Ռուսաստանի պատասխանը ԱՄՆ-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը՝ զերծ մնալ պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական ընկերությունների և անհատների հետ համագործակցությունից և դադարեցնել ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից իրականացվող պատժամիջոցներին հակասող բոլոր գործարքները, Հայաստանը պաշտոնապես դեռևս, ըստ էության, չի պատասխանել:
Տարբեր կառույցների, գերատեսչությունների կամ պաշտոնյաների կողմից որոշակի արձագանքներ, իհարկե, հնչել են, սակայն դրանք դժվար է համարել պետության պաշտոնական պատասխան մեկ այլ պետության կողմից ուղղված հայտարարությանը կամ կոչին: Թե ինչո՞ւ Հայաստանը՝ բարձր մակարդակով, չի շտապում պատասխանել ամերիկյան հորդորին կամ պահանջին, հասկանալի է՝ պատասխանելը դժվար է, չափազանց դժվար: Արհամարհել արևմտյան այդ պահանջը, նշանակում է՝ վերջնականացնել աշխարհից Հայաստանի մեկուսացման, ամբողջական մեկուսացման գործընթացը, ինչը, հասկանալի է, Հայաստանի իշխանությունը չի ցանկանում՝ և պետական, և, ինչո՞ւ ոչ, նաև անձնային շահերից ելնելով: Հետևել այդ կոչին կամ պահանջին՝ Հայաստանը, բնականաբար, ևս ամբողջությամբ չի կարող՝ առնվազն այն պատճառով, որ Հայաստանի տնտեսությունը ենթակառուցվածքային ու համակարգային առումով ամբողջությամբ հանձնված է ռուսական կապիտալին, այդ թվում և գուցե առաջին հերթին՝ կապիտալի այն կրողներին, որոնց նկատմամբ Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառել:
Այսինքն՝ Հայաստանի իշխանությունը, բառի ամենաուղիղ իմաստով, գտնվում է «երկու քարի արանքում»: Առաջին հերթին՝ նաև սեփական ապաշնորհ քաղաքականության պատճառով: Բայց ստեղծված իրավիճակի պատճառները գտնելուց ու մեղավորներին վեր հանելուց առաջ նախ անհրաժեշտ է դուրս գալ այդ իրավիճակից, քանի որ ժամանակը, մեղմ ասած, շատ չէ, և իրադարձությունների զարգացումը կախված է բոլորից, բացի Հայաստանից: Հայաստանն այսօր հայտնվել է իրական «կամ-կամ» երկընտրանքի առաջ, որից, սակայն, որևէ «կամ»-ի ընտրությունը կարող է ճակատագրական լինել: Այդ պատճառով Հայաստանի իշխանությունը դեռևս չգիտի՝ ի՞նչ անել, ինչպե՞ս պատասխանել ամերիկյան ուղերձին:
Բայց մինչ Հայաստանի իշխանությունը մտածում, ու, հուսանք, փորձում է իրավիճակից նվազագույն կորսուտներ ենթադրող որոշումներ կայացնել, ամերիկացիներին պատասխանում են ռուսները: Ոչ միայն ու ոչ այնքան՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան հայտնի հայտարարությամբ, որով Հայաստանի ինքնիշխանությունը հիմնահատակ ոչնչացրած Ռուսաստանը հանդես է գալիս ՀՀ-ի սուվերենության պաշտպանի դիրքերից: Ռուսաստանի իրական պատասխանը, որն ավելի շատ ուղղված է ոչ թե ամերիկացիներին, այլ հայերին՝ ամերիկացիներին հանկարծ «սխալ չպատասխանելու» նախազգուշացման իմաստով, հնչում է ոչ թե դիվանագետների կողմից ու մամուլի էջերում, այլ հայ-ադրբեջանական սահմանագծին: Հնչում է արդեն մի քանի օր:
ԱՄՆ դեսպանատան հայտարարության հրապարակումից հետո՝ ավելի ինտենսիվորեն: Հարցը՝ ադրբեջանակա՞ն, թե՞ հայկական կողմից են իրականում կատարվում դիվերսիոն գործողությունները, տվյալ դեպքում, թող անպատեհ չհնչի, երկրորդական է: Աշխարհաքաղաքական առումով՝ երկրորդական: Ռուսաստանը տիրապետում է նման գործողությունների կազմակերպման մեթոդոլոգիային ու ազդեցություն ունի ինչպես՝ ադրբեջանական, այնպես էլ, ցավոք, հայկական կողմի, այդ թվում՝ նաև զինված ուժերի վրա:
Այսինքն՝ ռուսական կողմի համար հայ-ադրբեջանական սահմանին դիվերսիոն գործողություններ կազմակերպելը՝ հայկական կամ ադրբեջանական կողմից, ըստ էության, տեխնիկական խնդիր է, որը, սակայն, ծառայեցվում է քաղաքական նպատակների: Սահմանային դիվերսիաներով ու դրանց արդյունքում արձանագրվող զոհերով Ռուսաստանն առաջին հերթին՝ Հայաստանի իշխանությանը հասկացնում է՝ անգամ չմտածել ամերիկյան պատժամիջոցների մասին: Ու դրա հիմքում, ըստ ամենայնի, ընկած է հետևյալ ուղերձը. եթե արևմտյան պատժամիջոցները շրջանցելու դեպքում կարող եք զրկվել Արևմուտքի գոնե լոյալ վերաբերմունքից, ապա դրանց հետևելու պարագայում կզրկվեք «փամփուշտներից», որոնք ավելի առատորեն կմատակարարվեն Ադրբեջանին:
Այս օրերին ռուսական զենքով ադրբեջանական կողմը գնդակոծում է (կամ փորձում է դրանք ցուցադրելով՝ թվացյալ վախի մթնոլորտ ստեղծել) Հայաստանի խաղաղ բնակիչներին ու սպանում է երիտասարդ զինվորներին: Հայկական կողմը պատասխանում է նույն կամ գրեթե նույն ռուսական զենքով, որը, հասկանալի է, անվերջ չէ: Ռուսները հիմա, ըստ էության, նպաստում են, որ Հայաստանի զենքն ավելի արագ «սպառվի», որպեսզի հանկարծ Հայաստանում որևէ մեկը չմտածի, թե կարելի է չխորտակվել Ռուսաստանի հետ միասին:
Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, Հայաստանին, բացի պատժամիջոցներին հետևելու կոչից, գոնե հրապարակավ առայժմ ոչինչ չի առաջարկել: Կարելի է մտածել, որ դա տեղի է ունենում դիվանագիտական, ոչ տեսանելի հարթությունում: Այլապես, առանց Հայաստանի իրական այլընտրանք ու անվտանգության երաշխիքներ ապահովելու՝ ԱՄՆ-ի կոչը՝ հետևել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ոչ այլ ինչ է, քան պատժամիջոց Հայաստանի նկատմամբ: Ընդ որում, ոչ թե հայկական կազմակերպությունների կամ հայ անհատների, այլ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: