Բաժիններ՝

Կրթական համակարգի բևեռացումը հղի է լուրջ վտանգներով

Կրթական համակարգի հաջողության գրավականն այն է, երբ տեղի է ունենում դպրոցների և կրթական համակարգի համաչափ զարգացում, երբ թե մայրաքաղաքում և թե հեռավոր գյուղերում դպրոցները համաչափ են զարգանում:

Իսկ հանրային կրթական օջախներում համաչափ զարֆացումն ապահովելու համար անհրաժեշտ է ֆինանսավորման տարբերակված մոտեցում , այսինքն ՀՀ գյուղական համայնքներում դպրոցներին անհրաժեշտ է հատկացնել ավելի մեծ գումար, քան Երևանի դպրոցներին:

Մեդիա կենտրոնի նախաձեռնած ՝ «Հանրակրթությունից անցում բուհական կրթության. առկա խնդիրներ», թեմայով մամլո ասուլիսին ԵՊՀ դոցենտ, բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանը և ԵՊՀ դոցենտ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նախ ներկայացրեցին անկախության տարիներին կրթության համակարգում իրականացված բարեփոխումները, ապա անդրադարձան հիմնական խնդիրներին: Սերոբ Խաչատրյանի գնահատմամբ կրթական բարեփոխումների մեկնարկից անցել է մոտ 17 տարի և արդեն ժամանակն է խոսելու թե ինչ արդյունքի ենք հասել:

Հանրակրթության համաչափ զարգացումը՝ անհրաժեշտ պայման

«Ֆինլանդիայի, Կանադայի կամ Էստոնիայի փորձն ապացուցում է, որ երկիրը կարող է զարգանալ միայն համաչափ կրթության դեպքում», – նշեց ԵՊՀ դոցենտ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Ըստ փորձագետի` Հայաստանում հասարակությունը բևեռացված է, ինչը նկատվում է հանրակրթության ոլորտում: Ֆինլանդիայի կրթական համակարգի հաջողության գրավականն է դպրոցների համաչափ զարգացումը: Այսինքն մայրաքաղաքից հեռուբնակավայրերի դպրոցներին շատ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել: Ըստ Սերոբ Խաչատրյանի այսօր հայաստանում փորձում են կիրառել հետևյալ մոդելը՝ ներդրում կատարել հասարակության 20% համար՝ ապահովելով բարձրորակ կրթություն, ովքեր մնացած 80%-ին կտանեն իրենց հետևից: Սակայն անգամ 20 տոկոս լավագույն կրթություն ստացախ երկտասարդների միջոցով հնարավոր չէ լիարժեք զարգացում ապահովել: Այսինքն «շատ կարևոր է կրթության համաչափ զարգացումը»:

Սերոբ Խաչատրյանի գնահատմամբ` գյուղական համայնքներում քիչ աշակերտ ունեցող 3-4 դպրոցների միավորումը մեկ դպրոցի մեջ կարող է ստեղծել լավ ներուժ ունեցող կրթական հաստատություն, սակայն մինչև միավորումը պետք է հաշվի առնել ենթակառուցվածքների առկայությունը տվյալ շրջանում:

Ասուլիսի մյուս մասնակից ԵՊՀ դոցենտ Սամվել Կարաբեկյանն առանձնացրեց հանրակրթության ոլորտում առկա 2 կարևոր խնդիր, որոնք առնչվում են գիտելիքների գնահատման ու մասնագիտական կողմորոշման համակարգերին:

«Հիմա դիմորդը դիմում է բուհ, ընտրում մասնագիտությունն ու հետո անցնում է իր շեմային գիտելիքի գնահատումը, մինչդեռ սա տրամաբանական չէ. գիտելիքների գնահատումը պետք է նախորդի մասնագիտություն ընտրելուն», – հայտարարեց Սամվել Կարաբեկյանը:

ԵՊՀ դոցենտի կարծիքով` ավագ դպրոցի ինստիտուտը դեռ չի կայացել Հայաաստանում, սակայն դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել համակարգից` լուծումներ փնտրելու փոխարեն:

Սովորեցնենք սովորել

«12-ամյա հանրային կրթությունը չլուծեց ուսումնական նյութերի բեռնաթափման խնդիրը», – նշեց Սերոբ Խաչատրյանը:

Ըստ փորձագետի` Հայաստանում կրթությունը չպետք է լինի արարողակարգային` դառնալով միայն գեղեցիկ միջոցառումների ամբողջություն:

«Մենք երեխաներին չենք սովորեցնում մտածել: Եթե երեխան չի մտածում, դպրոցի գիտելիքներն ինֆորմացիոն աղմուկ են միայն», – վստահ է Սերոբ Խաչատրյանը:

Փորձագետը եզրափակեց իր խոսքը` նշելով, որ այժմ գիտելիքն անվճար է, և ուսումնական հաստատությունների գլխավոր խնդիրը պետք է լինի ոչ միայն գիտելիք փոխանցելն, այլ նախևառաջ սովորելու ցանկությունը զարգացնելը: Սամվել Կարաբեկյանի բնորոշմամբ էլ՝ դպրոցում պետք է, «ոչ միայն մտածել, այլ նաև սովորել սովորեցնենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս