«Պետությունը մեր հայ լինելը շատ լավ գիտի և պետական որևէ պաշտոն մեզ չեն հատկացնում». իսլամացած հայ
Իսլամացած հայերի և նրանց խնդիրների մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին խոսեցին Արեւմտահայոց ազգային համագումարի ազգային խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, իսլամացած հայերի խնդիրներով զբաղվող Անուշ Ասատուրը և Տիգրանակերտից ժամանած, իսլամացած հայ Օհանես (Գաֆուր) Օհանյանը:
Արագած Ախոյանն ասաց, որ վերջին տարիներին նկատվում է «ձնհալ», ինչը քեմալական վարչակարգի օրոք անհնար էր. «Նույնիսկ մի քանի տարի առաջ ինչ-որ ծրագրեր կազմակերպելու կամ գաղափարներ տարածելու դեպքում՝ անմիջապես ճաղերի հետևում կհայտնվեիր, բայց հիմա վիճակը մի փոքր խաղաղվել է: Այս ամբողջ ներկապնակում ամենաարտահյտված ծպտյալ հայությունը Դիարբեքիրում է ապրում: Նրանց ակտիվությունը պայմանավորված է տեղական ինքնակառավարման մարմինների՝ դեպի հայ ազգը ունեցած վերաբերմունքով և բազմաթիվ աշխատանքների կատարմամբ, օրինակ՝ մի քանի տարի առաջ Դիարբեքիրում տեղի ունեցած Սուրբ Կիրակոս եկեղեցու բացման արարողությունը, հայկական կիրակնօրյա դպրոցների բացումը ու գրքերի հրատարակումը և այլն:
Նույնիսկ առաջարկ եղավ մշակույթի կենտրոն ստեղծել Դիարբեքիրում, որը լավագույն միջոցն է հայությանը իրար մոտեցնելու: Իհարկե, դեռ կան բավականին լուրջ խնդիրներ, չի կարելի ասել, որ բոլոր վտանգները, որոնք որ ստիպել են մեր հայրենակիցներին կրոնափոխ լինել կամ իրենց ինքնությունը գաղտնի պահել, վերացած են, որովհետև դեռ հրաբուխը հանգած չէ, ուղղակի հանգիստ փուլում է, բայց ինչ-որ տեղաշարժ կա, որը շատ զգուշորեն, շատ համահունչ այդ երկրի վարած այսօրվա քաղաքականությանը՝ պետք է կարողանանք առաջ տանել»:
Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանն ասաց, որ այս այցելությունը «Արի տուն» ծրագրի շրջանակներում է կազմակերպվել և պարզաբանեց, թե ինչու են ծրագրում ընդգրկել իսլամացած հայերին՝ հաշվի չառնելով տարիքայի շեմը. «Սփյուռքի նախարարությունը նախաձեռնում է համաժողովներ, գիտաժողովներ, և նախարարի նախաձեռնությամբ գումարվեց իսլամացած կամ ծպտյալ հայերին նվիրված համագումար և պարզվեց, որ հանրապետությունում կան էնտուզիաստներ, հայրենասերներ, որոնք առանց որևէ մեկի օգնության շատ անգամ եղել են Արևմտյան Հայաստանում և գտել մարդկանց, որոնք գաղտնի եկել ու խոստովանել էին, որ իրենք հայեր են, գիտեն իրենց հայկական ծագումը, շատերը տանը նույնիսկ քրիստոնեկան ծիսակարգն են պահել, բայց վախենում են այդ մասին արտահայտվել: Եվ միտք հղացավ հրավիրել այն տարածաշրջանից հայեր, որոնք անհամեմատ ավելի ազատ են եղել թուրքական բռնապետության ճնշումներից, ավելի ազատ մտածողություն ունեն և շատ անգամ ըմբոստացել են իրենց ազգային իրավունքները ոտնահարելիս: Դա պատմական Տիգրանակերտ քաղաքն էր, որը հիմա Դիարբեքիր է կոչվում, որտեղ և՛ քաղաքապետը շատ անգամ հակադրվել էր թուրքական քաղաքական իշխանություններին, և՛ մշակույթի ներկայացուցիչները: Մենք չէինք հավատում ,որ Դիարբեքիրից կունենանք նման արձագանք:
Շատ լավ հասկանալով, որ 13-18 տարեկան պատանիներին չեն վստահի ծնողները, որովհետև քչերն են եղել Հայաստանում, մենք որոշեցինք վերացնել տարիքային սահմանափակումը: Բոլորի մոտ գենետիկ հիշողությունը ավելի բարձր էր, քան կարելի էր պատկերացնել և արդյունքը սպասվածից ավելի բարձր եղավ: Մի մասը նույնիսկ մկրտվեց այստեղ»:
Փոխնախարարին անհանգստացնում է քրիստոնյա հայերի վերաբերմունքը իսլամացած հայերի նկատմամբ. «Ես չեմ հասկանում, թե ինչ տարբերություն կա իսլամացած հայի (որին պարտադրել են իսլամը, նա չի ցանկացել ընդունել) և այն հայի միջև, որն Առաքելական եկեղեցու հետևորդ է: Ճակատագրով նրանք ավելի ողբերգական կյանք են ապրել, քան թե մենք, և պարտավոր ենք նրանց ընդունել իբրև հայի: Նրանց թիվը թուրքական իշխանությունների կողմից նշվում է 2-4.5 միլիոն, բայց իրենց մեջ կան հետազոտողներ, որոնք հստակորեն պնդում են, որ ծպտյալ և իսլամացած հայերի թիվը հասնում է մինչև 8 միլիոն: Իսլամացած հայերն ունենում են այնքան երեխա, ինչքան ունենում են թուրքերը կամ քրդերը, այսինքն՝ նույն աճման տեմպն է, եթե փրկվել է մոտ 5-6 հարյուր հազար մարդ, ապա թիվը դառնում է 7-8 միլիոն:
Իսլամացած հայերի խնդիրը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի և անհրաժեշտ է նրանց հետ հաստատել մշակութային կապեր, անհրաժեշտ է դարձ դեպի սեփական արմատները»:
168.am-ի այն հարցերին, թե ինչպես են վարվում իսլամացած հայերի հետ թուրքերը, արդյոք նրանց հնարավորություն տալիս են պետական պաշտոններ զբաղեցնել և ինչ սպասելիքներ կան Էրդողանի կառավարությունից՝ իսլամացած հայ Օհանես Օհանյանը պատասխանեց. «99 տարի է , որ կա մի իրականություն՝ պետությունը մեր հայ լինելը շատ լավ գիտի և պետական որևէ պաշտոն մեզ չեն հատկացնում, նույնիսկ այն մարդկանց, ովքեր ունեն քաղաքագետի մասնագիտություն: Հայաստանի և Թուրքիայի միջև համաձայնագիր էր ստորագրվել սահմանի բացման համար, որը Աբդուլլահ Գյուլի միջոցառումներով էր եղել, բայց մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի սահմանը պիտի չբացվի: Հնարավոր է՝ 2015-ի Ցեղասպանության հարյուրամյակի արագացված գործողությունները մի փոքր մեղմացնելու համար ցավակցական հայտարարություն արվեց Էրդողանի, բայց նրանից էլ որևէ հույս չունենք»: