«Կապույտ մզկիթի» գունագեղ ճակատագիրը

Երևանի տեսարժան վայրերից մեկը՝ «Կապույտ մզկիթը», շատերին է հայտնի՝ որպես մուսուլմանական աղոթատուն. չկա մեկը, ով նկատած չլինի Մաշտոցի պողոտայում գտնվող այս գույնզգույն շինությունը, որն անմիջապես գրավում է քաղաքացիների ուշադրությունը: Բայց նրա դարավոր պատմությանը ոչ բոլորն են տեղյակ, և շատերը չգիտեն, որ Եղիշե Չարենցի շնորհիվ է, որ այսօրվա իրանցին կարող է գալ այստեղ և ամենօրյա աղոթքով երկխոսել իր Աստծո՝ Ալլահի հետ: Խորհրդային կարգերի օրոք, երբ Հայաստանում ավերվում էին բոլոր պարսկական կառույցները, արմատներով պարսկահայ Չարենցին միայն հաջողվեց փրկել այսօրվա միակ մզկիթը, որը դարձավ բազմաթիվ իրանցիների ու զբոսաշրջիկների այցելության վայրը:

Նախախորհրդային տարիների Երևանում եղել է 9 մզկիթ, որոնցից պահպանվել է միայն մեկը՝ «Կապույտ մզկիթը», որն այսօր մեր երկրի միակ մուսուլմանական աղոթատունն է: Մինչ Հայաստանի համար շատ կարևոր՝ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագիրը, երբ Հայաստանը գտնվում էր Պարսկաստանի տիրապետության տակ, Հայաստանում կառուցվում էին պարսկական շատ ու շատ շինություններ, որոնցից մեկն էլ «Կապույտ մզկիթն» էր, որը կառուցվել է 1765 թվականին, Հուսեյն Ալի Խանի պատվերով: Ռուս-պարսկական պատերազմներից հետո ավերվեցին բոլոր 8 մզկիթները, ու միայն «Կապույտ մզկիթը» փրկվեց և վերածվեց Երևանի պատմության թանգարանի, ու մինչև Հայաստանի անկախացումը՝ շուրջ 70 տարի, այս վայրը թանգարան է եղել: Հայաստանի ազատագրումից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունն անմիջապես պայմանագրով դիմում է Հայաստանի Հանրապետությանը, և մզկիթը որպես աղոթավայր՝ հանձնվում է Իրանին:

kapuyt-mzkitt (14) kapuyt-mzkitt (11) kapuyt-mzkitt (12) kapuyt-mzkitt (10) kapuyt-mzkitt (8) kapuyt-mzkitt (7)

Մզկիթն այսօր ապրում է իր երկրորդ կյանքը՝ ամեն օր հյուրընկալելով այն բոլոր հավատացյալներին, ովքեր հատուկ ժամերի այցելում են մզկիթ՝ նամազ անելու նպատակով: Այժմ այս սրբավայրը նաև Հայաստան եկող իրանցիների ու բազմաթիվ զբոսաշրջիկների համար պարտադիր այցելության վայրերից է համարվում: Այստեղ նաև անցկացվում են մշտական պարսկերենի ազատ դասընթացներ հայ ուսանողների և պարսկերեն սիրողների համար, ովքեր նաև հնարավորություն ունեն օգտվելու տեղի մեծ գրադարանից:

Կարդացեք նաև

Մուսուլմանական այս աղոթատանը երկու մզկիթ է վեր խոյանում՝ մեկը կապույտ գմբեթով է, որի գույնի պատճառով էլ տեղանքը «Կապույտ մզկիթ» անունն է ձեռք բերել, իսկ մյուսը՝ ավելի փոքրը, պարսիկների կրոնական առաջնորդ Հուսեյնի անունով է: Մզկիթն այսօր ունի մեկ մինարեթ, որտեղից շատ-շատ տարիներ առաջ մոլլանները բարձր երգաձայն աղոթքով հավատացյալներին աղոթքի էին հրավիրում, ունի նաև 28 խուց (սենյակ), գրադարան, հիմնական դահլիճ ու մի մեծ ընդարձակ բակ: Մզկիթի կանաչապատ բակը բոլոր դարաշրջաններում սիրված է եղել և՛ իրանցիների, և՛երևանցիների կողմից, որտեղ այժմ շատերն են գալիս պարզապես վայելելու այստեղի հեքիաթային բնությունը: Այս տեղը ժամանակին նաև մեր հայ գրողների ու արվեստագետների սիրված վայրն է եղել, որոնցից մեկն էլ հենց Չարենցն էր, ով ամենից հաճախ էր այստեղ լինում:

kapuyt-mzkitt (6) kapuyt-mzkitt (5) kapuyt-mzkitt (4) kapuyt-mzkitt (3) kapuyt-mzkitt (2) kapuyt-mzkitt (1)

Ներկայումս մզկիթում մշտական գործում է երկու ցուցահանդես, մեկը՝ իրանական ձեռքի աշխատանքների ցուցահանդեսն է, մյուսն էլ՝ տարբեր երկրներում գտնվող հայկական մի շարք եկեղեցիների լուսանկարների ցուցահանդեսը: Բայց այստեղ նաև շատ հաճախ այլ ցուցահանդեսներ են անցկացվում հենց Իրանական մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ:

«Կապույտ մզկիթում» տիրում է «արաբեսկ» կոչվող արաբանախշը, որը լայն տարածում ունի Մերձավոր Արևելքի, գլխավորապես՝ արաբական երկրների արվեստում: Իսկ զարդանախշերի վրա հանդիպող անթիվ գրվածքներն արաբերենով են, դրանք բոլորը մուսուլմանների սուրբ գրքից՝ Ղուրանից հանված իմաստուն խոսքեր են: Եվ, ինչպես նշեց «Կապույտ մզկիթում» երկար տարիներ աշխատող պարսկահայ Լենա Հակոբյանը՝ «Արաբերենով է գրված, քանի որ իրենց կրոնի լեզուն արաբերենն է. Ղուրանն ի սկզբանե արաբերեն է գրվել»: Դարեր ապրած շինությունը 1996-1999 թվականներին վերակառուցվել է Իրանի Իսլամական Հանրապետության միջոցներով, իսկ վերջերս էլ առանձին գմբեթն են վերանորոգել:

Այստեղ միշտ մարդաշատ է, ու այցելուների պակաս երբեք չի զգացվում. այգին ունի իր մշտական այցելուները, նամազի ժամերին կտեսնես շատ իրանցիների՝ աղոթք անելիս, և հաճախ էլ կհանդիպես զբոսաշրջիկների փոքր խմբերի, որոնք, շրջելով տարածքում, ուշադիր լսում են Լենա Հակոբյանին, ով մի քանի լեզուներով բոլորին սիրով ներկայացնում է գույնզգույն «Կապույտ մզկիթի» ամեն մի անկյունը:
Հայերն այսօր աշխարհի շատ երկրներում ունեն իրենց եկեղեցիները, որտեղ քրիստոնյա հայերը կարող են աղոթել իրենց Աստծո համար ու օտար հողի վրա զգալ Հայաստանի շունչը: Նույն կերպ էլ իրանցիները՝ ապրելով Հայաստանում, այսօր ունեն իրենց աղոթավայրը՝ «Կապույտ մզկիթը», որն այժմ ոչ միայն Երևանի տեսարժան վայրերից մեկն է համարվում, այլև հայաստանաբնակ մուսուլմանների համախմբման վայրն է հանդիսանում:

ԱՄԱԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

 

Տեսանյութեր

Լրահոս