Արմեն Պողոսյան. «Եթե մենք այդ մեկից 100 հազար դրամ տուգանենք, դրանից ի՞նչ օգուտ կստանա հայկական թռչնաբուծությունը»
Օգոստոսի 15-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով արտադրված կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակների փաստի քրեական գործի նյութի նախապատրաստման շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ունեցել է մասնագիտական մասնակցություն՝ արտադրական տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի և պահման պայմանների հետ կապված:
168.am-ի հետ զրույցում մանկապարտեզներին փչացած հավի միս մատակարարելու վերաբերյալ Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, թե չէր ցանկանա, որպեսզի պատիժ իրականացվեր արտադրողի նկատմամբ, քանի որ՝ «հնարավոր է, որ այդ արտադրանքը հասել է պատվիրողին, բայց ճանապարհին է վատը դարձել».
«Եթե մենք այդ մեկին պատժենք՝ 100 հազար դրամ տուգանենք, դրանից ի՞նչ օգուտ կստանա հայկական թռչնաբուծությունը: Ընդամենը մեկ թռչնարտադրող պակաս կլինի. այդ մեկը կսնանկանա և դուրս կթռնի: Ի՞նչ շահեց ազգը»:
Հիշեցնենք, որ ՍԱՊԾ պետի հրամանով այժմ «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» ՍՊԸ-ում իրականացվում է ստուգում: Ստուգման ընթացքում իրականացվել է նմուշառում, և նմուշը տրվել է փորձաքննության: Ստուգման ավարտից հետո ՍԱՊԾ-ն կհրապարակի փորձաքննության արդյունքները:
Ընդհանրապես, վերջերս շատացել են ահազանգերը տարբեր սննդատեսակների՝ պանրի, հավի մսի և այլնի ոչ պիտանի լինելու վերաբերյալ: Մեր հարցին, թե քաղաքացին ինչպե՞ս պետք է վարվի, արդյոք այսուհետ պետք է հրաժարվի՞ այդ ամենից, Ա. Պողոսյանը պատասխանեց.
«Պարզապես, մարդիկ պետք է չզլանան ստուգել, նոր՝ գնել: Եթե դու սնունդ ես գնում, մեծ դժվարություն չէ նայել դրա պիտանության ժամկետին: Դա քո և քո երեխաների առողջության հարցն է: Իսկ երբ տեսնում են, որ ժամկետը չկա կամ հին է, պետք է զանգեն Սննդամթերքի անվտանգության պետական տեսչություն, կամ մեզ՝ Սպառողների ասոցիացիա»:
Նա առաջարկում է, որ կառավարությունն իր ուշադրությունը սևեռի մեկ այլ, իր կարծիքով՝ ավելի հրատապ խնդրի վրա՝ թռչնաբուծության զարգացման: Արմեն Պողոսյանը պնդում է, որ Հայաստանում թռչնաբուծության ճյուղը կործանվում է:
«Տնտեսական կառավարման կառույցների շահագրգիռ մոտեցումը չկա այս ճյուղի նկատմամբ: Թռչնաբուծական մեծ ձեռնարկությունների ղեկավարները ինձ բողոքել են, որ մենք գումարներ ենք ծախսում, մասնավորապես՝ կեր գնելու համար: Կեր չկա Հայաստանում. պետք է եգիպտացորեն աճեցնեն, չեն աճեցնում: Եգիպտացորենը ի՞նչ է, որ մարդիկ ներկրեն»,- ասաց Ա. Պողոսյանը: