«Սերժ Սարգսյանի հայտարարությանը պիտի հետևեն քայլեր, որոնք կհաստատեն Հայաստանի արժանապատվությունը»
«Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովրդին շատ է մտահոգում այն փաստը, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին: Բայց ես համոզված եմ, որ Հայաստանն այնքան ուժ և կարողություն ունի, որ կկարողանա պաշտպանել իր սահմանները: Չնայած նրան, որ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, ես չեմ կասկածում, որ դժվար պահին Ռուսաստանը կկատարի ստանձնած պարտավորությունները»,- այսպես է արտահայտվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արգենտինական «La Nacion» թերթին տված հարցազրույցում նախորդ շաբաթ` Լատինական Ամերիկա կատարած այցի ժամանակ:
Հայտարարությունն ինքնին բավական ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի գործող իշխանությունը, համենայն դեպս` վերջին տարիներին, հրապարակայնորեն երբևէ չի դժգոհել Ռուսաստանի քայլերից, որոնք կարող էին վնաս հասցնել Հայաստանի պետական շահերին: Անշուշտ, խոսքը, առաջին հերթին, վերաբերում է ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությանը, Ռուսաստանի կողմից մի քանի միլիարդ ԱՄՆ դոլարի զենք և ռազմական տեխնիկա Ադրբեջանին մատակարարելուն, որի մասին մամուլը խոսեց դեռ նախորդ տարվա ամռանը:
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց խոսել այս խնդրի մասին այսօր: Արդյո՞ք սա ինչ-որ ուղերձ է Մոսկվային, թե՞ սա ընդամենը նախագահի կողմից տրված ձևական պատասխան է լրագրողի դիտարկմանը: Սակայն, եթե անգամ համարենք, որ Սարգսյանը քաղաքական ենթատեքստով չի խոսել, միևնույն է, նրա ասածը կարող է ընկալվել որպես դիվանագիտական քայլ: Բայց ինչի՞ հետ է սա կապված: Տրամաբանական կլինի, եթե ասենք, որ Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը և սահմանային միջադեպերն այնքան վտանգավոր են դարձել, որ Հայաստանի նախագահն արդեն հրապարակային է արտահայտում իր դժգոհությունը` ռազմավարական գործընկերոջը հասկացնելով, որ Ադրբեջանին զենք վաճառելով` Ռուսաստանն ուղղակիորեն նպաստում է լարվածության ավելացմանն ու իրավիճակի ապակայունացմանը: Իսկ կարո՞ղ էր սա նաև կապված լինել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցման հարցի հետ: Չէ՞ որ այդ անդամակցությունը վերջին շրջանում անընդհատ ձգձգվում է, և դրա մեղավորը, կարծես թե, Հայաստանի իշխանությունները չեն: Սրանք միգուցե հեռուն գնացող հարցադրումներ են, բայց դրանց պատասխանները որոշ չափով կօգնեն հասկանալ ներկայումս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված դժվարին վիճակի էությունը:
«Իհարկե, լավ է ուշ, քան ավելի ուշ»: Սա «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի արձագանքն է Ս. Սարգսյանի հայտնած մտահոգությանը: «Ժառանգության» փոխնախագահը, ի դեպ, իր հրապարակային ելույթներում մշտապես քննադատել է Հայաստանի իշխանությանը` Ռուսաստանի որոշ հակահայկական քայլերին չարձագանքելու համար:
Մարտիրոսյանը «168 Ժամի» հետ զրույցում շեշտեց, որ Սարգսյանի ասածը, իհարկե, կարևոր էր, բայց դրան նաև պիտի հետևեն քայլեր, որոնք կհաստատեն Հայաստանի արժանապատվությունը և հորիզոնական հարաբերությունների հաստատումը Ռուսաստանի Դաշնության հետ. «Իհարկե, ցանկացած ղեկավար անձնավորության հայտարարություն կարևոր է, բայց հետաքրքիր է, որ դա արվել է հեռավոր Արգենտինայից և ոչ թե` իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Կարծում եմ` ինչպես Նազարբաևը հրապարակային նմանատիպ խոսք ասաց, Սերժ Սարգսյանը ևս բազմաթիվ առիթներ է ունեցել իր գործընկերների հետ հանդիպմանը հրապարակային խոսելու այդ հարցի մասին, բայց չի ասել: Իհարկե, լավ է ուշ, քան ավելի ուշ: Այդ առումով իր ասածն, իհարկե, կարևոր էր, բայց ոչ միայն խոսքն է կարևոր, այլ ընդհանրապես Հայաստանի արժանապատիվ կեցվածքը, սկզբունքային արտաքին քաղաքականություն ունենալը, և ոչ թե չորս տարի շարունակ խոսել մի ուղղության մասին և մեկ հանդիպումով վերանայել այդ մոտեցումը: Եվ, վերջապես, դրան պիտի հետևեն այնպիսի քայլեր, որոնք պետք է հաստատեն Հայաստանի արժանապատվությունը և հորիզոնական հարաբերությունների հաստատումը Ռուսաստանի հետ: Օրինակ, նկատի ունեմ այդ հարցի բարձրացումը ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանը, հայ-իրանական նորմալ հարաբերությունների հաստատումը, գազային հարցը, երբ մեզ 100 դոլարով գազ են առաջարկում, և Հայաստանը չի համաձայնում, խայտառակ վիճակը էներգետիկ համակարգում, այն, որ Ռուսաստանը ոչ միայն ռազմական համագործակցություն է իրականացնում Ադրբեջանի հետ, այլև նրան ռազմավարական դաշնակից է հռչակում, և այլն, և այլն»:
«Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանի համոզմամբ` Սերժ Սարգսյանը ոչ թե պետք է ասեր, որ հայ ժողովուրդը մտահոգված է, այլ հստակ ներկայացներ իր տեսակետը, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելն անընդունելի է: Թեև, մյուս կողմից, երիտասարդ քաղաքական գործիչը համոզված է, որ այդ հստակ տեսակետը Հայաստանը կկարողանա ներկայացնել միայն այն դեպքում, երբ Հայաստանում ձևավորվի օրինական իշխանություն: «Կարծում եմ` Սերժ Սարգսյանն այնքան համարձակություն պետք է ունենար, որ ասեր սեփական տեսակետը: Հայ ժողովուրդը նաև մտահոգ է, որ Հայաստանն այս վիճակում է, ինչո՞ւ պարոն նախագահը չի խոսում նաև դրա մասին: Խնդիրը հետևյալն է` Հայաստանի Հանրապետությունը դե ֆակտո ներկայացնողը պետք է հստակ դիրքորոշում հայտնի, պետք է ասի, որ դա անընդունելի է, որ ռազմավարական դաշնակցի նման կեցվածքն ուղղակի անթույլատրելի է, ոչ թե մտահոգություններ կան»,- նշեց Դ. Սանասարյանը:
Իսկ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանն ընդհանրապես որևէ նշանակություն չի տալիս Սերժ Սարգսյանի հայտարարություններին, քանի որ նրան այլևս ադեկվատ գործիչ չի համարում: «Փորձը ցույց է տալիս, որ իր հայտարարությունները շատ իրարամերժ են և շատ դեպքերում ադեկվատ չեն: Սերժ Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանն անհասկանալի մարդիկ են, պարզ չէ` նրանք ինչպես են մտածում: Եվ նրանց հայտարարություններն ինձ համար որևէ նշանակություն չունեն: Եթե խոսքը վերաբերում է երկրի քաղաքականությանը, ապա քաղաքականությունը պահի տակ չի որոշվում, և քաղաքականությունն ինչ-որ մարդ չի որոշում: Պետք է լինեն ինստիտուցիոնալ հայտարարություններ: Հայաստանում որևէ ոլորտում` քաղաքականության կամ այլ բնագավառներում, ինստիտուցիոնալ, հստակ քաղաքականություն չի իրականացվում: Ուստի, թե ինչ կանի պահի տակ Սերժ Սարգսյանը, արդեն որևէ նշանակություն չունի: Այդ մարդուն ուղղակի պետք չէ ուշադրություն դարձնել: Հայաստանը, որպես պետություն, մեր տարածաշրջանում, առավել ևս` միջազգային քաղաքականության մեջ, այլևս գործոն չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Ս. Դանիելյանը:
Մեկ այլ քաղաքական ուժի` Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը համաձայն է, որ Սերժ Սարգսյանը, ըստ էության, առաջին անգամ է հրապարակայնորեն դժգոհում Ռուսաստանի քաղաքականությունից, սակայն իր կարծիքով` նախագահն իր մտահոգությունը պետք է հայտներ անմիջապես հասցեատիրոջը` Ռուսաստանին:
Արամ Սարգսյանը միաժամանակ բացառեց տարբերակը, որ Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ նախապայման է դնում Ռուսաստանի առջև` Եվրասիական միությանը Հայաստանի միանալու հարցում: «Ըստ իս` խնդիրն ավելի շատ կապված է Ադրբեջանի ներկայիս պահվածքի հետ, որը, զենքն օգտագործելով, անընդհատ փորձում է լարվածություն ստեղծել սահմանի վրա: Եվ դա լուրջ վտանգ է պարունակում, որովհետև մի օր կարող են ոչ թե փոքր դիվերսիա անել, այլ լայնածավալ պատերազմական գործողությունների անցնել: Զենքի քանակն այնտեղ այնքան է ավելացել, որ, ինչպես ասում են, ինչ-որ մի տեղ պետք է կրակի: Կարծում եմ` Սերժ Սարգսյանն այս առումով է մտահոգություն հայտնել: Պարզ է, որ նախագահն անհամեմատ ավելի շատ ինֆորմացիայի հնարավորություն ունի, քան մենք, և հնարավոր է` իրավիճակի վերլուծությունն իրեն ստիպում է բարձրաձայն խոսել այդ խնդրի մասին: Իսկ Եվրասիական միության հետ կապված բոլոր այդ խոսակցությունները, որ Ռուսաստանը, իբր թե, պայման է դրել Ադրբեջանին նույնպես անդամ դարձնել, հիմք չունեցող լուրեր են»,- ասաց Դեմոկրատական կուսակցության ղեկավարը:
«Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնության մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը Սերժ Սարգսյանի ասածը կապում է թե՛ ղարաբաղյան խնդրի, թե՛ ընդհանրապես տարածաշրջանային զարգացումների հետ: «168 Ժամի» հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ Սարգսյանի դժգոհությունը ձևական է, և իրադրությունն այսօր այնպիսին է, որ նախագահը պարզապես ստիպված էր ինչ-որ մի բան ասել. «Տարածաշրջանում զարգացումներ են տեղի ունենում` նաև կապված աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների դիրքորոշումների և որոշակի վերադասավորումների հետ: Եվ, բնականաբար, ամեն ինչ իրար հետ փոխկապակցված է, ուստի նա չէր կարող չասել, ինչ-որ մի բան պիտի ասեր: Նա ստիպված է ասում»:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Սարգսյանի հայտարարությունը նախապայման է Ռուսաստանի առջև, նա ասաց. «Հայաստանն արդեն վաղուց կորցրել է իր սուբյեկտայնությունը, և Հայաստանի` պաշտոն զբաղեցնող անձը և առհասարակ ողջ ռեժիմն ընդամենը դրածո են` արտաքին կառավարման ներքո: Եվ մենք ինքնուրույն քայլեր չենք կարող անել»:
Պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը թեմայի համատեքստում չմոռացավ հիշեցնել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամները, այդ թվում` Հայաստանը և Ռուսաստանը, պայմանագրի 4-րդ հոդվածով պարտավորվել են չանել այնպիսի գործողություններ, որոնք կարող են վնասել կազմակերպության մյուս անդամներին, սակայն Ռուսաստանը` զենք վաճառելով ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող Ադրբեջանին, փաստացի խախտում է իր պայմանագրային պարտավորությունները: