Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ դատելով Ադրբեջանի գործողություններից` Հայաստանը չունի «խաղաղության դաշնակից»
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում ողջունել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի որոշումը` մասնակցել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը: Կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով` Հայաստանի արտգործնախարարի ներկայությունն այդ արարողությանը կարևոր էր, չնայած այն փաստին, որ Թուրքիան դեռևս դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ կամ չի բացել Հայաստանի հետ սահմանը: 168.am-ի հետ զրույցում Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ դա Հայաստանի ԱԳՆ-ի կողմից հասուն դիվանագիտության դրսևորում էր:
Ռիչարդ Կիրակոսյանը նաև անդրադարձավ ղարաբաղյան խնդրին` ասելով, որ դատելով Ադրբեջանի գործողություններից` Հայաստանը չունի «խաղաղության դաշնակից»:
Ըստ նրա, Ադրբեջանը դեռևս ապրում է նախորդ պատերազմով, մինչդեռ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստվում են հաջորդ պատերազմին: «Մենք կարող ենք ասել, որ Ադրբեջանի գործողություններն ավելի հետ գցեցին բանակցային գործընթացը: Սա նաև ցույց տվեց, որ թշնամիներ ձեռք բերելու, ընկերներին կորցնելու և միջազգային հանրությանը զայրացնելու գործում Ադրբեջանին հավասարը չկա»,- նշեց քաղաքագետը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: