Պետք է հասկանալ, որ Ղարաբաղի համար կարևոր է, որ մյուս 7 տարածքները վերադարձվեն…asekose.am
Asekose.am-ը հարցազրույց է վարել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն ՀեֆՖերնի հետ;
– Ի տարբերություն Տիգրան Սարգսյանի, ով դեռ նոր պետք է ծավալի իր գործունեությունը որպես դեսպան, Դուք արդեն կարող եք ամփոփել Հայաստանում Ձեր անցկացրած տարիները: Կասեք, թե ինչպիսի՞ն էր Ձեր առաջին տպավորությունը մեր երկրից և արդյ՞ոք այն ժամանակի ընթացքում փոխվել է:
-Ես այս տարածաշրջանի հարցերով չէի զբաղվել և փորձագետ չէի: 2011 թ. հոկտեմբերին նշանակվեցի և եկա այստեղ: Մինչ գալս չգիտեի, թե ինչ պետք է ակնկալեի: Սակայն ես և կինս, այստեղ ժամանելով, հայտնաբերեցինք, որ Հայաստանը նախ գեղեցիկ երկիր է, մայրաքաղաքը շատ աշխույժ և գունեղ, իսկ մարդիկ էլ ջերմ են և տաղանդաշատ: Հայաստանը, անշուշտ, դժվարություններ ունի, սակայն մարդկանց ջերմությունը և տաղանդն այն գործոններն են, որոնք թույլ կտան հաղթահարել այդ դժվարությունները: Հայաստանում ճանապարհորդելով` տեսանք Հայաստանի մշակութային և գեղատեսիլ վայրերը, ինչպես նաև նկատեցինք, որ գյուղական բնակավայրերն ունեն խնդիրներ: Կա տարբերություն Երևանի տնտեսական կայունության և մարզերի, գյուղական համայքների տնտեսության առումով: Եվ դա է պատճառը, որ ներկայումս մեր շատ աշխատանքներ ուղղված են գյուղական բնակավայրերի զարգացմանը և այդ միտումը նաև կպահպանվի առաջիկա ժամանակներում:
-Եթե փորձենք նաև անդրադառնալ Հայաստանի մյուս խնդիրներին, ապա որո՞նք են դրանցից առաջնային լուծում պահանջում և արդյո՞ք այդ առումով տեսլական ունեք:
-Հայաստանի առջև ծառացած է տարածաշրջանային մարտահրավերը: Միացյալ Նահանգները որպես գործընկեր և բարեկամ պետություն ցանկանում է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Դա լավ է Հայաստանի և Թուրքիայի համար: Եվ նաև Լեռնային Ղարաբաղի հարցում մենք որպես Մինսկի խմբի համանախագահ պետություն ցանկանում ենք աջակցել խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը: Իսկ որպես ներքին ամենահրատապ խնդիր, որի շուրջ միջազգային հանրությունը պատրաստ է աջակցել` հավասար խաղի պայմանների ապահովումն է Հայաստանի քաղաքական և տնտեսական դաշտում:
-Պետք է փաստենք, որ վերջին տարիներին ներքին խնդիրներին զուգահեռ Հայաստանում ձևավորվել է քաղաքացիական հասարակությունը, սակայն այս շերտի և ոստիկանության հարաբերությունները դժվար է քաղաքակիրթ անվանելը: Վերջին օրերի իրադարձություններն ասվածի վառ ապացույցն են, քանի որ ոստիկանական բռնությունն ակնհայտ էր: Ինչպե՞ս պետք է կարգավորվել այս դաշտը:
-Հայաստանի բարեկամները և գործընկերներն աշխատում են երկու ոլորտներում էլ` և ոստիկանական, և քաղաքացիական հասարակության: Քաղաքացիական հասարակության ոլորտում տեսել ենք դրական զարգացումներ, հասարակական կազմակերպություններն օրեցօր հզոր են դառնում: Նախորդ շաբաթ տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, որի ժամանակ Հայաստանի միջազգային գործընկերները` 5-6 կառույց, միասին մրցանակներ են հանձնել քաղաքացիական հասարակության, հ/կ-ների, ակտիվիստների, լրատվամիջոցների շրջանում իրենց գործունեությամբ աչքի ընկած մարդկանց: Ուստի կարող ենք ասել, որ քաղաքացիական հասարակության ոլորտում հաջողություններ կան:
Ոստիկանական համակարգի բարեփոխումների հետ կապված կարող եմ ասել, որ այստեղ գտնվելու երեք տարիների ընթացքում նկատել եմ, որ հանրահավաքների անցկացման ոլորտում դրական տեղաշարժեր են եղել: Եթե համեմատենք 2013 թվ-ի հետընտրական ժամանակահատվածը 2007 թ. հետ, ապա կտեսնենք, որ հանրահավաքների ազատության առումով շատ մեծ դրական տեղաշարժ է տեղի ունեցել: Հիշենք թեկուզ Մաշտոցի պուրակը, «Վճարում ենք 100 դրամ» ակցիան, որոնք նույնպես իրագործվել են: Իսկ խնդիրներ դեռ կան և մենք տեսնում ենք դեպքեր, երբ առանձին ոստիկաններ անցել են արհեստավարժության շեմը և իրենց ճիշտ չեն դրսևորել: Ուստի` մենք շարունակելու ենք աշխատել ոստիկանության հետ` բողոքների դեպքում նրանց գործողությունների կազմակերպման և արհեստավարժության մեծացման համար:
-Անցում կատարենք հակամարտության կարգավորման խնդրին: Հայ-ադրբեջանական հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Ադրբեջանը, անընդհատ դիվերսիոն գործողություններ իրականացնելով, խախտում է հրադադարի ռեժիմը, ժնևյան կոնվենցիան: Այդ գործողությունների հետևանքով մենք անընդհատ կորուստներ ենք ունենում, օրեր առաջ մահացավ Ադրբեջանում խոշտանգումների ենթարկված 77-ամյա Մամիկոն Խոջոյանը: Դուք կարևորում եք խաղաղ բանակցությունը, սակայն այս ամենից հետո դա իրատեսակա՞ն է:
– Պետք է խնդրին խաղաղ լուծում տրվի և այդ հարցի վերաբերյալ որևէ այլընտրանք չկա: Մինսկի խումբը ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի ի վերջո խնդիրը խաղաղ կարգավորում ստանա: Միացյալ Նահանգները և մյուս համանախագահները խստագույնս դատապարտել են այս տեսակ հրադարի խախտումները և մարդկային կորուստների դեպքում ցավակցություն են հայտնել: Այդ միջադեպերը հաշվի առնելով պետք է բոլոր կողմերն անհրաժեշտ ճկունություն և ստեղծարար մոտեցում ցուցաբերեն, որպեսզի կարողանանք խաղաղ լուծում գտնել հակամարտությանը, որն այսքան երկար խաթարում է ժողովուրդների հարաբերությունները:
– Խոսեցիք Մինսկի խմբից և չենք կարող չհիշատակել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքի աղմկահարույց հայտարարությունը, որը Հայաստանում բավական քննադատվել էր: Ի՞նչ եք կարծում նման տեսակ հայտարարությունները չեն խանգարում Ձեր իսկ կողմից մատնանշած հարցի խաղաղ կարգավորմանը:
-Ինքս տեսել եմ քննադատություններ, քանի որ «Twitter»-ում շատ ակտիվ եմ: Կուզեի նաև կոչ անել, որ Ձեր ընթերցողները մեզ միանային. բոլոր քննարկումները կարող ենք շարունակել նաև այդ հարթակում: Ինչ վերաբերում է ելույթին` այլ կարծիք ունեմ այս հարցի վերաբերյալ: Ելույթի հետ կապված նշեմ, որ այն երկու նպատակ է ունեցել: Առաջինը` հանրային բանավեճի ձևավորում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար մատնանշված 6 կետերը վաղուց ի վեր հայտնի են, բայց Ուորլիքը հավատացած էր, որ անհրաժեշտ է, որ այդ սկզբունքերը հասարակությանը ներկայացվեն, որպեսզի դրանք ի վերջո հաջողություն ունենան: Ես և Ադրբեջանում մեր դեսպանը համակարծիք ենք, որ թեման այնքան է սառեցված եղել, որ հասարակության մեջ այդ սկզբունքների վերաբերյալ ընդհանուր ընկալումը բացակայում էր: Ուորլիքը ցանկացել էր իր ելույթով հանրային բանավեճ ձևավորել: Կարծում եմ, որ նա այդ հարցում հաջողության հասել է: Երկրորդ նպատակն այն էր, որ խաղաղության հետ կապված ցանկացած բանակցությունների հիմքում անհրաժեշտ է տարբերակում` բուն Լեռնային Ղարաբաղի և դրան շրջապատող տարածքների միջև: Ես և Ուորլիքն այն զգացողությունն ունենք, որ երկու կողմերն էլ այդ երկու տարածքները դիտարկում են որպես մեկ ամբողջություն: Եթե երկու կողմերն էլ այդ ընկալմամբ առաջնորդվեն, ապա կարգավորում չի լինի: Պետք է հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի համար կարևոր է, որ մյուս 7 տարածքները վերադարձվեն Ադրբեջանին: Եվ եթե հակամարտության կողմերից որևէ մեկը չի պատկերացնում լուծումն այդ տարբերակով. ապա դրա համար շատ երկար ժամանակ կպահանջվի, հակամարտությունն էլ շատ երկար կտևի:
-Ներկայումս ամբողջ աշխարհը շարունակում է հետևել Ուկրաիանայում ընթացող գործընթացներին, որոնք ըստ էության ծագել են Մաքսային միության և Եվրամիություն երկըտրանքի ճանապարհին: Մեր իշխանությունները որդեգրել են Մաքսային միությանն անդամակցության քաղաքականությունը: Որքանո՞վ է հայկական կողմի այս դիրքորոշումն ընդունելի Ձեզ համար:
– Նորից ասեմ, որ սա իմ երկիրը չէ և չեմ կարծում, որ իմ կարծիքը որևէ բան փոխում է: Մի քանի տարի Հայաստանն ընթանում էր Եվրամիության հետ ասոցացման, ազատ առևտրային համաձայնագրի ուղղությամբ: Մենք և միջազգային գործընկերները պաշտպանում էինք այդ ուղղությունը` կարծելով, որ այն Հայաստանի համար լավ ճանապարհ է: Ողջունում ենք, որ ներկայումս Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան ստորագրել են ասոցացման համաձայնագրերը, սակայն Հայաստանն ինքնիշխան պետություն է և ամեն երկիր իրավասու է առանց որևէ ճնշումների որոշումներ:
-Մաքսային միությանն անդամակցության ճանապարհին չի բացառվում, որ «խաղից դուրս» վիճակում կարող է հայտնվել ԼՂՀ-ն: Ինչն էլ իր հերթին Հայաստանում շատերի զայրույթն է առաջացնում, ի՞նչ եք կարծում սա հիմք կհանդիսանա ուկրաինական սցենարի հայաստանյան կրկնությանը:
– Ապագան թույլ տվեք չկանխատեսել, ենթադրական հարցերին չպատասխանել, Ես հայ չեմ, Մաքսային միության կազմում չեմ և նպատակահարմար չէ, որ դրա վերաբերյալ կարծիքներ հայտնեմ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: