Բաժիններ՝

Արփի Ավդալյան. «Եթե նվիրվում ես ճշմարիտ արվեստին, ապա արվեստդ գնահատողներ անպայման կգտնես»

Արփի Ավդալյանը, ով բանաստեղծ Աշոտ Ավդալյանի դուստրն է, շարունակում է հոր գործը, բայց ոչ թե բանաստեղծություններով, այլ ասեղնագործության յուրահատուկ ու ինքնատիպ տեսակով՝ կամուրջ ստեղծելով անցյալի ու ներկայի միջև: Հայկական զարդանախշերն ասես զրուցում են քեզ հետ` պատմելով հին հայկական ավանդույթներն ու սովորույթները: Նրա գործերից յուրաքանչյուրում կարելի է տեսնել հայի դիմագիծը, հայի ավյունն ու ուժը, հայ կնոջ խիզախ հեզությունը․ թեև նա երբեք չի սիրել աշխատել դեմքերի հետ, բայց կարողացել է զարդանախշերով կերտել հայի դեմքը:

– Արփի, ինչպե՞ս եղավ, որ որոշեցիր զբաղվել ասեղնագործության այս տեսակով:

– Դպրոցական տարիքից ինձ հետաքրքրել են հայկական զարդանախշերը, իսկ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Հայկական բաց համալսարան։ Հայկական տարազի դասերը դասավանդում էր Ադա Գաբրիելյանը: Հենց նրա դասերն էլ ինձ մոտ հետաքրքրություն առաջացրին հայկական տարազի ու զարդանախշերի նկատմամբ, և որոշեցի խորանալ հենց այդ ուղղությամբ:

Դիպլոմային աշխատանքս էր` «Տարազը՝ ժամանակակից վերարտադրմամբ»: Դա տարազի մաս կազմող գոգնոց էր՝ խորհրդանշական զարդանախշերով, արված խաչկար ասեղնագործությամբ։ Հնում աղջիկներն այդպիսի գոգնոցներ կապում էին ամուսնանալու երկրորդ օրը, ինչը համարվում էր մայրության ու պտղաբերության նշան:

Մոտ հինգ տարվա դադարից հետո ստեղծեցի ամենամեծ գործերիցս մեկը, ապա դարձյալ 4-5 տարվա դադար եղավ, որին հաջորդեց 4-5 գործ: 2012թ. սկզբներին ծնվեց անհատական ցուցահանդես ունենալու միտքը, սակայն գործերս քիչ էին։

Arpi-Avdalyan (2)

Arpi-Avdalyan (4)

Անորոշ ծրագրերը միս ու արյուն առան Շարաբերյանի անվան Ժողովրդական վարպետների թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանի շնորհիվ, ով առաջարկեց ցուցահանդեսն անցկացնել թանգարանում։ Ինձ համար շատ կարևոր է ցուցասրահի աուրան. այն պետք է ներդաշնակ լինի գործերիդ հետ:

Այս առումով Ժողվարպետների տունը հիանալի վայր էր: Մոտ 3 ամիս զօր ու գիշեր աշխատելով` ապահովեցի աշխատանքների համապատասխան քանակ: 16 գործով առաջին ցուցահանդեսս տեղի ունեցավ 2012թ. օգոստոսի 15-ին: Կարող եմ ասել, որ ցուցահանդեսի արձագանքները գերազանցեցին սպասելիքներս։

Այս ցուցահանդեսը մեկնակետ դարձավ, որին անմիջապես հաջորդեցին մյուսները։ Ցուցահանդեսը դեռ չփակված՝ Պարսկաստանի Ղազվին քաղաքում միջազգային ցուցահանդեսի մասնակցելու հրավեր ստացա։ Այստեղ ևս գործերս ջերմ ընդունելության արժանացան, դրանք տեսնելու էր եկել նույնիսկ քաղաքի ղեկավարությունը։ Զարմանալի է, բայց պարսիկներին հատկապես հետաքրքրում էին հայկական դրոշը, խաչը: Այնուհետև ցուցահանդեսներ եմ ունեցել Գյումրիում և Երևանում:

Arpi-Avdalyan (1)

– Քանի՞ գործ ունես հիմա, և ինչպե՞ս են ստեղծվում դրանք:

– Հիմա ունեմ մոտ 30 գործ՝ չհաշված զարդերիս հավաքածուն: Այս գործը սարսափելի շատ էներգիա է խլում, մանավանդ, որ գործերս ստեղծում եմ՝ առանց գծագրի նմուշի ու առանց էսքիզի: Բայց կարծես վերևից էներգիա եմ ստանում, անընդհատ լիցքավորվում եմ ու կարողանում եմ աշխատել առանց դադարի, աշխատելիս կորցնում եմ ժամանակի զգացողությունը: Եղել են օրեր, երբ 15 ժամ նստած աշխատել եմ ու չեմ զգացել, թե ինչպե՞ս է անցնում ժամանակը: Աշխատանքի ժամանակ չեմ սիրում, երբ ինձ խանգարում են: Ես կարծես ուրիշ աշխարհում եմ հայտնվում, դառնում եմ այլ մարդ:

– Չե՞ս մտածել այլ ուղղություններով զբաղվելու մասին:

– Ասեղնագործության այս տեսակը կոչվում է խաչկար: Բայց իմ աշխատանքները տարբերվում են սովորական ասեղնագործությունից: Աշխատում եմ մուլինե և մետաքսե թելերով: Հիմա ուզում եմ բրդյա թելերով էլ աշխատել` ավելի մեծ մասշտաբի գործեր ստանալու համար: Հետաքրքրվում եմ նաև գորգագործությամբ, սովորում եմ հիմա, բայց իմ ուղղությունն ասեղնագործությունն է:

Arpi-Avdalyan (6)

Arpi-Avdalyan (7)

Կարող եմ նաև գեղանկարչությամբ զբաղվել, որովհետև ունեմ գույնի զգացողություն, բայց իմ կարծիքով՝ ամեն մարդ պետք է իր համար նախանշված գործով զբաղվի: Ամեն մի աշխատանքից հետո հոգիս ավելի է մաքրվում, աշխարհին ուրիշ կերպ եմ նայում, ուրիշ զգացողություններ եմ ունենում:

– Իսկ ինչպե՞ս որոշեցիր հայկական զարդանախշերով զարդեր պատրաստել:

– Քանի որ շատ մեծ դժվարությամբ եմ բաժանվում գործերիցս, որոշեցի զարդերի ձևով դրանք հասանելի դարձնել: Զարդերի միջոցով փորձում եմ մարդկանց մոտեցնել մեր արմատներին: Զարդ գործելն ավելի դժվար է. նախ` չափերն են փոքր, պետք է կարողանաս փոքր տարածքում ստեղծել ավարտուն կոմպոզիցիա՝ իր տրամադրությամբ, գույով, էներգիայով։

Հետո` յուրաքանչյուրից մեկ օրինակ եմ ստեղծում: Մեծ գործը սկսում ու ավարտում ես մի մտքով, տրամադրությամբ, իսկ զարդերի դեպքում անընդհատ պիտի փոփոխվես, ինչը բավական մեծ կենտրոնացում է պահանջում:

– Որտեղի՞ց կարելի է ձեռք բերել Ձեր զարդերը:

– Զարդերիցս վաճառվում են «Աղաքսակ» խանութում, «Արտբրիջ» գրախանութ-սրճարանում, նաև Ազգային պատկերասրահում։ Դրանք կարելի է ձեռք բերել նաև համացանցի միջոցով՝ այցելելով arpiavdalyan.com կայքը, և իմ ֆեյսբուքյան էջի միջոցով։ Շատ եմ ցանկանում ունենալ իմ անհատական սրահը, որտեղ կվաճառվեն զարդերս ու կցուցադրվեն մեծ գործերս:

Arpi-Avdalyan (9)

– Ի՞նչ նպատակներ ունես ապագայում:

– Շատ եմ ցանկանում ցուցահանդեսներ ունենալ տարբեր երկրներում, բայց ապրել ու ստեղծագործել Հայաստանում: Պարսկաստանում երբ փորձեցի աշխատել նոր գործ ստեղծելու վրա, որպեսզի ցույց տամ, որ առանց գծագրի եմ աշխատում, ոչ մի կերպ չստացվեց, ու ես հասկացա, որ Հայաստանի շունչն ինձ պակասում է, և ես իրավունք չունեմ այլ երկրում ստեղծագործելու:

Օտար երկրներից կարելի է միայն նոր լիցքեր ստանալ ու վերադառնալ և ստեղծագործել քո երկրում: Նպատակներիցս է նաև հայրիկիս լիակատար ժողովածուն հրատարակելը, այն գործերը, որոնք չեն տպագրվել:

– Ի՞նչն է պակասում հայ երիտասարդ արվեստագետին:

– Իմ կարծիքով՝ Հայաստանը կարող է իր արվեստագետներով բավականին մեծ ճանաչում ունենալ ու ներկայանալ աշխարհին, քանի որ հայերի մեծ մասն անհատներ են: Այս փոքր Հայաստանում` արվեստի տարբեր բնագավառներում, ունենք տարբեր տեսակի անհատներ։

Մտավորականների շրջանում շատ է շահարկվում այն փաստը, թե Հայաստանում ոչ մի քայլ չի արվում արվեստի զարգացման համար, թե բնակչության շրջանում չկա հետաքրքրություն իսկական արվեստի նկատմամբ, մի խոսքով՝ Հայաստանն այն վայրը չէ, որտեղ երիտասարդ արվեստագետը կարող է գտնել իր տեղը։

Ես չեմ ուզում բանավեճի մեջ մտնել այս հարցերի շուրջ, սակայն վստահ կարող եմ ասել, որ, եթե դու անում ես այն, ինչ պահանջում է հոգիդ, եթե նվիրվում ես ճշմարիտ արվեստին, ապա արվեստդ գնահատողներ անպայման կգտնես։

Arpi-Avdalyan (11)

Arpi-Avdalyan (12)

Arpi-Avdalyan (5)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս