Բաժիններ՝

Ա. Իշխանյան. Ոստիկանության կողմից խոշտանգումների մեծ մասը տեղի են ունենում հենց ձերբակալման սկզբնական շրջանում

Խոշտանգումների արգելքը մարդու բացարձակ իրավունք է, ինչն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում: ՀՀ Սահմանադրությամբ նույնպես սահմանված է, որ «ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»: Մինչդեռ Հայաստանում կիրառվող սահմանումը չի ներառում «պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի կամ նրանց դրդմամբ կամ համաձայնությամբ արված խոշտանգման մասին» դրույթը:

«Ըստ բոլոր միջազգային դրույթների՝ խոշտանգումը ցավն է, որ պատճառվում է մարդուն պետական մարմինների կողմից, սակայն մեր օրենսդրությամբ այս դրույթը ամրագրված չէ», – հայտարարեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր. իրադրությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ:

«Ազատազրկումից հետո ոստիկանները պարտավոր են քաղաքացուն երրորդ անձի զանգելու հնարավորություն տալ, ապահովել փաստաբան ունենալու իրավունքն, ինչպես նաև բժշկի ներկայությունն է պարտադիր»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Ըստ բանախոսի` Հայաստանում ստեղծված է իրավիճակ, երբ խոշտանգման ենթարկված մարդիկ հազվադեպ են համաձայնվում դիմել իրավական ճանապարհով հարցի քննությանը:

«2013թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում 135 ձերբակալված անձանցից միայն 2-3 է ունեցել փաստաբան, մինչդեռ ոստիկանության կողմից խոշտանգումների մեծ մասը տեղի են ունենում հենց ձերբակալման սկզբնական շրջանում», – նշեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Քննարկման մասնակից Դվին Իսանյանսը ներկայացրեց, թե ինչպես է ենթարկվել ծեծի ոստիկանության կողմից մայիսի 13-ին Մաշտոցի պուրակի անվանափոխության դեմ կազմակերպված ակցիայից հետո:

«Քաղաքացիական ակցիայի ժամանակ բերման ենթարկելիս ոստիկաններն ինձ ծեծի են ենթարկել, էլեկտրաշոկով հարվածներ հասցրել, այնքան, որ ուշագնաց եմ եղել», – պատմեց Դվին Իսանյանսը:

Անդրադառնալով բժշկական հաստատություններում տիրող իրավիճակին` Արթուր Սաքունցը փաստեց. «Հոգեբուժական հաստատություններում գրանցված մահացությունների տարեկան թիվը չի զիջում բանակում գրանցվող մահվան դեպքերին, սակայն որևէ մեկով քրեական գործ հարուցված չէ»:

Բանախոսը կարծում է, որ հոգեբուժարաններն օգտագործվում են որպես պատժիչ ինստիտուտ` հարազատների միջև հարաբերությունները պարզելու:

«Ըստ եվրոպական կոնվենցիայի՝ խոշտանգում կատարողը չի կարող վաղաժամկետ ազատվել կամ համաներման արժանանալ: Սա է պատճառը, որ Հայաստանում քրեականացված չէ խոշտանգումը», – հայտարարեց Արտակ Զեյնալյանը:

Խոսելով առողջապահականև սոցիալական ոլորտում խոշտանգումների մասին` Հովհաննես Մադոյանն ընդգծեց, որ Հայաստանում յուրաքանչյուր օր ցավազրկման կարիք ունի մոտ 3000 մարդ, իսկ տարեկան ներմուծվում է այնքան մորֆին, որը կարող է բավարարել օրական 250 հոգու, այսինքն 90 տոկոս ցավով տառապող մարդիկ՝ չեն ստանում անհրաժեշտ ցավազրկող միջոցներ:

Խնդրահարույց է նաև թմրանյութերից կախվածություն ունեցող անձանց ազատազրկման մեջ մատուցվող բժշկական օգնության հարցը: Ըստ բանախոսի` 2011 թ. հարցված երբևէ ազատազրկման մեջ եղած 53 թմրամոլներից 22-ը տեղեկացրել են զրկանքի մեջ գտնվելու մասին, սակայն միայն 4-ն են ստացել պատշաճ բժշկական օգնություն:

Նույն իրավիճակն է նաև ՄԻԱՎ-ով տառապող անձանց դեպքում, քանի որ վերջիններս ենթարկվում են խտրականության` ստանալով ավելի ցածրորակ բուժօգնություն:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 26-ը հռչակել է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր: Հայաստանի Հանրապետությունը միացել է Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիային 1993 թվականին հունիսի 9-ին։ Սակայն մինչ օրս խոշտանգումների սահմանումը, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում, չի համապատասխաննում ՄԱԿ-ի վերոհիշյալ կոնվենցիայի դրույթներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս