսինքն` ռեալ գիտակցելով առաջիկա մարտահրավերները, խմբագիրները փորձում են տեղափոխվել համացանցային աշխարհ: Տպագիր տարբերակի «մահը», ի վերջո, իր հետ նոր խնդիրներ է բերում` բազում լրագրողներ գործազուրկ են դառնում: Արդեն իսկ հեղինակավոր թերթերից մի քանիսը, թերթի սպառման խնդիրներից ելնելով, ստիպված են աշխատակազմ կրճատել:
– Գերմանական լրատվամիջոցների դեպքում նո՞ւյնպես իշխանամետի կամ ընդդիմադիրի կլիշեներ են օգտագործվում:
– Կան թերթեր, որոնք որոշ հակումներ ունեն այս կամ այն կուսակցության նկատմամբ, բայց հաստատ իրենց գերին չեն: Օրինակ, «Süddeutsche Zeitung»-ը սոցիալ-լիբերալների հանդեպ հակումներ ունի, բայց դա միանշանակ վերաբերմունք չէ, և օբյեկտիվ լրատվություն են մատուցում: Խմբագրականներում կարող են դիրքորոշում հայտնել այս կամ այն ուժի նկատմամբ, բայց կրկնում եմ` դա չի նշանակում, որ տվյալ ուժը թերթի ֆինանսավորողն է, իսկ թերթն իշխանամետ կամ ընդդիմադիր է: Թերթերը հիմնականում անկախ են, շատ քիչ բացառություններ կան, որոնք կուսակցության պաշտոնաթերթեր են, օրինակ, Բավարիայում կա Քրիստոնյա-սոցիալիստական կուսակցության պաշտոնաթերթ, և դրա մասին բոլորը գիտեն, քանի որ այն պաշտոնաթերթ է:
Սոցիալ-դեմոկրատները նույնպես ունեն իրենց սեփականությունը հանդիսացող պաշտոնաթերթ, բայց դրանք հազիվ երեքը լինեն, մյուս բոլոր լրատվամիջոցներն անկախ են: Կարող են թերթերն անձնական կապեր ունենալ այս կամ այն քաղաքական գործիչների հետ, բայց դա չի նշանակում, որ նրանք ֆինանսական աղբյուր են: Գերմանական թերթերը, ի տարբերություն հայաստանյան լրատվամիջոցների` «մեկենասներ» չունեն, մասնավոր ընկերություններ են` թերթի վաճառքով և գովազդներով գոյատևող, ընդ որում` անգամ էլեկտրոնային տարբերակներում կա ցավակցական կամ շնորհավորանքների բնույթի գովազդ տեղադրելու ավանդույթ, որը շահութաբեր է: Այլ հարց է, որ թերթը տևական ժամանակ աշխատում է գովազդային ընկերության հետ, որը, ենթադրենք, խայտառակ որակի արտադրանք է թողարկել:
Նման դեպքում էթիկական հարց է առաջանում, և թերթը չի կարող իր եկամտի աղբյուրի արտադրանքը քննադատել: Անբարեխիղճ գովազդատուի հետ համագործակցությունը նաև անբարեխիղճ գովազդ արձակելու հող է նախապատրաստում: Այստեղ, բնականաբար, լրատվամիջոցը որոշակիորեն կորցնում է իր անկախությունը: Նման երևույթների մասին գրվում և խոսվում է մեզ մոտ:
– Գերմանիայում վերջին տարիներին լրագրողների նկատմամբ ի՞նչ պատրվակով են բռնություններ կիրառվել:
– Երկար տարիներ լինելով լրատվության ներկայացուցիչ` ես չեմ հիշում նման դեպք: 1962թ. այն ժամանակվա Պաշտպանության նախարարը «Der Spiegel» հանդեսում գրված Գերմանիայի իբր «անվտանգությանը» վերաբերող լուրի կապակցությամբ նախաձեռնեց կոշտ դիմադրություն: Նրա նախաձեռնությամբ Ոստիկանությունը գրավել էր թերթի խմբագրությունը, իսկ խմբագրին տեղափոխել էին բանտ: Այդ դեպքից հետո նախարարը խայտառակվեց, ընդհուպ` մինչ օրս` այդ դեպքի մասին խոսում են: Որևէ լրագրողի դեմ բռնության դեպք չի եղել այդ միջադեպից հետո: Հոդվածների հետ կապված բոլոր անհամաձայնությունները, ապատեղեկատվությունն ու մարդու արժանապատվությունը վիրավորելու հարցերը վիճարկվում են դատական ատյաններում, բայց ոչ երբեք` այլ մեթոդներով:
– Իդեալական պայմաններում են աշխատում տեղի լրատվամիջոցները:
– Այո, ի տարբերություն որոշ երկրների` իդեալական պայմաններ են (ծիծաղում է.- Լ.Ս.):