Բաժիններ՝

Գերմանիայի պասիվ արտաքին քաղաքականության երկու պատճառները. The Wall Street Journal

Օգոստոսի 14-ին ամերիկյան The Wall Street Journal պարբերականում հրապարակվել է Բեռտրան Բենուայի «Միջազգային հարցերում Գերմանիայի մասնակցությունը միայն թեթև շոշափումներ են» խորագրով հոդվածը, որում հեղինակը գալիս է այն եզրակացության, որ Գերմանիան ոչ բավականաչափ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում իր նացիստական անցյալի ու ընդարձակ առևտրային կապերի պատճառով.

«Ուկրաինայի ճգնաժամի սկսվելուց հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրուցել է ավելի քան 30 անգամ` ավելի շատ, քան արևմտյան մեկ այլ առաջնորդ:

Բեռլինը ղեկավարում է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի հանդեպ Եվրոպայի դիվանագիտական արձագանքը, սակայն այդ նախաձեռնությունն ավելի շուտ բացառություն է:

Վերջին 3 տարում Գերմանիային կոչ են արել սեփական տնտեսական հզորությունը լրացնել վճռական ու պատասխանատու արտաքին քաղաքականությամբ: 2011 թվականին Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ իրեն ավելի քիչ է վախեցնում «Գերմանիայի հզորությունը», քան` նրա «անգործությունը»:

Այդ ֆոնին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի նկատմամբ Մերկելի կուրսը հազվադեպ դեպք է, երբ Բեռլինը, դեմ դուրս գալով երկչոտ հասարակության ու անբարեհաճ տրամադրված բիզնեսին, պաշտպանում է Եվրոպայի ու Արևմուտքի շահերը:

Միևնույն ժամանակ Գերմանիան այս շաբաթ վերադարձավ նախկին մոտեցմանը: Եթե Ֆրանսիան հայտարարեց, որ Իրաքի քրդերին մատակարելու է զենք, որպեսզի նրանք դիմակայեն «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին, ապա Բեռլինը նախընտրեց մարդասիրական օգնությունը:

Դրա պատճառն ընտրազանգվածի կարծիքն է. հինգշաբթի անցկացված սոցհարցումը ցույց էր տվել, որ հարցվածների 71 տոկոսը դեմ է Իրաքի քրդերին զենք մատակարարելուն (միայն 19 տոկոսն է կողմ դրան): Նացիստների գազանությունները խորը կնիք են թողել գերմանացիների հավաքական գիտակցության մեջ:

Carnegie Europe-ի ղեկավար Յան Տեխաուն պարզաբանում է. «Խնդիրն այն է, որ ճգնաժամերի հաղթահարումը հաճախ ենթադրում է բարոյական տեսանկյունից ոչ միանշանակ գործողություններ: Բնազդը (գերմանացիներին) թելադրում է չմիջամտել»:

Ակտիվ արտաքին քաղաքականության դեմ մյուս փաստարկը կապված է Գերմանիայի տնտեսական մոդելի հետ, որ Գերմանիան խոշորագույն արտահանողներից մեկն է: Թեև Գերմանիայում է բնակվում աշխարհի բնակչության 1.2 տոկոսը, այդ երկիրը նախորդ տարի ապրանքների արտահանմամբ զիջում էր միայն Չինաստանին և գերազանցում էր անգամ ԱՄՆ-ին` համաձայն Deloitte-ի:

2003-2008 թվականներին Գերմանիան առաջին տեղում էր: Գերմանիան զբաղվում է միջազգային կայունությամբ: Նա վախենում է վեճերի ժամանակ անցնել ինչ-որ մեկի կողմը, չի ցանկանում իրենից հեռացնել պոտենցիալ գնորդներին:

Գերմանական բիզնեսը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենաակտիվ հակառակորդն է: Մենեջերները զրույցների ժամանակ պարզաբանում են, որ իրենց մտավախությունները հիմնականում կապված են նրա հետ, որ Չինաստանը` Գերմանիայի համար արտահանման 5-րդ խոշոր շուկան, հանդես կգա Կրեմլի կողմից:

Սակայն Բեռլինը մշտապես չէ, որ հեռու է մնում արտաքին քաղաքական իրադարձություններից: Կանցլեր Անգելա Մերկելը Բալկաններում 2011 թվականին օգնեց թուլացնել Սերբիայի ու Կոսովոյի միջև առաջացած լարվածությունը: 1990 թվականից Գերմանիան 44 ռազմական ծավալում է իրականացրել արտերկրում:

Եվ այնուամենայնիվ, Եվրոպայի սահմաններից դուրս նա հաճախ է նահանջել այնպես, որ պարոն Տեխաուն դա որակում է որպես «շահադիտական պասիվություն»: 2011 թվականին Գերմանիան ՄԱԿ-ում ձեռնպահ մնաց Լիբիայում ոչ թռիչքային գոտի ձևավորելու օգտին քվեարկելուց: Ամիսներ պահանջվեցին նրա համար, որ Փարիզի կողմից լոբբինգից հետո Բեռլինն այս տարի համաձայնվեց աջակցել Մալիում ֆրանսիական առաքելությանը:

Անգամ Ուկրաինայում, ուր Մերկելն ու Շտայնմայերը քաղաքական մեծ կապիտալ են ներդրել ճգնաժամի հաղթահարման մեջ, նրանք ի սկզբանե երկրի ներսում բախվել են ուժգին մտավախությունների: Շատ պաշտոնյաներ այստեղ դեռ կասկածով են վերաբերվում կիևյան կառավարությանը, ինչպես նաև չեն հավատում, որ պատժամիջոցները Պուտինին կհարկադրեն «խելքի գալ»:

Շատ փորձագետներ կարծում են, որ Բեռլինն աստիճանաբար կակտիվանա և կմիանա ավելի հեռավոր կամ կատաղի հակամարտությունների կարգավորմանն ուղղված հավաքական ջանքերին: Ավելի ինքնավստահ Գերմանիայի կողմնակիցներն անհամբերությամբ սպասում են ներկայիս գործընթացի ավարտին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս