Սերգեյ Շաքարյանց. «Ռուսաստանը հիմա ժամանակավորապես դաշնակցում է Արևելքի երկրների հետ, որովհետև նրան մշտական դաշնակիցներ պետք չեն»

Ադրբեջանում միջկրոնական ու միջէթնիկական օրեցօր ավելի լայնամասշտաբ դարձող բախումների մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում պարզաբանումներ տվեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Բանախոսն ասաց, որ սրանք կրոնական համարելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ Ադրբեջանը 90 տոկոսով մահմեդական երկիր է. այդ մահմեդականների 98 տոկոսից ավելին շիաներ են, իսկ միջկրոնական բախումները պետք է լինեն տարբեր կրոնական ուղղությունների մեջ.

«Մենք չենք կարող իմանալ, թե ինչ ազգի սունիներ ու շիաներ են հիմա բախվում, որովհետև ադրբեջանում դեռևս Խորհրդային տարիներից բնաջնջվում էին բոլոր ազգային-էթնիկական փոքրամասնությունները:

Բայց եթե Խորհրդային միության ժամանակ ըմբոստ ձայներ չեն եղել, ապա հիմա դա բերել է միջհամայնքային, ներմահմեդական բախումների:

Օրինակ` սիրիական դեպքերից հետո շատ ու շատ ադրբեջանցիներ վերադարձան հայրենիք ու իրենց չստացված «զբոսանքի» համար պետք է բողոք դրսևորեին այն մարդկանց դեմ, ովքեր կազմակերպել էին գնալ Թուրքիա, այնտեղից` Սիրիա ու ջախջախել հայկական ու քրդական համայնքներին, բայց հակառակը ստացվեց: Այս ամենը քողարկելու համար բախումներին տվել են միջկրոնական անվանումը»,-ասաց Ս. Շաքարյանցը:

Լրագրողների հարցին, թե հավանակա՞ն է արդյոք պատերազմի վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, նա պատասխանեց, որ եթե ամերիկացիները դրդեն Ադրբեջանին, ապա հավանական է:

Սերգեյ Շաքարյանցը հիմնականում շեշտը դրեց Ռուսաստան-Իրան մերձեցման ու դրա հետ կապված հնարավոր խնդիրների վրա ու ասաց, որ նկատում է շատ շոշափելի ու ռազմավարական իրականություն, որովհետև պետք է գործարկվի ավանդական Մոսկվա-Թեհրան երկաթուղին, որն անցնելու է Ջուլֆայով և Նախիջևանով, իսկ երկաթուղին անփոխարինելի է` ռազմամթերք տեղափոխելու առումով.

«Ռուսաստանը հիմա ժամանակավորապես դաշնակցում է Արևելքի երկրների հետ, որովհետև նրան իրականում մշտական դաշնակիցներ պետք չեն: Նույնը կարող եմ ասել նաև Իրանի մասին, որը տարածաշրջանում բոլորին կարող է ապտակ հասցնել: Իսկ Իրանը հիմա կատաղած է ամերիկացիների պահվածքից Իրաքում, որոնք կազմակերպեցին իրենց դրածոների հարձակումը և շիաներից կորզեցին նավթով ու գազով հարուստ երկու բնակավայրեր»,-ասաց նա:

Իսկ այն հարցին, թե այս ամենում ի՞նչ դերակատարություն ունի Իսրայելը, նա պատասխանեց.

«Իսրայելն Ամերիկայի նման դրդում է քրդերին արագընթաց դուրս գալ Իրաքի կազմից: Իրանի արտգործնախարարի տեղակալ Ամիր Աբդալահյանը հայտարարել է, որ Իրանի գերխնդիրն է՝ կասեցնել Իսրայելի այդ ծրագրի իրականացումը: Իսրայելի շահն այն է, որ Քրդստանը դառնում է նոր կենտրոն, որը ընդգրկում է ամենալավագույն հողեր` Արևմտյան Հայաստան, Կիլիկիա, իսկ Կիլիկիայի տերը նաև Միջերկրականի տերն է : Այսինքն` քրդերի միջոցով իր ձեռքում պահել ամբողջ Մերձավոր Արևելքը, սպառնալ Ռուսաստանին ու Իրանին և կասեցնել շիաների ազդեցության աճը Մերձավոր Արևելքում»:

Տեսանյութեր

Լրահոս