Հակոբ Չաքրյան. «Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը ճիշտ քայլ է»

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությանը, ասաց, որ դա ճիշտ քայլ է, որովհետև ըստ նրա՝ հրաժարվելն ի նշան բողոքի պետք է լիներ: Ըստ նրա՝ սուսուփուս հրաժարվել՝ կնշանակեր Էրդողանի հայատյաց արտահայտության համար խռովել, իսկ քաղաքականության մեջ առհասարակ չեն խռովում. «Ոմանք ասում են, որ կարելի էր ավելի ցածր մակարդակով մասնակցել, այսինքն՝ փոխարտգործնախարարի կամ վարչության պետի: Առհասարակ նման միջոցառումներում մասնակիցները միմյանց հետ հանդիպելու, թեկուզ ոտքի վրա զրուցելու հնարավորություն են ունենում: Եթե Հայաստանը ավելի ցածր մակարդակով մասնակցեր, ապա հայկական պատվիրակությունն այնտեղ կմեկուսանար, որովհետև, ասենք, Ֆրանսիայի արտգործնախարարը չէր գա հայաստանի փոխարտգործնախարարի հետ զրուցեր: Այն ինչ իրենց թույլ են տալիս ԱՄՆ-ը կամ Պետքարտուղարությունը, Հայաստանն իրեն թույլ տալ չէր կարող»,- ասաց նա:

Թուրքագետը նաև հավելեց. «Եթե Հայաստանը ներկայանար ավելի բարձր մակարդակով, այսինքն՝ նախագահի, դա խիստ քննադատելի կլիներ: Նալբանդյանը չի գնում որևէ պայմանագիր ստորագրելու կամ պայմանավորվածություն ձեռք բերելու, այլ պետք է մասնակցի արարողությանը»:

Խոսելով Էրդողանին Հայաստան հրավիրելու Սերժ Սարգսյանի ցանկության մասին, ասաց, որ հրավիրելու դեպքում՝ ով էլ լինի Թուրքիայի նախագահը, չի գա Հայաստան. «Որպեսզի Թուրքիայի նախագահը մասնակցի նման միջոցառման՝ Թուրքիան նախ պետք է հրաժարվի իր ժխտողական քաղաքականությունից, հետո՝ թուրքական խորհրդարանը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որից հետո՝ նախագահի մակարդակով, գրավոր ներողություն պետք է խնդրի: Բայց քանի դեռ Թուրքիան նման մտադրություններ չունի, Թուրքիայի նախագահները ապրիլի 24-ին Հայաստան երբեք չեն գա»,-պարզաբանեց նա:

Թուրքագետը չի կարևորում՝ Թուրքիան կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ: Նա կարևորում է Միացյալ Նահանգների ճանաչելը, ինչը, նրա համոզմամբ՝ թափ կհաղորդի, որպեսզի հետո ճանաչեն Իսրայելը, Մեծ Բրիտանիան և մյուս երկրները:

168.am-ի այն հարցին, թե Աբդուլլահ Գյուլը կհիմնի իր սեփական կուսակցությունը, թե կանցնի ընդդիմադիր թև, թուրքագետը պատասխանեց. «Եթե կուսակցությունից դուրս մղված ծանր հրետանին համախմբվի Աբդուլլահ Գյուլի շուրջ, գուցե նոր կուսակցություն ստեղծվի: Բայց 2015թ. էրդողանի կուսակցությունը նորից կհաղթի: Գյուլը այն խարիզման չունի, որն ունի Էրդողանը»:

Իսկ այն հարցին, թե ինչ սպասելիքներ ուենանք Էրդողանի կառավարությունից և արդյոք նրա «հայանպաստ» ծրագրերը մեզ համար ակրող են ունենալ որևէ նշանակություն, նա պատասխանեց. «Թուրքիան առաջին հերթին պետք է հաղթահարի իր հայատյացությունը, եթ դա չի հաղթահարում, ապա այն մանր –մունր քայլերը որ անում է, ոչ մի նշանակություն չուեն մեզ համար: Օրինակ՝ խոնարհված եկեղեցիների վերանորոգումը թուրքական կառավարության նախաձեռնություն չէ, ուրիշ հարց է, որ եկեղեցիները վերանորոգելուց հետո տրամադրեն Պոլսի Հայոց Պատրիարքությանը: Բայց վերանորոգում են, դարձնում թուրքական թանգարան, իսկ տարվա մեջ ընդամենը մեկ օր թույլ են տալիս երկու ժամով պատարագ անցկացնել»:

Տեսանյութեր

Լրահոս