Ազատանի գյուղացիները վարկերը վերցնում են, որպեսզի պարտքերը վճարեն, և մեկնում են Ռուսաստան, որպեսզի վարկերը կարողանան մարել (տեսանյութ)
Ազատանը Շիրակի մարզի ամենազարգացած, ամենամեծ և ամենահարուստ գյուղն է: Այն Գյումրի քաղաքից գտնվում է 8 կմ հեռավորության վրա: Գյուղը 19-րդ դարի սկզբներին կոչվել է Գադմա, ինչը նշանակում է՝ ընդառաջ գնալ, դիմավորել: Այնուհետև այն անվանվել է Փոքր Ղարաքիլիսա, Խլի Ղարաքիլիսա, իսկ 1946 թվականից՝ Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակից՝ Խորհրդային Միության ազատագրումից հետո, վերանվանվել է Ազատան:
Ազատանն ունի մոտ 5900 բնակչություն, և նույնիսկ այս՝ 1300 տնտեսություն ունեցող գյուղում մարդիկ հազիվ են կարողանում զբաղվել գյուղատնտեսությամբ: Գյուղի երիտասարդ տղամարդկանց մեծամասնությունը գարնանը գնում է արտագնա աշխատանքի՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներ, իսկ աշնանը հետ են վերադառնում:
Գյուղաբնակ Վարդուհին Ազատան հարս է եկել Երևանից: Վարդուհին մասնագիտությամբ իրավագետ է: Մոտ 6 տարի աշխատել է դատարանում, անգլերենի դասընթացներ է տվել: Աշխատանքի բերումով ծանոթացել է իր ապագա ամուսնու հետ՝ սիրահարվել է և թողել իր կարիերան: Հիմա նա խոստովանում է, որ միևնույն է՝ չի զղջում իր այդ քայլի համար, բայց այլևս չի ցանկանում ապրել գյուղում. «Ճիշտ է, շատ եմ սիրում ամուսնուս: Ունեմ հիանալի բալիկ, սպասում եմ երկրորդիս, բայց քաղաքի աղջկա բանը չի գյուղը: Ծնողներս շատ դեմ էին, բայց ասացի, որ կհաղթահարեմ: Բայց հիմա արդեն իմ մասին չեմ մտածում. ես չեմ ուզում, որ իմ երեխան արթնանա՝ տեսնի գոմ, աթար: Եթե ես առանձնանամ և ես լինեմ իմ ընտանիքի գլուխը, ես կյանքում այդ ձևով չեմ ապրի: Շա՜տ պիտի սիրես, որ քո սիրո համար այդ ամեն ինչին դիմակայես»:
Նրանք ապրում են 10 անձից բաղկացած ընտանիքում և չեն կարողանում առանձնանալ, քանի որ ընտանիքը ֆինանսական ճգնաժամի մեջ է: Վարդուհու ամուսինը՝ Յուրան, իր երկու եղբայրների հետ, մեկնել է Ռուսաստանի Յակուտսկ քաղաք՝ արտագնա աշխատանքի: Երեք եղբայրները մինչև միասին չլուծեն ստեղծված խնդիրը, չեն կարող իրենց անձնական հարցերը հոգալ: Այս պահի դրությամբ իրենց ընտանիքն ունի 25 հազար դոլարի չափով չմարած վարկ: «Վարկը վերցնում են՝ կարտոֆիլ են առնում: Կարտոֆիլն իր արդյունքը չի տալիս, վարկը վերցնում՝ սերմացու են առնում (կիլոն արժե 500 դրամ)՝ էլի արդյունք չի տալիս, վարկով ցորեն են առնում՝ կարկուտը ցորենը տանում է: Պետությունն էլ ասում է՝ կօգնենք, բայց ոչ մի բանով էլ չի օգնում»,- ասաց Վարդուհին:
Վարդուհին պատմեց նաև, որ անցյալ տարի իր ամուսինն աշխատանք էր գտել հայրենիքում: Գյումրի քաղաքում աշխատում էր՝ որպես մեքենայացման մասնագետ «Շիրակ-Ջրմուղ Կոյուղում»՝ ստանալով 250-300 հազար դրամ աշխատավարձ. «Բայց ճգնաժամն այնքան է սուր եղել, որ անգամ այդ աշխատավարձը չի հերիքել ընտանիքի ծախսերը հոգալու համար»:
Ազատանցի գյուղացիները մեզ հետ զրույցում ասացին, որ մեկ շաբաթ առաջ տեղացած կարկուտից մոտ 30 տոկոսի վնաս են կրել իրենց գարու և ցորենի արտերը: Գյուղի բնակիչ Ապետը պատմեց, որ իր 50 ցենտներանոց արտից 20 ցենտներից ավելի կորել է.
«Կարկուտն եկավ, կոմբայնը մտավ դաշտ, քաղեց, մի շրջան անցավ, կաշեմ՝ արդեն ցորեն չկա: Երկու տարի կարտոֆիլին պարարտանյութ եմ տվել, ջրել եմ, բայց դրանից ինչ եմ հանել՝ չիդեմ: Գարին ոչինչ՝ 30 ցենտներով ապահովեց, 30 ցենտներ ցորենը: Մինչև 30 տոկոս կարկուտի թողած վնասի դեպքում օգնություն չեն տա: Ըսենք թե՝ 1 հեկտարը 4-5 տոննա ցորեն բդի տար, 4-5 տոննայի տեղը 18 հազար հողի հարկը չհաշվեցին, դրանով ի՞նչ օգուտ կքաղեմ»:
Ապետի երկու տղաները նույնպես Ռուսաստանում են աշխատում: Նա ասաց, որ անցյալ տարի 16 հազար դոլար գումար են բերել տուն, բայց այս պահի դրությամբ 10 հազար դոլար վարկ ունեն մուծելու: Նա չի կարծում, որ վարկերն իրենց լավ չաշխատելու հետևանք կարող են լինել.
«Ազատանցին ուրիշ է, շատ աշխատող ժողովուրդ է: Գյուղացին որ չաշխատի, քաղքցին կաշխատի՞: Քաղքցին ավելի եկամուտ ունի, քան գյուղացին: Առևտրականը գալիս է, կարտոֆիլը տանում շուկա: Ինձնից 100 դրամով առել է, 120-ով վաճառում է: Ինքը մեջը եկամուտ ունի: Շուկա գնում ես, տարածքի փող ես տալիս, կշեռքի փող ես տալիս, մեքենա չունեցար՝ պարկի համար 300 դրամ տալիս ենք, որ տաքսին տանի քաղաք:
Ժամը 4-ից կերթանք, չի ծախվի, ստիպված էժան տալիս ենք, գալիս տուն: Բայց առևտրականն ավելի շատ եկամուտ ունի»:
Գյուղացիների խոսքով՝ շատ թանկ է պարարտանյութը. մեկ տուփ սելիտրան արժե 10 հազար դրամ: Գյուղն ունի ոռոգման համակարգ, բայց ջրի գինը թանկ է: Մեկ հեկտար հողի համար միջին գինը 16 հազար դրամ է: Գյուղացիները դժգոհում են, որ հողերը ժամանակին չեն կարողանում ջրել՝ չորանում են, մինչև իրենք գումար են գտնում կամ պարտքով են միացնել տալիս ջուրը:
Թե ինչն է պատճառը, որ գյուղի ժողովուրդն ամեն գնով փորձում է հող մշակել, անասնաբուծությամբ զբաղվել, եթե վերջում շահույթ չի ստանալու, ըստ Վարդուհու՝
«Նախ՝ վարձակալությամբ վերցնում ես հող՝ 8000 մետր: Այդ հողն արժի մոտ 120 հազար դրամ՝ մեկ տարվա կտրվածքով: Հողին պետք է պարարտանյութ տաս, սերմացու, ժուկի դեղ… Մինչև բերք ստանալն այնքան բան ես տալիս այդ հողին, որ այդ ստացած բերքն էլ չի բավականացնի, որ բոլոր պարտքերը փակես: Օգուտն էլ ի՞նչ է՝ անասունի կեր, որը վաճառում ես 20 դրամով: Կես միլիոն գումար ենք ներդրել այդ ամբողջի վրա: Այստեղ մնում է միայն գյուղացու սերը հողի նկատմամբ: Ինչն էլ լինի արդյունքը՝ այս մարդիկ սովոր են այս կյանքին: Գյուղի ժողովուրդը չի կարող պարապ նստել: Մի բուռ հողից մի բան կստեղծի՝ կանաչի լինի, ծաղիկ լինի, մի բան տնկի, ու դրանով ուրախանա: Սիրում է, ի՞նչ անես: Սկեսուրս միշտ ասում է՝ բա որ սա էլ չանեմ, ես էլ ի՞նչ անեմ»:
Այսինքն՝ ստացվում է, որ գյուղի տղամարդիկ մեկնում են արտերկիր, աշխատում, որպեսզի իրենց վերցրած գյուղական վարկերն ի վիճակի լինեն վճարել, և հաջորդ տարի նորից կարողանան հող մշակել: