Քնարիկ Հովհաննսիյան. «Բնապահպանության նախարարությունը պարտավոր է հետևել այն ձկնաբուծական լճերին, որոնք արդեն սնանկացել են…»
Արարատյան դաշտավայրի ոռոգման հիմնախնդիրների, արտեզյան ջրերի, ջրային հորատարների հիմնախնդիրների մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում իրենց կարծիքները հայտնեցին ու մի քանի առաջարկներով հանդես եկան ջրային ռեսուրսների գծով փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը և երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը:
Քնարիկ Հովհաննիսյանը խոսեց կառավարության նոր ծրագրի մասին. «Արարատյան դաշտում 100-150 նոր հորատարներ ստեղծել` ստորգետնյա ջրերը վերհանելու համար. սրա համար հատկացվում է 550 մլն դրամ` չնայած նախորդ տարի Տիգրան Սարգսյանի կառավարությունը որոշում էր ընդունել, որ ռեսուրսները վերականգնելու ու անխնա չօգտագործելու համար դրանք պետք է փակվեն, որի համար հատկացվել էր 107 մլն դրամ: Որքան գիտեմ՝ այդ գումարը տրվել էր «Հայջրնախագիծ ինստիտուտի» տնօրեն Յուրի Ջավադյանի հիմնարկությանը: Այս տարվա հորատարերի ծրագրերի հետ մեկտեղ` 70մլն խմ լրացուցիճ ջուր էլ Սևանա լճից պետք է դուրս բերել այն դեպքում, երբ, իմ տեղեկույթուններով` այս տարի լճի մակարդակն իջել է 8 սմ- ով: Երկու կառավարության ծրագրերն էլ սխալ են»,-նշեց Ք. Հովհաննիսյանը:
Նա նաև հավելեց, որ եթե նախկինում հորատարներից ջուրը շատրվանում էր մոտ 15 բարձրությամբ, ապա հիմա առանց պոմպերի դա հնարավոր չէ:
Լրագրողներից մեկն հիշեցրեց, որ երեկ փոխվարչապետը պարզաբանել է, թե դրանք նոր հորատարներ չեն, այլ փակվածներն են փորձում վերագործարկել: Իսկ ո՞րն է Ք. Հովհաննիսյանի առաջարկը, եթե նա ասում է, որ Սևանից ջուր բաց թողնել չի կարելի, հորատանցքերը գործարկել ևս հնարավոր չէ, իսկ ջրամբարներում էլ, ինչպես հայտարարում են՝ ջուր չկա:
«Մեկ ձկնաբուծարանում վայրկյանում 500 լ ջուր է գալիս ու թափվում: Ինչո՞ւ չի կարելի այնպես կազմակերպել, որ այդ հետադարձ ջուրն օգտագործվի ոռոգման նպատակով. Դա լրիվ բավական կլինի: Խնդիրը կարելի է շատ հեշտ լուծել, ուղղակի մենք կլանային պետություն ենք և բիզնեսի շահերն ավելի բարձր ենք գնահատում, քան հասարակության շահերը».- պատասխանեց Ք. Հովհաննիսյանը:
Ռուբեն Յադոյանն իր հերթին քննադատեց կառավարությանը. «Ո՞վ է զբաղվում այս հարցերով՝ Արմեն Գևորգյա՞նը, Հովիկ Աբրահամյա՞նը, իրենք ի՞նչ գիտեն հիդրոերկրաբանության մասին, որ հավաքվում ու այս հարցերն են քննարկում: Մեջները հիդրորերկրաբան չկա: Մեկը` հացթուխ է, մյուսը` վաճառական, ով ասես կա, բացի մասնագետից»,-ասաց նա:
Ռ. Յադոյանը խոսեց նաև հորատման ձևերի մասին. «Հորատման ժամանակ մենք պետք է գրունտային ջրերի հորիզոնը և երկու ճնշումային ջրերի հորիզոնները չխառնենք իրար հետ: Խառնելու դեպքում` ամբողջ հանքավայրի բնույթը կփոխվի: Պետք է գրունտային ջրերն օգտագործել ոռոգման նպատակներով, իսկ ճնշումային ջրերը` խմելու: Խմելու ջուրը ոռոգման համար չի կարելի օգտագործել»,- նշեց նա:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե Բնապահպանության նախարարությունն ի՞նչ դիրքորոշում ունի այս խնդրի վերաբերյալ, Ռ. Յադոյանը պատասխանեց. «Բնապահպանության նախարարությունից միայն Սիմոն Պապյանն է երկրաբան, որի ձեռքին ոչ մի ճար չկա»:
Ըստ Ք. Հովհաննսիյանի՝ Բնապահպանության նախարարությունը պարտավոր է հետևել այն ձկնաբուծական լճերին, որոնք արդեն սնանկացել են, համապատասխան ջուր չունեն և փակվում են` թողնելով այդ կառուցվածքը քանդված, ճահճացված: «Պետք է համապատասխան լիցք արվի, որ այն խոտաբույսերը, որոնք ժամանակին վերացել ու ոչնչացել են՝ վերականգնվեն: Մի տեղ մեզ մոտ Արարատյան դաշտավայրը ճահճացած է, մյուս տեղում` աղակալված, ամայի տարածք և անապատային բուսականություն»,- հավելեց նա: