Բաժիններ՝

Բարոյական և նյութական վնասի փոխհատուցման պահանջ` զինվորական ծառայության ընթացքում առողջությանը պատճառված վնասի դիմաց

2014 թ. հուլիսի 21-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ Գ.Կարախանյանի, կայացավ հայցվոր Վանյա Կարապետյանի՝ զինծառայության ընթացքում ստացած ֆիզիկական և բարոյական վնասների փոխհատուցման, ինչպես նաև բաց թողնված օգուտի բռնագանձման գործով առաջին նախնական դատական նիստը: Հայցադիմումը ներկայացվել է հայցվորի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի և իրավաբան Անի Չատինյանի կողմից: Հայցվոր Վանյա Կարապետյանը, հանդիսանալով պարտադիր ժամկետային զինծառայող, 2012 թ. հուլիսի 27-ին հրաձգային գումարտակի կազմով մեկնել է մարտական հերթապահության, որի ընթացքում շարքից ուշանալու և հերթապահության կարգացուցակի որոշ կետեր խախտելու համար զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Կամո Սարգսյանը պարբերաբար ծեծի է ենթարկել Վանյա Կարապետյանին:

Արդյունքում վերջինս գլխի շրջանում արյունահավաքի տեսքով մարմնական վնասվածք է ստացել, այնուհետև վիրահատվել է հոսպիտալում: Այնուամենայնիվ, մինչ օրս Վանյա Կարապետյանի առողջությունը ամբողջությամբ չի վերականգնվել, նա ունենում է սուր գլխացավեր, որի համար շարունակում է ստանալ պարտադիր բուժում: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. մարտի 18-ի դատավճռով Կամո Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով, 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով, 375-րդ հոդվածի 1-ին մասով, 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով, 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով, 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով և 358.1-դ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Հայցվորի ներկայացուցիչների քաղաքացիական հայցը ներկայացվել է ընդդեմ Կամո Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ կառավարության: Առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման և բաց թողնված օգուտի բռնագանձման պահանջները ներկայացվել են Կամո Սարգսյանի դեմ, իսկ բարոյական վնասի փոխհատուցման պահանջի համար որպես պատասխանող ներգրավվել են ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ կառավարությունը:

Հայցի հիմքում դրվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով ամրագրված անձի՝ վնասների փոխհատուցման պահանջի իրավունքը, ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածով ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված անձի՝ խոշտանգումներից, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու իրավունքը:

Կամո Սարգսյանի կողմից խոշտանգման ենթարկվելիս Վանյա Կարապետյանը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական մեծ ցավ է զգացել, իրեն նվաստացած է զգացել իր և ընկերների աչքերում, ամաչել է, երբ զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալն իրեն ստիպել է մի քանի անգամ մինչև վարտիքը հանվել, ապա հագնվել, որից հետո բոլորի ներկայությամբ հարվածներ է հասցրել Վանյա Կարապետյանին: Այս վերաբերմունքից Վանյա Կարապետյանը հայտնվել է հոգեբանական ծանր վիճակում, որի դրսևորումները պահպանվել են մինչ օրս: 2014 թ. հուլիսի 21-ի նախնական դատական նիստը կայացավ Վանյա Կարապետյանի ներկայացուցիչ Անի Չատինյանի և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մանիկ Սանթրոսյանի մասնակցությամբ, իսկ գործով պատասխանող ՀՀ կառավարությունը, թեև պատշաճ ծանուցվել էր, սակայն չէր ապահովել ներկայացուցչի մասնակցություն:

Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ գործով պատասխանող Կամո Սարգսյանը ստացել է հայցադիմումը, որի վերաբերյալ գրություն է ստացվել քրեակատարողական հիմնարկից: Նախնական դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Ա. Չատինյանը ներկայացրեց հայցի հիմքերը և առարկան, դատարանի կողմից ճշտվեցին, թե արդյոք Վանյա Կարապետյանը քրեական գործի շրջանակներում ճանաչվել է տուժող, թե ոչ, արդյոք դատավճռով հիմնավորվել է Կամո Սարգսյանի մեղքը:

Դատարանը պարզեց նաև, թե ինչ կերպ է կատարվել պատճառված վնասների հաշվարկը: Այնուհետև դատարանը հրապարակեց գործով որպես պատասխանող ներգրավված Կամո Սարգսյանի՝ դատարան ներկայացված դիմումը, որով վերջինս հայտնել էր, որ հայցադիմումում ներկայացված մեղադրանքները անհիմն են, բացի այդ, վերջինս դատարանից խնդրել էր երկարաձգել հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար տրամադրված դատավարական ժամկետը:

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մ. Սանթրոսյանը դատարան ներկայացրեց միջնորդություն պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու մասին: Հիշյալ միջնորդությունը ներկայացվել էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1065-րդ հոդվածով ամրագրված հիմքով, ըստ որի այն դեպքերում, երբ վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից, նրանց անունից հանդես են գալիս համապատասխան ֆինանսական մարմինները: Հայցվորի ներկայացուցիչը գտավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ներգրավված է որպես պատշաճ պատասխանող, առարկեց միջնորդության դեմ և հայտնեց, որ տվյալ դեպքում ՀՀ ֆինանսների նախարարությանը ներգրավվելու հարցը ՀՀ կառավարության խնդիրն է:

Դատարանը միջնորդությունը բավարարեց մասնակի և գործով որպես երրորդ պատասխանող ներգրավեց ՀՀ ֆինանսների նախարարությանը: Վերջինիս հայցադիմումը տրամադրելու համար նախնական դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2014 թ. հոկտեմբերի 1-ին, ժամը 11:40-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս