Ովքե՞ր իրավունք ունեն հրաժարվել նպատակային սոցիալական վճարից և ովքե՞ր են պարտադիր վճարելու. ԳԱԼԱ
Հուլիսից կիրառվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը: Ի՞նչ կարգով է կատարվելու պետական հաստատությունների աշխատակիցներից նպատակային սոցիալական պարտադիր վճարների գանձումը եւ ինչպե՞ս է ապահովվելու վերադարձելիությունը:
Այս հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով ԳԱԼԱ-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Հարցերին պատասխանել է կենսաթոշակային ապահովության վարչությունը: Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ.
-Բացատրեք խնդրեմ՝ հուլիսից ինչպե՞ս են պետական հաստատություններում տեղի ունենալու պարտադիր նպատակային սոցիալական վճարների գանձումները, ի՞նչ կարգ է նախատեսված:
-Նպատակային սոցիալական վճարները գանձվելու են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով (նոր խմբագրությամբ) սահմանված անձանցից, այդ օրենքով սահմանված չափով և կարգով:
Օրենքի 81-րդ հոդվածի համաձայն` Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի (մինչև 01.07.2017թ) 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված անձինք, ովքեր օրենքի համաձայն պարտավոր են կատարել սոցիալական վճար, կարող են հրաժարվել սոցիալական վճար կատարելու պարտականությունից:
Դրա համար այդ անձինք իրենց որոշման մասին պետք է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը հարկային մարմնին ներկայացնեն համապատասխան դիմում (վարձու աշխատողը դիմումը ներկայացնում է գործատուի միջոցով):
Պետական և համայնքային ծառայողները, պետական և համայնքային հիմնարկների, ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների, ՀՀ կենտրոնական բանկի աշխատողները, 01.07.2014թ-ից հետո աշխատանքային շուկա մուտք գործողները նման որոշում չեն կարող կայացնել: Նրանք 01.07.2014թ ից կատարելու են սոցիալական վճարի իրենց պարտավորությունը:
-Ինչո՞վ կտարբերվի նպատակային սոցիալական վճարը պարտադիր կուտակային վճարից: (ի՞նչ պայմաններով է կատարվելու գանձումները, վերադարձելիության հարցն ինչպե՞ս է կարգավորվելու):
-Կուտակային վճարները կատարվում էին օրենքով սահմանված կանոնների համաձայն` պարտադիր կուտակային կենսաթոշակ ստանալու նպատակով: Կուտակային վճարը կատարվում էր մասնակցի` օրենքով սահմանված եկամտի տեսակներից և ՀՀ պետական բյուջեից: Կուտակային վճարները փոխանցվում էին մասնակիցների ռեեստրը վարողին:
Նպատակային սոցիալական վճարը պետական բյուջեի եկամուտ է: Նպատակային կատարող անձի համար (օգտին) օրենքով սահմանված կանոնների համաձայն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու նպատակով կատարվում է կուտակային հատկացում: Կուտակային հատկացումների վերադարձելիության երաշխավորումը և դրա ընթացակարգը սահմանված է օրենքով:
-Պետական համակարգի քանի՞ աշխատակիցներից կկատարվեն գանձումներ, ի՞նչ հաշվարկներ կան, եւ որքա՞ն կկազմի կուտակված գումարը: Եվ ի՞նչ թիվ են կազմում մասնավոր հատվածի այն աշխատակիցները, ում վրա օրենքը կտարածվի երեք տարի անց:
-Այս հարցին իրավասու է պատասխանել ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Մանրամասներն՝ այստեղ