Օրենքում լրացում կկատարվի՝ ի հեճուկս ԴԱՀԿ-ի
Վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում տարբեր մարդիկ բանկերում դրամական փոխանցումներ կամ այլ բանկային գործարքներ կատարելու, իրենց քարտային հաշիվներից վճարումներ կատարելու ժամանակ արձանագրում էին, որ բանկային հաշիվները գտնվում են կալանքի տակ: Մարդկանց զայրույթը մեծ է հատկապես այն պատճառով, որ 5 հազար դրամի պատճառով` կարող է կալանքի տակ հայտնվել բանկային հաշվում գտնվող ամբողջ գումարը: Բացի այդ, մարդկանց պատշաճ չեն ծանուցում իրենց պարտքի կամ տուգանքի մասին և միանգամից կալանքի տակ են դնում հաշիվը:
Այս բացը լրացնելու համար ԱԺ ՀՀԿ խմբակցության երեք պատգամավորներ` ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 11-ին ԱԺ-ում շրջանառության մեջ են դրել օրենքի մի նախագիծ, որով առաջարկում են լրացում կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում: Նախագծի հեղինակներն առաջարկում են օրենքի 46-րդ հոդվածն ավելացնել հետևյալ կետով. «Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է փոխհատուցել պարտապանին պատճառված վնասը կամ բաց թողնված օգուտը»: Ավելի պարզ կարծես թե հնարավոր չէ ձևակերպել. եթե մարդու պարտքը 5 հազար դրամ է, և ԴԱՀԿ-ն ցանկանում է մարդուց բռնագանձել այդ 5 հազար դրամը, ապա բանկը չպետք է արգելանք դնի 500 հազար դրամանոց հաշվի վրա, այլապես բանկը պետք է վճարի քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասի կամ բաց թողնված օգուտի համար:
Բայց երեկ ԴԱՀԿ ծառայության իրավաբանական բաժինը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, թե «Վերը նշված խնդրի կարգավորման տեսանկյունից օրենսդրական բաց առկա չէ»: ԴԱՀԿ-ն իր այս պարզաբանումը հիմնավորում է նրանով, որ ԴԱՀԿ-ի մասին օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ` կատարման ծախսերը:
Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ԴԱՀԿ իրավաբանական ծառայությունն ԱԺ պատգամավորներին մեղադրում է օրենքի չիմացության մեջ, և արդյոք այս պարզաբանումից հետո օրենքի փոփոխության հեղինակներն իրենց ներկայացրած նախագիծը կհանե՞ն շրջանառությունից: Օրենքի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանն ասում է, որ ինքը, անշուշտ, տեղյակ է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի բովանդակությանը, բայց համաձայն չէ ԴԱՀԿ Իրավաբանական վարչության այն պնդման հետ, որ օրենսդրական բաց չկա: Հովհաննիսյանն ասում է, որ իրենք այս լրացումով կարգավորում են ոչ թե ԴԱՀԿ-ի, այլ բանկերի գործունեությունը:
Ա. Հովհաննիսյանը պատասխանելով մեր այն հարցին, թե այս պարզաբանումից հետո արդյոք օրենքի նախագծի հեղինակները հետ կկանչե՞ն իրենց նախաձեռնությունը՝ այն համարելով ոչ անհրաժեշտ, պատասխանեց. «Իհարկե, մենք հետ չենք կանչի մեր նախաձեռնությունը, քանի որ դրա անհրաժեշտությունը բացարձակ չկա: Ավելին, օրենքի նախագծի համահեղինակները և իրավաբան մասնագետները համարում են, որ նման լրացման անհրաժեշտություն կա: Մենք այս փոփոխությամբ կանոնակարգում ենք ոչ թե ԴԱՀԿ գործունեությունը, այլ բանկերի և վարկային կազմակերպությունների, ասելով, որ եթե բանկը և վարկային կազմակերպությունը կալանք տակ է դնում քաղաքացու կամ իրավաբանական անձի բանկային հաշվի վրա ամբողջությամբ, և ոչ թե այն չափով, որ չափով որ նշված է ԴԱՀԿ-ի կատարողական թերթիկում, ապա դա անօրինական է, և բանկը կամ վարկային կազմակերպությունը պետք է պատասխանատվություն կրի հասցված վնասի կամ չստացված եկամտի համար: Սա պետք է դիտարկել նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ մարդը պետք է իմանա, որ եթե իր իրավունքները ոտնահարվում են, ապա ոտնահարողը պետք է ենթարկվի պատասխանատվության»:
Իսկ ինչո՞ւ են բանկերը դիմում նման անօրինականության. եթե ԴԱՀԿ-ն ցանկանում է բռնագանձել որոշակի գումար, ինչո՞ւ է կալանք դրվում ամբողջ հաշվի վրա: Արփինե Հովհաննիսյանն ասում է, որ ինքը չգիտի այդ հարցի պատասխանը: Գիտի միայն, որ բանկերից շատերն ունեն իրենց ներքին կանոնակարգը, նրանցից մի քանիսը հղում են անում 2006թ. ընդունված ԿԲ որոշման վրա: «Մեր խնդիրն է` այս հարցում հստակեցում մտցնել, հարցը բարձրացնել օրենդրության մակարդակի և լուծում տալ հենց այդ մակարդակում: Այս փոփոխության ընդունումից հետո բանկերը կամ վարկային կազմակերպությունները չեն կարողանա հղում անել իրենց ներքին կանոնադրությանը, քանի որ կլինի օրենքի համապատասխան դրույթ, որն իրենց արգելում է խախտել քաղաքացիների իրավունքները և նախատեսում է պատասխանատվություն դրա համար: Մեզ անհրաժեշտ չեն դափնիներ, մենք դրա համար չենք պայքարում, այլ ուզում ենք, որ մարդիկ անիմաստ տեղը չընկնեն քաշքշուկների մեջ, և ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում»:
Անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է հատուկ օրենքի փոփոխություն կատարել, որպեսզի կանխվի բանկերի կողմից իրականացվող անօրինականությունը: Դրա համար բավարար կլիներ, եթե որևէ բանկ պատասխանատվության ենթարկվեր մարդու հաշվի վրա կալանք դնելու համար: Դրանից հետո մյուս բոլոր բանկերը կաշխատեին օրենքի շրջանակներում: