Բաժիններ՝

Փորձ է կատարվում կախվածության մեջ պահել բոլոր մակարդակների պետական աշխատողներին. Հարություն Մեսրոբյան

Մեր զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

 

– Պարոն Մեսրոբյան, այս տարվա առաջին կիսամյակում պարենային զամբյուղի ամսական արժեքը ԱՎԾ-ն հաշվարկել է 33,405.5 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 59,127.7 դրամ: Այսօրվանից էլ թանկանում է էլեկտրաէներգիան: Ըստ Ձեզ՝ սա ինչի՞ կհանգեցնի, հաշվարկներ ունե՞ք:

– Նախ՝ ես համաձայն չեմ սպառողական զամբյուղի այդ թվի հետ: Ով նման թիվ է գրում, թող անձամբ 1 ամիս այդ զամբյուղի ճշմարտությունն իր մաշկի վրա ապացուցի և բոլորը պետք է դրան հետևեն առցանց ռեժիմով: Եթե նման ռեժիմներ մենք մտցնենք, այսպիսի ամպագորգոռ հայտարարությունների քանակը կտրուկ կնվազի, երբ ամեն մեկը խելքին ինչ բրդի հայտարարի, հետո պարտադրվի, որ դա ինքն իր մաշկով է ապացուցելու: Ինչ վերաբերում է նրան, թե ինչին կհանգեցնի, ապա բնականաբար գների թանկացում կլինի և դա արդեն սկսվել է:

 

– Ի՞նչ դիտարկումներ ունեք:

– Դեռ էլեկտրաէներգիայի գինը չբարձրացած՝ արդեն հացի գինն է կամաց-կամաց սկսել բարձրանալ, և նման մի շարք ապրանքներ, որոնք կապված են էլեկտրաէներգիայի հետ, որը դրանց ինքնարժեքի մոտ 70-80% մասն է կազմում:

 

– Ձեր հաշվարկով՝ սպառողական զամբյուղի իրական արժեքն ինչքա՞ն է:

– Այս պահի դրությամբ՝ 90-100 հազար դրամի սահմանում: Ես դա գնահատել եմ, չեմ հաշվել: Խոսքը նվազագույն սպառողական զամբյուղի մասին է, որով դեռ կարելի է պահպանել մարդու բոլոր կենսաբիոմետիկ պարամետրերը:

 

– Հուլիսի 1-ից պետական հատվածում աշխատավարձերի բարձրացումն ինչպե՞ս եք գնահատում, դա կմեղմի՞ քաղաքացու դրությունը և, Ձեր կարծիքով, արդյոք դա ազդո՞ւմ է մասնավոր հատվածում աշխատավարձերի բարձրացման վրա:

– Ես կարծում եմ, որ այստեղ կա մի բաղադրիչ, որի մասին, կարծես, չեն խոսում. փորձ է կատարվում կախվածության մեջ պահել բոլոր մակարդակների պետական աշխատողներին: Ինչո՞ւ եմ նման հոռետես կարծիք հայտնում, որովհետև բարձացնում են հենց պետական ոլորտի աշխատողների աշխատավարձերը: Եթե չեմ սխալվում, մեր Սահմանադրության մեջ գրված է, որ մենք սոցիալական պետություն ենք, բայց այնտեղ գրված չէ, որ մենք պետական աշխատողների համար ենք սոցիալական պետություն:

 

– Այսինքն՝ ի՞նչ պետք է արվեր, պետական պաշտոնյաներն ասում են, որ մասնավորը կհետևի պետության օրինակին և կբարձրացնի աշխատավարձերը:

– Կա «նվազագույն աշխատավարձ» հասկացողությունը, հետևապես՝ դա այնքան էլ այդպես չէ, ինչպես ասվում է: Եվ ոչ ոք չի խանգարում այս և այլ լծակներով լուծել խնդիրը: Էլ չեմ ասում, որ կան թոշակառուներ, հաշմանդամներ և այլն, բայց նրանք պետական աշխատող չեն: Նույն տրամաբանությամբ դա պետության ձեռքին է, թող նրանց աշխատավարձն էլ բարձրացնեին, այնպես՝ ինչպես պետք էր: Ես բերեցի 2 փաստարկ, որով իմ կասկածը փորձեցի հիմնավորել: Իսկ անգամ իրավաբանության մեջ կա «հիմնավոր կասկած» հասկացություն: Ես սկզբից հայտնեցի կասկած, հետո փորձեցի հիմնավորել:

 

– Պարոն Մեսրոբյան, գնահատական ունե՞ք, թե այսօրվանից էլեկտրաէներգիայի մոտ 4 դրամով թանկացումն ինչքանո՞վ կազդի մյուս ապրանքների վրա և սպառողական զամբյուղն ինչպե՞ս կփոխվի:

– Կախված ծառայության և ապրանքի տեսակից ազդեցությունը տարբեր է: Այնտեղ, որտեղ ապրանքի և ծառայության ինքնարժեքի տեսակարար կշռի 50 %-ը կազմում է էլեկտրաէներգիան, փոփոխությունը զգալի կլինի, այլ տեղում՝ ոչ այդքան: Բայց Հայաստանում, որպես օլիգարխիկ կառավարմամբ համակարգում, այդ թվում և տնտեսությունում, ցանկացած գների փոփոխություն օգտագործվում է գերշահույթը մեծացնելու համար: Այսինքն՝ դրա համար դժվար է ասել գների ինչ փոփոխություն կլինի, քանի որ մի կողմից տարբեր ապրանքատեսակների և ծառայությունների վրա էլեկտրաէներգիայի տնտեսագիտական ազդեցությունը տարբեր է, իսկ մյուս կողմից մեզ մոտ օլիգարխիկ պետական կառավարման համակարգ է: Կփորձեն օգտվել և արդեն ստացվող գերշահույթը լրացուցիչ ավելացնել: Այսինքն՝ գների փոփոխությունը միայն տնտեսագիտական տրամաբանությունից չի բարձրանալու, այլ նաև՝ օլիգարխիկ: Կկարողանա՞ն  ինչ-որ ապրանքատեսակի գին 50%բարձրացնել, կբարձրացնեն: Եվ մենք հաճախ ենք եղել նման դեպքերի ականատես, օրինակ՝ երբ բենզինի գինը միջազգային շուկայում 5% էր բարձրանում, ՀՀ-ում՝ 10%, երբ իջնում էր, ՀՀ-ում անփոփոխ էր մնում: Տնտեսագիտական տրամաբանություն չկա:

 

– Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ մի տարեց կնոջ խորհուրդ տվեց «մի կերպ» վճարել էլեկտրաէներգիայի գինը: Ինչպե՞ս կգնահատեք սա:

– Ես արդեն դրա պատասխանը տվեցի՝ ՀՀ-ում պետք է մտցնել օրենք, որը սահամանադրորեն կամրագրվի, որ ցանկացած պետական պաշտոնյայի առաջարկն առաջին փուլում կիրառի հենց տվյալ պետական պաշտոնյան իր մաշկի վրա: Երբ նման պրակտիկա մտցվի, Դուք չեք պատկերացնում, թե քանի հրեշտակ ղեկավարներ կունենանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս