Բաժիններ՝

Պետական ծառայողը ներկրված մթերքի, ներկրողների շահերն է պաշտպանում և ոչ թե՝ տեղական արտադրողի

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսեց ներկրվող և տեղական արտադրության մթերքների անվտանգության հարցերի, թունաքիմիկատների և պարարտանյութերի հետևանքով առաջացած խնդիրների և դրանց լուծման մեխանիզմների մասին:

Նրա խոսքով՝ արդեն մեկ տարուց ավելի է, որ սահմանային հսկիչ կետերում ներդրվել է բուսական ծագման մթերքների վերահսկողության անվտանգության համակարգը.

«Դա նիտրատների, պրեստիցիդների ստուգումն է՝ մինչև Հայաստան մուտք գործելը: Նշեմ, որ նիտրատների մնացորդային քանակությունը ստուգվում է յուրաքանչյուր բեռնաբաժնում, յուրաքանչյուր խմբաքանակում, և այն համապատասխանեցվում է ՀՀ-ում օրենսդրությամբ գործող պահանջներին»:

Ա. Նիկոյանի խոսքով՝ մեկ տարվա ընթացքում գրեթե խախտումներ չեն եղել.

«Դա կախված է նրանից, որ երբ ցանկացած երկրից սննդամթերք է ներմուծվում Հայաստան, նախօրոք տվյալ արտահանող երկիրը մեզանից պահանջում է մեր օրենսդրությամբ սահմանված պահանջները, և մենք էլ համապատասխանաբար պահանջում ենք, որ պահպանվեն դրանք»:

Խոսելով այն մասին, որ մեր համաքաղաքացիները բուսական ծագման սննդամթերք օգտագործելիս տարբեր տհաճ համեր են զգում և հաճախ վախենում են այլևս օգտագործել տվյալ մթերքը, Ա. Նիկոյանն ասաց, որ իրականում, երբ նիտրատների և պեստիցիդների մնացորդային քանակությունը գերազանցվում է, դա չի արտահայտվում ո՛չ համով, և ո՛չ էլ հոտով: Նրա խոսքով՝ դա կարող է սորտային առանձնահատկություններով պայմանավորված լինել.

«Գիտեք, եթե մարդ սովոր է միշտ նույն սորտի լոլիկ կամ պղպեղ ուտելուն և, եթե երբեմն օգտագործում է այլ սորտի մթերք, կարող է տվյալ մթերքից այլ համ զգալ. չի կարող սննդամթերքից պարարտանյութի հոտ գալ»:

Ա. Նիկոյանը տեղեկացրեց, որ փետրվարից սկսած՝ ներկրվել է ձմերուկը: Խախտումներ եղել են հիմնականում հենց այս մթերքի հետ կապված: Այն մեր հանրապետության տարածք հիմնականում ներկրվել է Իրանից, Վրաստանից, Թուրքիայից, Բրազիլիայից:

Նրա խոսքով՝ սահմանային հսկիչ կետերում անհրաժեշտ վերահսկողությունը կատարվել է և նիտրատների մնացորդային քանակությունը ստուգվել է.

«Հանրության մեջ տարածված այն կարծիքը, թե վաղ ժամանակում, այսինքն՝ ոչ ակտիվ սեզոնում բույսը կամ մթերքը վտանգավոր է՝ սխալ է, պարզապես վաղահաս մթերքն իրենից ավելի բարձր ռիսկ է ներկայացնում»:

Ըստ Ա. Նիկոյանի՝ եթե համեմատենք տեղում արտադրվող և ներկրվող սննդամթերքը, ապա ներկրվածն ավելի վերահսկելի է, քանի որ ներմուծման ժամանակ սահմանային հսկիչ կետում միանգամից ստուգում է իրականացվում և համապատասխան միջոցառումներ ձեռնարկվում.

«Ինչ վերաբերում է տեղական արտադրությանը, պատկերացրեք, որ մոտ 340 հազար գյուղացիական տնտեսություններ կան, և ամեն մեկն արտադրում է ու իր իմացած շուկայում իրացնում: Պարզապես հնարավոր չէ վերահսկել և ամեն մի գյուղացու արտադրանքի հետևից գնալ»:

Մեր այն հարցին, թե այդ խնդիրների լուծման համար ի՞նչ մեխանիզմներ պետք է մշակվեն, Ա. Նիկոյանը պատասխանեց, որ խնդրի լուծումը պետք է սկսվի գյուղացուց, ֆերմերից.

«Հենց գյուղացին կամ ֆերմերը պետք է հասկանան, որ չպետք է շատ պարարտանյութ տալ: Հետո էլ՝ օրենսդրական բաց կա. մեր օրենսդրությունը մեզ թույլ չի տալիս անորակ մթերքն առգրավել: Ի դեպ, նշեմ նաև, որ մենք արդեն 5 օրենսդրական փաթեթ ենք ներկայացրել կառավարությանը, և բուսասանիտարիայի մասին օրենքն արդեն ընդունվել է և շուտով կստորագրվի նախագահի կողմից: Դրանից բխող մի շարք ենթաօրենսդրական ակտեր էլ դեռ պետք է ընդունվեն»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս