ՀՀ քաղաքացիները կկարողանան Ռուսաստանում աշխատել առանց թույլտվության (տեսանյութ)
Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը, նաև համաձայնություն տվեց 1994թ. հուլիսի 19-ի՝ երկու երկրների տարածքում աշխատող քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության խնդիրները կարգավորող համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը:
Միգրացիոն պետական գործակալության պետ Գագիկ Եգանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ առաջին համաձյանագրով սահմանվում է, որ կողմերի տարածք մուտք գործելուց հետո քաղաքացին այսօրվա 7 օրվա փոխարեն կարող է 30 օրվա ընթացքում կանգնել հաշվառման:
«Երկրորդ համաձայնագիրը ավելի տարողունակ և կարևոր հարցեր է լուծում՝ կողմերի տարածքներում քաղաքացիները կարող են աշխատանքային գործունեություն ծավալել առանց լրացուցիչ թույլտվություն ստանալու: Այսօր, որպեսզի մեր քաղաքացին ՌԴ-ում աշխատի, դիմում է համապատասխան մարմիններին՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը, վճարելով տուրք, սպասելով որոշ ժամանակ՝ մինչև դրական կամ բացասական որոշում կկայացվի: Այս համաձայնագրով այդ թույլտվության կարիքը չի լինում, այսինքն՝ աշխատաշուկան դառնում է միասնական»,- ասաց Գ.Եգանյանը:
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միացման ճանապարհային քարտեզով նախատեսվում է, որ անդամակցության պահին ՀՀ-ն պետք է միանա «Աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների իրավական կարգավիճակի մասին» 2010թ. նոյեմբերի 19-ի համաձայնագրին, որով ավելի բարենպաստ ռեժիմ է սահմանվում, քան նախատեսված է ՄՄ անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիների համար: Համաձայնագրի դրույթները պետք է գործեն միայն 2015թ. հունվարի 1-ից, սակայն սույն համաձայնագրերի կնքումը թույլ կտա դրանք կիրարկել ավելի վաղ ժամկետում:
Մանրամասները՝ տեսանյութում