Ծեծից հետո մահացած ազատամարտիկի գործով երկու կողմերն էլ դժգոհում են. ԳԱԼԱ
Մինչ հուլիսի 13-ին Նոր Նորքի մանկապարտեզի բակում ծեծի ենթարկված եւ դրանից երկու օր անց հիվանդանոցում մահացած 55-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանի հարազատները բողոքում են ու ահազանգում, որ հանցագործ կողմը սպառնում է մահացած ազատամարտիկի ընտանիքի անդամներին եւ ցիկնիկ պահվածք է դրսեւորում, գործով կալանավորված անձանց՝ Գևորգ Սարգսյանի ու Սարգիս Ղուկասյանի փաստաբանը՝ Կարեն Մկրտչյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում բարձրաձայնում է, որ նախաքննական մարմինը մարդկանց կալանավորել է զուտ ենթադրությունների հիման վրա, եւ իր պաշտպանյալները ապօրինի են պահվում անազատության մեջ: «Տվյալ դեպքում նախաքննական մարմինը, զուտ շահարկելով հուլիսի 13-ի վիճաբանության փաստը և արդեն նույն ամսի 15-ի մահվան փաստը, առանց դատաբժշկական եզրակացության՝ հիմնվելով նախնական ակտի վրա, որոշել է կալանավորել: Զուտ ենթադրություն է, որ կապ կա հուլիսի 13-ի վիճաբանության և Վարդան Թումանյանի մահվան միջև. որոշվել է, որ առկա են 112-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներ, ինչն իհարկե անթույլատրելի է»,-ասաց փաստաբանը:
Ըստ նրա՝ դեռեւս հիմնավարված չէ այն, որ ազատամարտիկը ծեծի արդյունքում է մահացել: «Այսինքն, հիմա կա արարք և պետք է հիմնավորվի՝ արդյո՞ք հետևանքը տեղի է ունեցել տվյալ անձի գործունեության արդյունքում: Եթե շարժվենք նախաքննական մարմինների այս նախնական մեկնաբանությամբ, նույն հաջողությամբ ես էլ կարող եմ վարկած առաջ քաշել, որ մահը վրա է հասել բժշկական միջամտության արդյունքում, քանի որ ճիշտ հետազոտություն չի եղել: Եթե ճիշտ հետազոտություն լիներ, ապա հնարավոր է, որ նման հետևանքներ չլինեին»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ դեռևս մանրամասնել չի ցանկանում, քանզի գործը նախաքննության փուլում է:
Պաշտպանական կողմի առաջ քաշած տեսակետին, թե ազատամարտիկը միգուցե մահացել է բժշկական սխալի պատճառով, ազատամարտիկ Վարդան Թումանյանի քույրը՝տիկին Մարիետան, այսպես արձագանքեց.
«Փաստաբանի ասածներն անմիտ են, որովհետև ախպերս արյան մեջ շաղախված էր, այսինքն, դրանք շատ ծանր հարվածներ են հասցրել: Այն տարբերակը, որ ասում են, թե Վարդանն ինսուլտ է տարել, բացառված է: Երբ հիվանդանոցում ստուգում էին, ինքը հրահանգներին պատասխանում էր ամբողջությամբ, ու երբ օրինակ ասում էին՝ ծունկդ բարձրացրու, նա բարձրացնում էր, ձեռքերը, աչքերը…»
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: