Ասոցացման համաձայնագիրը ոչ մի կերպ չէր վտանգում Հայաստանի անվտանգությունը կամ Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցությունը

Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցության գործընթացի ձգձգումները և այդ հարցում շարունակվող անորոշությունը փորձագետների և հասարակության որոշ շերտերի մոտ համոզմունք է ձևավորում, որ Հայաստանը կարող է վերադառնալ դեպի Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ստորագրում: Այդպես է մտածում  նաև «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գիրգորյանը:

 

– Պարոն Գրիգորյան, որքանո՞վ է իրական, որ Հայաստանը վերադառնա ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրում: Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դրական փորձը կարո՞ղ են որոշակի ազդեցություն ունենալ Հայաստանի վրա:

– Ես համոզված եմ, որ Ասոցացման համաձայնագրերի վավերացումից և դրանց՝ ուժի մեջ մտնելուց հետո այդ երկրներում զարգացման տեմպերը կարագանան, և դա տեսանելի կլինի շատ մոտ ապագայում: Մյուս կողմից՝ Հայաստանը կարծես թե ձախողվել է Եվրասիական միությանն անդամակցելու գործում, և այդ իրավիճակից ևս պետք է ելք գտնել: Իշխանությունները փորձեցին գտնել Հայաստանի տեղը Եվրասիական միությունում, բայց փորձը ցույց տվեց, որ Հայաստանի շահերը չեն համընկնում այդ միության անդամ երկրների մի մասի շահերի հետ` Բելառուսի, Ղազախստանի, ինչ-որ չափով՝ նաև Ռուսաստանի հետ: Դա է պատճառը, որ անդամակցությունը Եվրասիական միությանը, Մաքսային միությանը ձգձգվում է, ավելին, չնայած հայտարարություններին՝ Հայաստանը չի կարող լինել Եվրասիական միության հիմնադիր անդամ: Այս իրավիճակում ես իմաստ չեմ տեսնում, որ Հայաստանը շարունակի այդ գործընթացին իր մասնակցությունը: Եվ չեմ բացառում, որ ինչ-որ ժամանակ հետո պարզ դառնա, որ Հայաստանը պետք է վերադառնա ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրին:

 – Չե՞ք կարծում, որ դա հնարավոր չէ, քանի որ Ռուսաստանը, միևնույն է, խոչընդոտելու է Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մերձեցմանը:

– Իհա՛րկե Ռուսաստանի ռեակցիան բացասական է լինելու: Բայց ես կարծում եմ, որ եթե մեր իշխանությունները սկսեն Ռուսաստանի հետ բազմաշերտ բանակցություններ, բացատրեն, որ Ռուսաստանի համար դրանից ոչ մի վտանգ չկա, Ռուսաստանի վերաբերմունքը կփոխվի: Ավելին, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի եվրաասոցիացումը շատ շուտով ցույց կտա, որ դրանից Ռուսաստանի տնտեսությունը ոչ մի վնաս չի կրում, որի պատճառով Ռուսաստանն ավելի լոյալ կգտնվի նաև Հայաստանի եվրոասոցիացման ապագայի նկատմամբ:

– Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը Վրաստանի նկատմամբ սանկցաներ կիրառելու փոխարեն՝ բացում է իր շուկան վրացական ապրանքների համար և առաջարկում է վերսկսել կանոնավոր ավիափոխադրումները: Դուք դա տարօրինակ չե՞ք համարում:

– Ոչ մի տարօրինակ բան էլ չկա. Ռուսաստանը պայքարում է այդ երկրների դեմ, սանկցիաներ է կիրառում, սպառնալիքներ է հնչեցնում մինչև ստորագրելը, իսկ ստորագրելուց հետո իրենք հաշվի են նստում փաստի, արդեն կայացած իրողության հետ: Ռուսները հիմա փորձելու են ցույց տալ Վրաստանին և աշխարհին, որ իրենք պատրաստ են աշխատել այդ երկրի հետ նոր իրողության պայմաններում:

Ավելին, նայեք, թե ով տուժեց Եվրամիության հետ ասոցիացման գործընթացում: Վրաստանը և Մոլդովան չտուժեցին, քանի որ ոչ մի պահ չշեղվեցին եվրաասոցիացման ճանապարհից, իսկ տուժեցին այն երկրները, որոնք տատանվեցին` Ուկրաինան և Հայաստանը: Հենց այդ երկրների վրա էլ Ռուսաստանը սկսեց ճնշում գործադրել, որի հետևանքները մենք հիմա տեսնում ենք: Ուկրաինան, իհարկե, շատ տուժեց, քանի որ այնտեղ հիմա պատերազմ է, բայց Հայաստանն էլ հայտնվել է փակուղում, որը ևս մեզ շատ մեծ վնաս է հասցնում:

– Չե՞ք կարծում, որ եթե Հայաստանն էլ շատ համառեր եվրաասոցիացման հարցում, այստեղ էլ, ինչպես Ուկրաինայում, կարող էր պատերազմ սկսվել:

– Ռուսաստանն ունի իր շահերը. Ռուսաստանը Հայաստանին Եվրասիական միություն տանելու հեռանկարով փորձում է շանտաժի ենթարկել Ադրբեջանին և նրան ևս բերել Եվրասիական միություն: Այսինքն՝ Ռուսաստանի քաղաքականությունը շատ պարզ է. Ղարաբաղի միջոցով Ադրբեջանին բերել Եվրասիական միություն, ու միայն այն ժամանակ, եթե Ադրբեջանը գնար Եվրասիական միություն, մեզ կընդունեին այդ կառույց:

– Բայց Ադրբեջանը շատ հստակ մերժեց Եվրասիական միությանը միանալու առաջարկը:

– Այո, Ադրբեջանը մերժեց, Ռուսաստանը դա հասկանում է, և հենց դա է պատճառը, որ Ռուսաստանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ անկում է ապրում: Մյուս կողմից՝ Ռուսաստանն էլ մտածում է. լավ, Հայաստանը մեկուսացավ, թուլացավ, ստացվում է, որ այս տարածաշրջանում իր ռազմավարական գործընկերը թուլանում է: Եվ աշխարհը և նաև հայ հասարակությունը կտեսնի ու կասի՝ ահա՛, մենք Ռուսաստանի հետ ենք, և դրա արդյունքն այն է, որ մեկուսանում ու թուլանում ենք, իսկ այն երկրները, որոնք ԵՄ-ի հետ են, ավելի արագ են զարգանում: Այդ պատճառով չի բացառվում, որ Ռուսաստանը չխոչընդոտի Հայաստանի եվրաասոցիացմանը: Բայց դա պետք է նախաձեռնի Հայաստանի իշխանությունը. պետք է բացատրել Ռուսաստանի իշխանությանը, որ պետք չի խոչընդոտել մեզ՝ գնալ դեպի Եվրոպա, որ մեր ասոցիացիան ԵՄ-ի հետ ոչ մի վտանգ չի պարունակում Ռուսաստանի շահերի համար: Եվ եթե Ռուսաստանն ուզում է, որ այս տարածաշրջանում իր գործընկեր երկիր Հայաստանը շատ չթուլանա, իսկ ես համոզված եմ, որ իրենք չեն ուզում, որ մենք շատ թուլանանք, Ռուսատանը պետք է թույլ տա Հայաստանին ասոցիացվել ԵՄ-ին:  Ռուսաստանը կարող է նաև Հայաստանի միջոցով համագործակցել ԵՄ-ի հետ, Թուրքիայի հետ:

– Իսկ ԵՄ երկրները նեղացած չե՞ն Հայաստանից, և արդյո՞ք հնարավոր է վերադարձ Ասոցացման համաձայնագրին:

– Եվրոպական էլիտայի մի մասն իսկապես շատ նեղացած է, բայց ընդհանուր առմամբ չեն մերժի: Բացատրեմ, թե ինչու. Հայաստանի հետ երեք-չորս տարիների ընթացքում շատ մեծ աշխատանք է կատարվել, և իրենք ափսոսում են իրենց կատարած աշխատանքը; Այնպես որ, եթե Հայաստանը որոշի վերադառնալ Ասոցացման համաձայնագրին, իրենք կարող են նախապայմաններ դնել. օրինակ՝ Հայաստանը ստորագրի և միակողմանի վավերացնի համաձայնագիրը: Միայն Հայաստանի խորհրդարանի վավերացումից հետո իրենք կսկսեն վավերացման գործընթացը:

– Երբ խոսք է գնում եվրաասոցիացման մասին, միշտ շեշտվում է, որ մենք չենք կարող ասոցիացվել ԵՄ-ի հետ, քանի որ կա անվտանգության հարց, որ ԵՄ-ն մեզ անվտանգության երաշխիքներ չի տալիս, և մեր անվտանգությունը Ռուսաստանի հետ է, իսկ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո անվտանգության գործող համակարգը չի գործի: Ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը:

– Ես ցավում եմ, որ փորձ է արվում հասարակությանը ապակողմնորոշել: Երբ Հայաստանն աշխատում էր Ասոցացման համաձայնագրի շուրջ, անվտանգության հարցերն այդ համաձայնագրում ընդհանրապես չէին շոշափվում: Ավելին, Ասոցացման համաձայնագրում հստակ նշված էր, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  անդամ է, որ Հայաստանն իր անվտանգության և ռազմական համագործակցության հարցերը լուծում է Ռուսաստանի հետ: Այս ամեն ինչը պայմանագրում հստակ նշված էր:

– Դուք ամբողջությամբ  կարդացե՞լ եք պայմանագիրը:

– Ամբողջությամբ՝ չէ, քանի որ տնտեսական մասն ինձ համար այդքան կարևոր չէր, բայց քաղաքական մասում այդ կետերը շատ հստակ նշված էին:

– Այսինքն՝ Ասոցացման համաձայնագրում նշվում էր, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը կարող է լինել ՀԱՊԿ-ի անդա՞մ:

– Այո Ասոցացման մեր համաձայնագրում անվտանգության հարցեր չէին քննարկվում: Ավելին, եթե Վրաստանի կամ Ուկրաինայի ասոցիացման համաձայնագրերում նշված է, որ նրանք նպատակ ունեն ապագայում անդամակցել Եվրամիությանը, ապա Հայաստանի համաձայնագրում ոչ մի այդպիսի բան չկար: Սա նշանակում է, որ Ասոցացման համաձայնագիրը ոչ մի կերպ չէր վտանգում Հայաստանի անվտանգությունը կամ Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցությունը, ինչպես դա փորձում են ներկայացնել:

Տեսանյութեր

Լրահոս