Ստեփան Սաֆարյան. Մոսկվային ձեռնտու էր այն, ինչ տեղի ունեցավ
Ադրբեջանը սխալ է ընկալել Ռուսաստանից եկող ազդանշանները` դիմելով օգոստոսյան արկածախնդրությանը: Նման եզրակացության է եկել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը`վերլուծելով ամռանը հայ-ադրբեջանական հակամարտության գոտում տեղի ունեցած իրադարձությունները:
Ըստ Սաֆարյանի` Ռուսաստանը, զենք վաճառելով Ադրբեջանին, «խաղ էր անում» նրա հետ: Մոսկվային ձեռնտու էր այն, ինչ տեղի ունեցավ, քանի որ նա գիտեր, որ իր քայլերը կարող են նման հետևանքներ ունենալ:
«2008 թ. օգոստոսի 8-ից հետո Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը մի առիթով հայտարարություն էր արել, թե Սահակաշվիլին սխալ է ընկալել այն ազդնշանները, որոնք եկել են Վաշինգտոնից: Հիմա նույն իրավիճակը Բաքվում է. Ադրբեջանը Մոսկվայի կողմից լուրջ սպառազինությունների վաճառքի փաստն ընկալեց` որպես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների թուլացման արդյունք և նաև որպես թույլտվություն կամ լուռ համաձայնություն, որ ինքը կարող է այդ զենքերն օգտագործել Հայաստանի դեմ: Ադրբեջանը ստուգում էր Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները և կարծեց, որ վերջ, Հայաստանը և Ռուսաստանը դավաճանել են միմյանց, այդ կապերը բավական թույլ են, և գնաց այդ արկածախնդրությանը»,- «Հայացք» ակումբում հրավիրված ասուլիսում ասաց Սաֆարյանը:
Իսկ ո՞րն էր այդ «արկածախնդրությանը» գնալու դրդապատճառը:
Ստեփան Սաֆարյանի բացատրություններն այս հարցի վերաբերյալ մի քանիսն են: Ադրբեջանը շտապում է, որ Հայաստանը չհայտնվի, այսպես ասած, ավելի պաշտպանված հովանոցի ներքո` Եվրասիական միության կազմի մեջ, քանի որ Ադրբեջանի ընկալմամբ` Եվրասիական միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը և նաև Լեռնային Ղարաբաղը կբարձրացնեն իրենց անվտանգության մակարդակը: Երկրորդը, այդ քայլով Բաքուն «շանտաժի ենթարկեց» նաև Արևմուտքին`Եվրամիությանը, Միացյալ Նահանգներին, որոնցից պահանջում է մի կողմ թողնել Մինսկի խմբի շրջանակներում քննարկվող հարցերը և առանձնացնել ու անհապաղ կատարել Լեռնային Ղարաբաղի մասին ՄԱԿ-ի հայտնի 4 բանաձևերը:
Վերլուծաբանի խոսքով` Ալիևն «անցել է ռուբիկոնն» ու հայտնվել արտաքին քաղաքական և նաև ներքաղաքական բարդ իրավիճակում, որը կարող է հանգեցնել նրա ռեժիմի տապալմանը:
«Արևմուտքի հայտարարություններից և դրան Ադրբեջանի արձագանքներից մենք տեսնում ենք, որ Ալիևն անցել է ռուբիկոնը, որի համար ստանում է նախազգուշական կրակոցներ իր ուղղությամբ,- նշեց Ստեփան Սաֆարյանը և ավելացրեց:- Այն, որ Ադրբեջանի ռազմական արկածախնդրություններն իսպառ կանխող քայլեր չեն արվել, կարծում եմ` դրա մասին երկու կարծիք չի կարող լինել: Անգամ Սոչիի հանդիպումից հետո վերջնական հայտարարություն չընդունելը կա´մ իսկապես բարդության պատճառով, կա´մ ճիշտ հակառակը` Ռուսաստանի ցանկությամբ, արդեն վկայում են, որ Ռուսաստանն ընդամենը հետաձգել և տրանֆորմացրել է այն անորոշությունները, որոնք կապված են մի հարցի հետ` արդյոք Ադրբեջանը կգնա՞ ռազմական խոշոր արկածախնդրության: Բաքվում հետօգոստոսյան ցնցումները ցույց են տալիս, որ Ալիևը շատ լավ գիտակցում է այս ամենն ու չի էլ թուլացնում լարվածությունը և շարունակում է հոխորտալ, վարժանքներ և այլն, և այլն: Բայց նաև կա մյուս խնդիրը`այնուամենայնիվ, ոչ միայն հայկական կողմը` իր պատասխան գործողություններով, այլ նաև Արևմուտքը Ալիևին հասկացնել է տալիս, որ նա այդ քայլերով մոտենում է իր իշխանության կորստին»: