«Ֆարմատեքը» գործունեություն կսկսի ազատ տնտեսական գոտում
«ՌԱՕ Մարս» գործարանի տարածքում ձևավորված «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շուտով գործունեությունը կսկսի հայկական դեղագործական «Ֆարմատեք» ՓԲ ընկերությունը: ՀՀ կառավարության առաջիկա՝ հուլիսի 17-ի նիստում գործադիրը նախատեսում է հաստատել շահագործողի թույլտվություն ստանալու համար «Ֆարմատեքի» ներկայացրած հայտը: Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը կսահմանվի 3 տարի` երկարաձգելու հնարավորությամբ:
«Ֆարմատեքի» թիրախային ոլորտները կլինեն դեղորայքի, դեղագործության մեջ կիրառվող պարագաների արտադրությունը, դեղագործական սարքավորումների մոդելավորում և հավաքումը, լոգիստիկ պահեստային ծառայություն: Ըստ կառավարության որոշման նախագծի՝ ԱՏԳ-ում գործունեության առաջին 5 տարիների ընթացքում ընկերության հաստիքացուցակը կավելանա` հասնելով 94 աշխատակցի, իսկ պլանավորված աշխատավարձի մակարդակը կլինի շարունակական միջինից բարձր: Ընկերությունն արդեն կատարել է մոտ 1.2 մլն եվրոյի ներդրում սարքավորումների և «մաքուր տարածքների» մեջ` նպատակ ունենալով ընդլայնելու ներկայիս ապրանքատեսականին` ներառելով աչքի կաթիլներ և հաբեր: Նախատեսվում է կատարել 4.5 մլն եվրոյի ներդրում ներարկման դեղամիջոցների արտադրության կազմակերպման մեջ: Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ընկերության գործարար ծրագիրը գնահատվել է 90 միջին միավոր (անցողիկ շեմ` 60 միավոր):
«Ֆարմատեքը» կլինի երկրորդ ընկերությունը, որ գործունեություն կծավալի «Մարսի» տարածքում ազատ տնտեսական գոտում: Այստեղ տեղակայված առաջին և փաստացի միակ ընկերությունը ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան «Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies»-ն է, որ անցած տարի նախաձեռնել է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրությունը:
«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ տարածքում «Ալյանս» ԱՏԳ-ն գործարկվել է 2013 թ-ի օգոստոսի 1-ին: Ենթադրվում էր, որ «Ալյանս»-ում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Թե ինչո՞ւ են արտադրող նորարար ընկերությունները պասիվ և չեն ձգտում օր առաջ տեղափոխվել «Մարս», պաշտոնյաները չեն պարզաբանում: