Կաթողիկոսը պետք է գնար Լեռնային Ղարաբաղ և Պարգև սրբազանի հետ լիներ Մարտակերտում. Գագիկ Համբարյան

«ՀԱՊԿ անդամ մահմեդական Ղազախստանը, կամ Բելառուսի  նախագահը, որը շատ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի նախագահի հետ, կպաշտպանե՞ն Հայաստանի շահերը. բացարձակ»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ ասելով` Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, նամակ ուղղելով Ադրբեջանի հոգևոր առաջնորդին, հեգնանքի արժանացավ ադրբեջանցիների կողմից. «Արժե՞ր արդյոք այդ նամակը գրել… Միևնույն է չէինք գնահատվի, առավել ևս ալլահշուքյուր փաշազադնիցաների կողմից, որը երբևէ չի թաքցրել, որ հայ ժողովրդին համարում է ԹՇՆԱՄԻ և չգիտես ինչու՝ ԴԱՎԱՃԱՆ»,- գրել էր քաղաքագետը:

168.am-ը հետաքրքրվեց Գ. Համաբարյանից, թե այդ դեպքում ի՞նչ պետք է աներ Ամենայն Հայոց Կաթղիկոսը. «Շատ ճիշտ քայլ կլիներ, որ երկրի առաջին դեմքերը՝ ասենք վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, գնային առաջատար դիրքեր: Կաթողիկոսը գնար Լեռնային Ղարաբաղ և Պարգև սրբազանի հետ լիներ Մարտակերտում, Աղդամի շրջանում, որտեղ մենք ունեցել ենք զոհեր, ու քաջալերեր մեր զինվորներին, որ նրանք պայքարում են իրենց հայրենիքի և Քրիստոսի խաչի համար»:

Այս օրերին միջազգային տարբեր կառույցներ խաղաղություն կոչ անող հայտարարություններով հանդես եկան, սակայն դրանք կարծես չազդեցին հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարված իրավիճակի վրա: Խոսելով այս մասին՝ քաղաքագետն ասաց, որ բոլոր խելացի մարդիկ, քաղաքագետները, պատմաբանները, դիվանագետները, շատ լավ հասկանում են, որ պատերազմի վերսկսումը բացարձակ ձեռնտու չէ հայկական կողմին, և, ընդհանարապես, հրադադարի խախտումը ևս մեզ ձեռնտու չէ, որովհետև 1994թ. մայիսի 12-ից հետո մենք հաղթանակած կողմ ենք. «Ու այն, ինչ ունենք այս պահին, մեզ լիովին բավարարում է: Միակ կողմը, որը դժգոհ է այն ստատուս-քվոից, որը հաստատվել է ուղիղ 20 տարի առաջ, Ադրբեջանի պետությունն է:

Միջազգային հանրություն կոչվածը (ի դեմս՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության) ուզում է պահպանել բարի դերը կողմերի միջև, չեն ուզում վատ ու լավ լինել ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմերի համար, ու  միշտ այդպիսի լղոզված հայտարարություններով են հանդես գալիս, որից էլ օգտվում է Ադրբեջանական կողմը, որովհետև խախտողն ինքն է, բայց խաղաղության կոչերով նաև մեզ են դիմում»:

Խոսելով օգոստոսի 8-ին և 9-ին Սոչիում ՌԴ նախագահի հետ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից ունեցած իր ակնկալիքներից՝ Գ. Համբարյանն ասաց. «Վլադիմիր Պուտինը միշտ էլ հայտարարել է, որ հարավային կովկասը Ռուսաստանի դաշնության համար կարևորագույն տարածաշրջան է, նա ունի իր ստրատեգիական և ռազմավարական շահերը: Նա նաև միակ պետությունն է, որ տարածաշրջանում ունի ռազմաբազա, և, ինքնըստինքյան, այս բանակցություններից առաջ արդեն ռուսական մամուլում շոշափվող խաղաղարար ուժերի տեղաբաշխումը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գոտում ցույց է տալիս, թե ինչով է հանդես գալու Վլադիմիր Պուտինը:

Ես սպասելիքներ շատ քիչ ունեմ, նույնիսկ կասեմ, որ բացարձակ չունեմ, որովհետև Ադրբեջանը ինչպես հիմա, այնպես էլ ապագայում կշարունակի խախտել զինադադարը, բայց այստեղ խնդիրն այն է, թե այդ զինադադարի խախտումն ի՞նչ մասշտաբով կլինի: Հուսով եմ, որ ավելի կմեղմանա»:

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին աջակցության համար այս լարված իրավիճակում, քաղաքագետն այսպես պատասխանեց. «Ես, ընդհանրապես, ՀԱՊԿ-ն համարում եմ փուչիկ կազմակերպություն: Այս դեպքերից հետո ևս մեկ անգամ ես իմ մեջ համոզվեցի, որ ՀԱՊԿ-ն գոյություն չունեցող կազմակերպություն է, որովհետև ՀԱՊԿ անդամներից Հայաստանը երևի միայն բարիդրացիական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Դուք մտածում եք, որ ՀԱՊԿ անդամ մահմեդական Ղազախստանը (որի նախագահ Նազարբաևը իր վրա վերցրեց Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարի մամուլի խոսնակի դերը և աջ ու ձախ նրա նամակներն էր ընթերցում), կամ Բելառուսի  նախագահը (որը շատ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի նախագահի հետ) կպաշտպանե՞ն Հայաստանի շահերը. բացարձակ: Ես ի սկզբանե համարել եմ, որ Հայաստանն ընդհանրապես չպետք է դառնա որևիցե կազմակերպության անդամ՝ ոչ Ռուսաստանի կողմից ձևավորված, ոչ Եվրամիության կողմից ձևավորված»:

Անի Քեշիշյան

Տեսանյութեր

Լրահոս