Բաժիններ՝

Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը ավելի քան հասունացել է. Գևորգ Դանիելյան

«Սահմանադրական բարեփոխումները իրենց այս փուլում արդարացնում են. նախաձեռնությունը հիմնավորված է: Տարբեր դիրքորոշումներ կան այս առնչությամբ. քաղաքական որոշ կուսակցություններ ընդհակառակը՝ գտնում են, որ ժամանակավրեպ է, չկա հանրային պահանջ, ինչին հակադարձելով, իհարկե, (զուտ իրավական ասպեկտներով) պետք է նշեմ, որ իրավական տեսանկյունից ավելի քան հասունացել է Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը: Այստեղ կա ներքին հակասություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանը:

Նա կարծում է, որ հենց այն ժամանակ, երբ դրվեց Սահմանադրության փոփոխության խնդիրը, անմիջապես փոխվեց տեսակետը, և առաջ քաշվեց մոտեցում, ըստ որի` Սահմանադրական բարեփոխումները պահանջված չեն. «Մինչ այս խոսվում էր այնպիսի ինստիտուտների մասին, որոնք ուղղակիորեն առնչվում էին Սահմանադրության փոփոխության հետ: Բայց այն բոլոր խնդիրները, հարցադումները, որոնք և քաղաքացիները, և քաղաքական ուժերը առաջադրում են, առանց Սահմանադրության փոփոխության դրանք իրականացնել հնարավոր չէ»: «Հանրային քննարկումները ընթանում են ճիշտ այն սպասված սցենարով, որ մենք նախատեսել ենք: Բավականին հաջող են ընթանում, և այս մեր ծանրաբեռնված աշխատանքը կարծես թե տալիս է բավարար արդյունքներ: Քննարկումների ընթացքում մենք բազմիցս լսում ենք ոչ այնքան մասնագիտական տեսակետի հիմնավորված հարցադրումներ: Որոշ դեպքերում մտահոգում է այն, որ մասնակիցների շրջանում՝ լինելով նեղ մասնագետներ, անում են այնպիսի արտահայտություններ, գնահատականներ, որոնք ընդհանուր ոչինչ չունեն…Ընդհանուր առմամբ հանդուրժող մթնոլորտում են ընթանում քննարկումները»,- նշեց Գևորգ Դանիելյանը: Նա ասաց, որ մարզային հանդիպումների ընթացքում նկատել է՝ մարդկանց իրազեկվածության աստիճանը նկատելիորեն բարելավվել է. «Սա երևում է կոնկրետ հարցադրումներով, եթե մինչ այդ հարց էինք տալիս՝ պարզենք իրենց հետաքրքրող այս կամ այն հիմնադրույթը ամրագրվել է Սահմանադրությունում, թե ոչ, հիմա իրենք արդեն հարցադրումներ են անում կոնկրետ ամրագրված ինստիտուտների շուրջ, ինչը ենթադրում է, որ կարդացել են, ծանոթ են կամ արտահայտվում են կողմ և դեմ այս կամ այն ինստիտուտին: Գ. Դանիելյանի համոզմամբ՝ Սահմանադրական փոփոխությունները էապես կարող են նպաստել տնտեսական, սոցիալական ոլորտի, կառավարման համակարգի որակի բարելավմանը. «Մենք շատ ենք խոսում այն մասին, որ նախկինում հատկապես Սահմանադրական զարգացումների կտրվածքով մենք նախապատվությունը տվել ենք կենտրոնացված իշխանությանը: Արդյունքում մենք ունենք կիսանախագահական հանրապետական կառավարման ձև: Այն տպավորությունն է, որ կենտրոնացված իշխանության սահմաններում կարծես թե ավելի մեծ լիազորություն պետք է վերապահվեր գործադիր իշխանությանը, հանրապետութայն նախագահին, և առավել սահմանափակ լիազորություններ երկրի օրենսդիր մարմիններին: Սահմանադրության այսօրվա վերլուծությունը բերում է այն համոզման, որ մի քանի դրույթներ էապես խոչընդոտում են գործադիր իշխանության արդյունավետ իրականացմանը»: Նա պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է իրավունքների իրականացման կարգին: Ըստ Գ. Դանիելյանի՝ չկա որևէ երկրորդ երկիր, որտեղ իսկապես իրավունքները իրականացման կարգը սահմանելը վերապահվեր բացառապես օրենսդիր մարմնին: Իրավունքների իրականացման կարգը սահմանելու արդյունքում չպետք է սահմանափակվի մարդու իրավունքը. «Եթե մենք փոխենք կարգավորման կանոնները, գործադիր իշխանությունը կարող է և պարտավոր է նաև իրավունքների իրականացման կարգ սահմանել: Այսպես կլուծենք նաև կառավարման որակի բարելավման խնդիր»: Գևորգ Դանիելյանը հավելեց, որ սոցիալ-տնտեսական ոլորտում նույնպես սահմանադրական բարեփոխումները անելը այժմ անհրաժեշտ է, և ձեռնարկատիրության ոլորտում որոշ սահմանափակումներ կարելի է նախատեսել. «Եթե կան անբարեխիղճ ձեռնարկատերեր, որոնք չարաշահում են  ձեռնարկատիրության իրավունքը, զբաղվում են խարդախությամբ, այլոց իրավունքների ոտնահարմամբ, տնտեսական գործունեության դեմ ուղղված պարբերաբար հանցագործություններ են կատարում, ապա նրանց միառժամանակ կարելի է արգելել զբաղվել ձեռնարկատիրությամբ կամ գոնե լինել հիմնադիրներ կամ ընկերության մասնակիցներ: Ազգային ժողովում այս նախաձեռնությունը բավականին լուրջ դիմադրության հանդիպեց, և ըստ էության բերվեց այն հիմնավորումը, որ ձեռնարկատիրությունը Սահմանադրությունում սահմանափակված չէ: Սա ազատ գործունեության տեսակ է: Բայց խոսքը հենց այն իրավունքների սահմանափակման մասին է, որ ես չէի ուզենա, որ երբևիցե չարաշահումների տեղիք տար բանավեճերի ընթացքում, որոնք բխում են հանրության շահերից»:

Բավական Ափիցարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս