Բաժիններ՝

Ըստ Հրանուշ Խառատյանի՝ եթե փախստականները ստանան ՀՀ քաղաքացիություն, ապա կզրկվեն շատ իրավունքներից

«Գնալով փախստականների թիվը քչանում է: Ես շատ-շատ վատ եմ զգում: Մարդիկ տարեց են, հիվանդ են, մարդիկ մահանում են: Այսինքն՝ մեր ծրագիրը ի՞նչ է՝ սպասել մինչև նրանք, այսպես` ֆիզիկապես ամբողջովին ոչնչանա՞ն: Որևէ խոսք չի եղել վերջին հինգ տարիների ընթացքում, որ Ազգային ժողովում որևէ մեկը որևէ խոսք փախստականի պրոբլեմի նկատմամբ բարձրացնի: Եվ նույնը կառավարությունում է մեծ հաշվով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրանուշ Խառատյանը:

Փախստականներով բնակեցված հանրակացարանի ներկայացուցիչ Ռիմա Աբրահամյանն ասում է, որ ուսումնարանի շենքը, որտեղ իրենք բնակվում են, վթարային է: Ռ. Աբրահամյանը պատմում է, որ հունվարի 17-ին ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է գար և գրանցեր, թե ինչ պայմաններում են իրնք ապրում. «Եկել են գրանցել են: Հիմա արդեն հունիսի վերջն է, երբ զանգում ենք, ասում են՝ մենք սպասում ենք կառավարության որոշմանը: Այդ աշխատանքային խումբը մեզ առաջարկել է, որ սեփականաշնորհենք այս, մենք էլ չենք ուզում, եթե 10 տարի առաջ մեզ ասել են, որ վթարային է, ինչպես մենք կարող ենք 10 տարի անց վերցնենք այդ շենքը»:

Հրանուշ Խառատյանի խոսքով՝ Ադրբեջանում տեղի ունեցած բռնությունների ընթացքում Հայաստան է տեղափոխվել 360 000-ից 500 000 փախստական. «Լավ 80 հազարը քաղաքացի են: Հայտնի է, որ մինչև հիմա փախստականի կարգավիճակով ցուցակներում կա ևս 6000 մարդ: Ո՞ւր են մյուսները: Տեսականորեն կարող ենք դատողություն անել. հինգ հոգանոց ընտանիքից մեկը մնացել է, չորսը գնացել են, ենթադրենք՝ աշխատելու: Ե՞րբ են գնացել, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չէին ընդունել: Չէ՞ որ միայն 80 հազարն ունենք ընդունած: Հետո որ գնացել են, դրանից իրենց փախստականական խնդիրը Հայաստանից վերապահվե՞լ է՝ պայմանագրով կամ որևէ ձևով, այդ երրորդ երկրին, թե՞ ոչ: Միջազգային իրավունքը այդ հնարավորությունը տալիս է»:

Ազգագրագետի կարծիքով՝ եթե փախստականները ստանան ՀՀ քաղաքացիություն, ապա կզրկվեն շատ իրավունքներից. «Մի բան է՝ ուզո՞ւմ են քաղաքացի դառնալ, թե՞ չէ և ինչո՞ւ են ուզում, և մեկ այլ բան է՝ ուզո՞ւմ են նրանց քաղաքացի դարձնել և ինչո՞ւ են ուզում: Ուզենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալը շատ կարևոր բան է: Ուզենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալ այն դեպքում, երբ գոնե Հայաստանի վերցրած նվազագույն պարտավորությունների շրջանականերում փախստականների խնդիրը լուծվում է: Նրան տրվում է գոնե սոցիալական նորմալ կացարան, նրան տրվում է գոնե որոշ ժամանակ հասարակությանը ինտեգրվելու համար: Այսինքն՝ եթե մարդը դարձավ քաղաքացի մեր երկրի պրակտիկ պայմաններում, նա բացարձակ զրկվում է այդ կարգի որևէ հեռանկարից: Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ընդունելը դառնում է ֆորմալ բան. դա դառնում է պետությանը բացարձակապես մոռացնել տալ, որ գոյություն ունեն փախստականներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս