Ստեփան Աստուրյան. «Ռուսաստանն Արևմուտքին հիշեցնելու է իր տեղը»

168.am-ի հարցազրույցը Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ստեփան Աստուրյանի հետ

– Պարոն Աստուրյան, ի՞նչ սպասելիքներ ունեք Սարգսյան-Ալիև հանդիպումից:

– Մեծ սպասելիքներ չունեմ, բացի շփման գծում վիճակի կայունացմանն առնչվող որոշ խոստումներից: Այս հանդիպման ընթացքում թերևս Հայաստանից պահանջվելու է ընդունել ռուսական զորքերի տեղակայումը՝ Ղարաբաղի և նրա մերձակա շրջանների սահմանների վրա: Գուցե նաև առաջարկվելու է որոշ շրջաններից ղարաբաղյան ուժերի քաշվելու տարբերակը՝ ադրբեջանական կողմից որոշ զիջումի փոխարեն: Ռուսաստանի նվազագույն շահն այս հանդիպումից լինելու է իր բացահայտ գերակայության վերահաստատումը՝ Ղարաբաղի հարցի լուծման մեջ: Այս հանդիպումը նաև կանխելու է Ֆրանսիայի նախագահ Օլանդի կողմից առաջարկված նույնանման մեկ այլ հանդիպում: Մի խոսքով՝ Ռուսաստանը Արևմուտքին հիշեցնելու է իր տեղը:

– Իսկ միջազգային այլ ուժեր շփման գծում վիճակը հանդարտեցնելու առումով դեր կարո՞ղ են ունենալ:

Կարդացեք նաև

-Բնականաբար նրանց ծածուկ գործունեությանը ծանոթ չեմ: Այն, ինչ երևում է դրսից, այն է, որ ոչ մի ուժի այսօր այնտեղ պատերազմ պետք չէ: Հետևաբար պիտի ենթադրել, որ բոլորը հստակ նշաններ են ուղարկել Հայաստանին և Ադրբեջանին: Այդպիսի պատերազմի արդյունքներն անկանխատեսելի հետևանքներ կարող են ունենալ թե՛ միջազգային, թե՛ տարածաշրջանային առումով: Պետք չէ անտեսել այն իրողությունը, որ թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը և թե՛ Թուրքիան Ղարաբաղի հարցի հետ կապված շահեր ունեն: Պետք է հիշել նաև, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Իրանը և հավանաբար ո՛չ էլ Թուրքիան չեն ցանկանում ռուս խաղաղապահ զորքեր տեսնել այդ գծում: Ընդհանուր առմամբ, միջազգային ուժերը նույնանման շահեր չէ, որ հետապնդում են, մի հանգամանք, որը մասամբ զսպիչ դերակատարություն կունենա լայնածավալ պատերազմ սկսելու առնչությամբ:

– Այսինքն պատերազմի հավանականությունը բացառո՞ւմ եք:

– Ոչինչ չեմ բացառում: Այս առումով երկու հնարավորություն կա.
ա. Եթե քաղաքական եւ զինվորական ղեկավարությունը գործի սառնասիրտ տրամաբանությամբ, ապա լայնածավալ պատերազմն անհավանական է:
բ. Պատմությունը, սակայն, ցույց է տալիս, որ որոշ ղեկավարներ, ելնելով մոլուցքից եւ սխալ հաշվարկներից, կատարել են այն, ինչ առաջին հայացքից անհավանական է թվացել, այսինքն՝ պատերազմ են հռչակել:

Այնպես, որ չի բացառվում, որ անհավանականը կարող է ցանկացած պահի հավանական դառնալ: Ի վերջո, չմոռանանք, որ Եւրոպայի ամենափայլուն քաղաքական եւ ռազմական դեմքերը 1914-ին հավատացած էին, թե Առաջին համաշխարհային պատերազմը երեք-չորս շաբաթից ավելի չի տևելու: Այդպիսի հաշվարկների ահավոր հետևանքներին բոլորս ենք ծանոթ:

Այնպես որ, պետք է նկատի ունենալ վերոնշյալ իրողությունները՝ չվստահել տրամաբանական հաշվարկներին, այլ հետևել լատինական ասացվածքին և այն չմոռանալ ոչ մի վայրկյան. «Si vis pacem, para bellum»` «Եթե խաղաղություն ես ուզում՝ պատրաստ եղիր պատերազմի»:

– Ամեն դեպքում ինչո՞վ եք բացատրում շփման գծում վիճակի սրացումը:

– Վերջին օրերի ընթացքում հայաստանյան և այլ կայքէջերի վրա ռազմական վիճակի սրման պատճառների մասին բազմաթիվ բացատրություններ են տրվել: Իրականում այդ բոլոր բացատրությունները ենթադրություններ են: Շատ հավանական է, որ միայն Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը կարող է ճշգրիտ բացատրություններ տալ այս հարցին շուրջ:

Իմ կարծիքն այն է, որ մեկ տարուց ավելի ադրբեջանական սադրիչ զինվորական գործունեությունը (որ իրականում հոգեբանական պատերազմ էր) արժանի պատասխան ստացավ: Այդ սադրիչ գործողությունները եւ հատկապես նրանց վերջին զարգացումները շատ նպատակներ կարող էին հետապնդել, որոնցից են.

ա. Արհեստականորեն տագնապի մթնոլորտ ստեղծել Ղարաբաղի հարցի լուծման ստիպողականության շուրջ:

 

բ.  Արևմուտքի և միջազգային կարծիքի ուշադրությունը շեղել տալ նախագահ Իլհամ Ալիևի ամբողջատիրական ներքին քաղաքականությունից: Օրինակները շատ են՝ նշեմ խոսքի ազատության կատարյալ արգելումը երկրում, լրագրողների բանտարկությունը, մարդու իրավունքների պաշտպանների դեմ ամբաստանությունները իբրև Հայաստանի լրտեսներ:

գ. Քաջալերել ռուսական միջամտությունը՝ խրախուսելով Ռուսաստանի մերձեցման ճիգերն Ադրբեջանի հետ (ռուսական կողմից զենքի վաճառք, Եվրասիական ծրագրերին միանալու նուրբ առաջարկ եւ այլն):

դ. Ադրբեջանի պաշտպանության նոր նախարարի ինքնահաստատվելու ցանկությունները:

ե. Շարունակել Ադրբեջանի բնակչության ուշադրությունը շեղել իր դիմագրաված հիմնական դժվարություններից:

զ. Օգտագործել Ուկրանիայի տագնապը եւ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ առկա լարվածությունը եւ ազդարարել Եվրոպային, որ Ղարաբաղյան հարցի շուրջ սրման վիճակը կարող է վտանգ ներկայացնել ադրբեջանական նավթի և գազի դեպի Եվրոպա արտահանման համար:

է. Ռուսական խաղաղապահ զորքեր ամրակայել Ղարաբաղի և նրա շուրջ գտնվող սահմանների վրա: Ի դեպ, այս առումով բազմաթիվ հակահայկական ելույթներ եմ նկատում ռուսական հայտնի կայքերում՝ ռուս հանրային կարծիք մշակող «մասնագետների» կողմից, ինչպես նաև՝ ադրբեջանական կայքերի վրա:

… Գալով եզրակացության՝ կարծում եմ, որ շփման գծում տեղի ունեցած վերջին դեպքերն առաջինը մտածելու տեղիք տվին Ադրբեջանի ղեկավարին. նա պետք է մեկ անգամ ևս վերատեսության ենթարկի իր այն արտահայտությունները, ըստ որոնց՝ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի ճզմել Հայաստանին ու Ղարաբաղին. նա համոզվեց, որ իր խոսքերն իրականությանը չեն համապատասխանում:

 

Տեսանյութեր

Լրահոս