ԵԽԽՎ-ում Ալիեւի` Հայաստանի մասին զրպարտանքներին, հայկական պատվիրակությունը չի հակադարձել. Aravot.am

Ազգային ժողովում հանրապետական պատգամավորները «առյուծ են կտրում», իսկ ԵԽԽՎ-ում, երբ հակահայկական ելույթներ են հնչում, հանրապետական պատվիրակները դառնում են անզոր: Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հակահայկական ելույթ է ունեցել, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին, իբր ԼՂՀ-ն Հայաստանի կողմից օկուպացված տարածք է, մինչդեռ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում Ալիեւի հայտարարությանը չի հակադարձել: Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի նիստին հետեւում է նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը, որը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Ալիեւի ելույթի եւ մերոնց կեցվածքի մասին. «Ալիեւը կոպիտ արտահայտվեց, խոսելով կրակոցների եւ հայ զոհերի մասին, ասաց` ի՞նչ եք ուզում, դա նույնիսկ Հայաստանի տարածքում չէ, դա Ադրբեջանի տարածքում ինչ-որ անօրինական զինված մարդիկ են կրակում, ի՞նչ գործ ունեն այնտեղ այդ զինված մարդիկ: Ինքն անընդհատ նշում էր ու ներկայացնելով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք` Հայաստանի կողմից օկուպացված, որը հակասում է թե’ ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսակետներին, ե’ւ թե Եվրախորհրդում տարբեր բանաձեւերում նշված կոնֆլիկտի պատմությանը: Այս դեպքում հայկական պատվիրակությունն առնվազն հարցի տեսքով մի բան պիտի ասեին, բայց չասացին, կամ նույնիսկ Ալիեւի կողմից հնչեցրած զրպարտությունների ժամանակ, եթե մերոնք այլընտրանք չունեին, գոնե վարման կարգի վերաբերյալ չէին կարողանում պատասխանել, նրանք գոնե պետք է ինչ-որ բողոքի ձեւով դուրս գային դահլիճից, կամ թեկուզ տեղից ռեպլիկ անեին»:

Հայկական պատվիրակները գոնե այնպես պետք է իրենց պահեին, ըստ պարոն Իգիթյանի, ինչպես Հայաստանի ԱԺ-ում են անում, երբ փորձում են ընդդիմությանը խանգարել, լռեցնել ընդդիմադիր գործիչների ելույթները. «Ինչո՞ւ հանրապետական կուսակցությունը կարողանում է հայկական պառլամենտում օրենք խախտել կամ արձագանքել` խախտելով վարման կարգը, հիմա ԵԽԽՎ-ում դառնում են անօգնական»: Ալիեւը, ինչպես պատմեց Հովհաննես Իգիթյանը, ծիծաղելի ձեւով ներկայացրել է, իբր հայերը Լեռնային Ղարաբաղում են ընդամենը 200 տարի, եւ ԼՂ-ում եղել ու կան ադրբեջանական շատ հին հուշարձաններ, որոնք ապացուցում են, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է միշտ եղել. «Ու, ըստ Ալիեւի, հայերը ոչնչացրել են ադրբեջանական այդ հուշարձանները եւ իրենցն են կառուցել դրանց տեղում: Զավեշտալի կլինի, եթե մենք փորձենք հակաճառել, որովհետեւ, նախ պարզ է, թե ինչպիսին է Ղարաբաղի պատմությունը, բայց ես համոզված եմ, որ հայկական պատվիրակությունը, երբ վերադառնա Հայաստան, մեծ-մեծ խոսելով, ջղայնացած ձեւով պետք է հերքի Ալիեւի ասածները հայկական լսարանի առջեւ: Միշտ այդպես է եղել, իսկ դա ուշացում է, նորից եմ կրկնում, այն մարդկանց, այն հայ պատգամավորներին, որոնց ես տեսնում եմ այստեղ ուղիղ եթերով, չի կարելի ուղարկել Ստրասբուրգ, որովհետեւ նրանք գոնե իրենց իմացած ռուսերենի չափով պիտի անգլերեն իմանան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս