Ա. Մարտիրոսյան. «Ռուսաստանը «քցեց» Սերժ Սարգսյանին այնպես, ինչպես Սարգսյանը` եվրոպացիներին»
«Իհարկե, լավ է ուշ, քան ավելի ուշ»,- մեզ հետ զրույցում այսպես արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարության մասին:
Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանն այն ընդդիմադիր գործիչներից է, ով մշտապես կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ ավելի հորիզոնական, հավասար հարաբերություններին և քննադատել Հայաստանի իշխանություններին` ռազմավարական գործընկերոջ ոչ հայանպաստ քաղաքականությանը չարձագանքելու համար: Եվ, ահա, Սերժ Սարգսյանը հրապարակայնորեն իր դժգոհությունն է հայտնում` արգենտինական Clarin թերթին տված հարցազրույցում հայտարարելով. «Մեր ժողովուրդը շատ մտահոգված է, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին»:
Մարտիրոսյանի կարծիքով` Սարգսյանի ասածը, իհարկե, կարևոր էր, բայց դրան նաև պիտի հետևեն քայլեր, որոնք կհաստատեն Հայաստանի արժանապատվությունը և հորիզոնական հարաբերությունների հաստատումը Ռուսաստանի Դաշնության հետ. «Իհարկե, ցանկացած ղեկավար անձնավորության հայտարարություն կարևոր է, բայց հետաքրքիր է, որ դա արվել է հեռավոր Արգենտինայից և ոչ թե իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Կարծում եմ` ինչպես Նազարբաևը հրապարակային նմանատիպ խոսք ասաց, Սերժ Սարգսյանը ևս բազմաթիվ առիթներ է ունեցել իր գործընկերների հետ հանդիպմանը հրապարակային խոսելու այդ հարցի մասին, բայց չի ասել: Իհարկե, լավ է ուշ, քան ավելի ուշ: Այդ առումով իր ասածն, իհարկե, կարևոր էր, բայց ոչ միայն խոսքն է կարևոր, այլ ընդհանրապես Հայաստանի արժանապատիվ կեցվածքը, սկզբունքային արտաքին քաղաքականություն ունենալը, և ոչ թե չորս տարի շարունակ խոսել մի ուղղության մասին և մեկ հանդիպումով վերանայել այդ մոտեցումը: Եվ, վերջապես, դրան պիտի հետևեն այնպիսի քայլեր, որոնք պետք է հաստատեն Հայաստանի արժանապատվությունը և հորիզոնական հարաբերությունների հաստատումը Ռուսաստանի հետ: Օրինակ` այդ հարցի բարձրացումը ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանը, հայ-իրանական նորմալ հարաբերությունների հաստատումը, նկատի ունեմ` գազային հարցը, երբ մեզ 100 դոլարով գազ են առաջարկում, և Հայաստանը չի համաձայնում, խայտառակ վիճակը էներգետիկ համակարգում, այն, որ Ռուսաստանը ոչ միայն ռազմական համագործակցություն է իրականացնում Ադրբեջանի հետ, այլև նրան ռազմավարական դաշնակից է հռչակում և այլն, և այլն»:
Արմեն Մարտիրոսյանը նաև ավելացրեց, որ Սերժ Սարգսյանի ասածը կդառնա որոշակի քննարկման առարկա, բայց դժվար թե լուրջ հետևանքներ ունենա:
Հարցին, թե Սարգսյանի հայտարարությունը կարո՞ղ է ինչ-որ կերպ կապված լինել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցի հետ, «Ժառանգության» փոխնախագահը պատասխանեց. «Բնականաբար, որոշակի կապ կա. Ռուսաստանը «քցեց» Սերժ Սարգսյանին այնպես, ինչպես Սարգսյանը` եվրոպացիներին, ուստի երևի մի քիչ նեղացած է հիմա և դա է փորձում արտահայտել: Բայց, միևնույն է, դա խնդիր չի լուծում»: