Մշակույթի նախարարի հետ պետք է ոչ թե օրենքով, այլ՝ ծանոթով ու փողով խոսել
Վերջին շրջանում Գառնիի տաճարի շուրջ ծավալված աղմկահարույց դեպքերը բուռն քննարկման առարկա դարձան ոչ միայն Հայաստանում, այլնև՝ սփյուռքում, մասնավորապես՝ վրդովվեցնելով այնպիսի արվեստագետների, որոնք պատմամշակութային վերոնշյալ արժեքի վերաբերյալ նախագծեր են ներկայացրել Մշակույթի նախարարություն և արժանացել են տոտալ անտարբերության:
Հիշեցնենք, որ վերջին մեկ տարում Գառնու տաճարում սրճարան-ռեստորան կառուցելու հարցը պարբերաբար սրվում և հանդարտվում է հասարակական, հատկապես՝ բնապահպանական շարժումների արդյունքում: Օրերս էլ Մշակույթի նախարարությունը թույլատրել էր Կենտրոնական բանկին 1 մլն դրամի դիմաց փակ բանկետ կազմակերպել Գառնիի տաճարում:
Ստացվում է՝ Մշակույթի նախարարը մերժում է Գառնու տաճարի վերաբերյալ մշակութային նախագծերը և հաճույքով հաստատում է զվարճանքի բնույթի առաջարկները: Որպեսզի Մշակույթի նախարարության որդեգրած մշակութային քաղաքականության, մասնավորապես՝ արժեքների վերադասավորման մարտավարության վրա լույս սփռվի, ներկայացնում ենք Հոլանդիայում բնակվող, Ամստերդամում մեծ հեղինակություն վայելող «Kunstenar & co» կազմակերպության անդամ, եվրոպական երկրներում բավականին հայտնի քանդակագործ Վազրիկ Մանասսիանի երկու տարի առաջ ներկայացրած բավականին հետաքրքիր նախագծի շուրջ ծավալված իրադարձությունները:
Սփյուռքահայ քանդակագործը եկել է այն համոզման, որ Մշակույթի նախարարությունը պետք է փոխի գործառույթները՝ զբաղվելով ռեստորանաշինությամբ, հակառակ դեպքում՝ պետական այդ կառույցն ի զորու է միայն արվեստագետներին ծաղրել:
«Գառնու տաճարի շուրջ կատարվող վերջին դեպքերն ամրապնդեցին իմ այն համոզմունքը, որ մեր երկրի մշակույթը կառավարում են ռեստորան սիրող մարդիկ:
Փաստերը վկայում են, որ, եթե նախարարությանը ռեստորան, սրճարան կառուցելու առաջարկ ներկայացնես՝ կհաստատեն, իսկ մշակութային, պատմական, արժեքային որոշակի համակարգ ներկայացնող առաջարկներն անգամ չեն էլ մերժվի ու հիմնավորվի, այլ՝ կարժանանան անտարբերության»,- ասում է Վ. Մանասսիանը, ով Հոլանդիայում ավազի արձանագործության ոլորտում իր մասշտաբային քանդակներով պարբերաբար հրավիրվում է փառատոների, մրցույթների, և նրա ցուցահանդեսներն իր ներկայությամբ պատվում է Հոլանդիայի պաշտոնական վերնախավը:
«168 Ժամ» թերթն անդրադարձել է 2012թ. Վ. Մանասսիանի կողմից ՀՀ մշակույթի նախարարություն ներկայացրած մշակութային նախագծի ձևաչափին, որի իրագործման համար քանդակագործը նախարարի հետ հանդիպման փորձեր էր կատարել: Այլ կերպ ասած՝ Գառնու տաճարում ավազի արձանագործության բավականին հետաքրքիր ծրագիրն իրականացնելու համար նա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից ընդամենն ակնկալում էր տարածքում ստեղծագործելու թույլտվություն ստանալ: «Քանդակները, բնականաբար, պետք է լինեին թեմատիկ՝ պատմական և խորհուրդ ունեցող: Ինձ ասացին, որ Գառնու տաճարի մերձակայքում աշխատանք կատարելու համար անհրաժեշտ է նախարարից իրավունք ստանալ»,- պատմում է Վ. Մանասսիանը, ում, այնուամենայնիվ, ուղղորդել են նախարարություն՝ հորդորելով, որ նախագիծը ոչ միայն կքննարկվի և հավանության կարժանանա, այլև՝ տարածքում աշխատելու իրավունքն անմիջապես կտրվի, քանի որ եզակի գաղափար է:
Վերջինիս ոդիսականը՝ կապված նախարարության հետ, վերածվել է զավեշտի, քանի որ պետական ամբողջ մի ապարատ անգամ նպատակահարմար չի գտել լսել նախագծի իրականացման նպատակների մասին փաստարկները:
Ընդ որում՝ Վ. Մանասսիանին ուղարկելով տարբեր պաշտոնյաների մոտ՝ փորձել են «լիկվիդացնել» գաղափարի իրականացումը՝ կարծելով, որ նա նախարարությունից նախագծի իրականացման համար ֆինանսավորում է խնդրում:
Մինչդեռ քանդակագործն ի սկզբանե հայտարարել է, որ քանդակներն իրականացնելու է իր ծախսերով և պետությունից գումար չի ակնկալում, այլ ընդամենը՝ Գառնու տաճարի մերձակայքում ստեղծագործելու իրավունք է խնդրում: «Գնացի նախարարություն՝ անձամբ նախարարի հետ հանդիպման ակնկալիքով, բայց ինձ ուղղորդեցին Ջուլիետա Հակոբյան անունով մի կնոջ մոտ, ով գեղարվեստի ոլորտով է զբաղվում, բայց չգիտեմ՝ կոնկրետ ո՞վ է: Սկսեց հարցեր տալ, բացատրեցի, բայց նա չկարողացավ հասկանալ: Ասաց՝ լուսանկարներ ուղարկեք, որ հասկանամ, ասացի՝ վեբ կայք ունեմ՝ www.designcreationcenter.com, հենց հիմա կարող եմ ցույց տալ:
Ասաց՝ չէ, նկարներն ուղարկեք՝ տեսնենք: Ասում եմ՝ լսեք, այն, ինչը պիտի ուղարկեմ՝ վեբ կայքում կա, բացեք, ես էլ այստեղ կանգնած եմ, տեղում Ձեր հարցերին կպատասխանեմ: Մեկ էլ սկսեց, թե՝ գիտեք, տաղանդավոր նկարիչների, որոնք շատ լավ գործեր են անում, մենք վճարում ենք ընդամենը 700-800 դոլար: Ես նրան բացատրում եմ, որ ես չեմ նկարում, այլ՝ ավազի արձանագործության մասնագետ եմ, բայց չի հասկանում, նորից նույն բանն է կրկնում: Ընդ որում՝ թիվ է մատնանշում՝ առանց հասկանալու, որ մարդու արվեստին ծանոթ չլինելով՝ չի կարելի գրոշներ մատնանշել:
Այդ տիկինն անգամ չկարողացավ ըմբռնել այն պարզ բացատրությունը, որ ավազի արձանագործությունը նկարչություն չէ և նույնիսկ դասական քանդակագործություն էլ չէ: Փաստորեն, նախարարությունում աշխատում են արվեստի ոլորտից տարրական գիտելիքներ չունեցող մարդիկ»,- վրդովված պատմում է Վ. Մանասսիանը՝ ավելացնելով, որ իր երկար բացատրական աշխատանքներն այնուամենայնիվ անհասկանալի մնալուց հետո՝ տիկին Ջուլիետան իրեն ուղարկել է իր կողքին նստած մեկ այլ աշխատակցի մոտ:
Նույն հարցերը հնչեցրել է մյուս աշխատակիցը, և արվեստագետը նույն բացատրական աշխատանքները կատարել է նրա հետ, սակայն երկրորդն էլ Վ. Մանասսիանին ուղղորդել է իր կողքին նստած աշխատակցի մոտ:
Երրորդը նույնպես հնչեցրել է նույն հարցերը, և արվեստագետը փորձել է երրորդ անգամ նույն սենյակում նստած աշխատակիցներին կրկին բացատրել նախագծի բովանդակությունը: «Երկար այդ խոսակցություններից հետո ինձ ասացին՝ լավ կլինի, գնաք նախարարի քարտուղարուհու մոտ և պայմանավորվեք նրա հետ հանդիպման համար: Տարակուսած ասում եմ՝ ախր, ես ամենասկզբում ասացի, որ ինձ դա է պետք, ուրեմն՝ ի՞նչ իմաստ ունեին այս զրույցները: Սենյակից դուրս եմ եկել, ինձ ուղղորդել են շենքի մյուս հատված, որտեղ նախարարի քարտուղարուհին է: Հասել եմ նրա մոտ, երեք անգամ պատմածս կրկին պատմել եմ նրան»,- կատարվածը ներկայացնում է Վ. Մանասսիանը, ում նախարարի քարտուղարուհին տեղեկացրել է, որ նախարարը խորհրդակցության է և չի կարող ընդունել իրեն:
Այնուհետև Հասմիկ Պողոսյանի քարտուղարուհին քանդակագործին է փոխանցել իր հեռախոսահամարը՝ հայտնելով, որ անհրաժեշտ է զանգահարել, որպեսզի նախարարի հետ հանդիպում կազմակերպի: Ընդ որում, քարտուղարուհին խոստացել է Վ. Մանասսիանի նախագծի մանրամասները նախապես ներկայացնել նախարարին, որպեսզի հանդիպում-քննարկումն արդյունավետ լինի:
«Պայմանավորվածության համաձայն՝ երկու օրից զանգահարել եմ, բայց ոչ մի հստակ պատասխան. հորդորեցին սպասել: Քանի որ պիտի վերադառնայի Հոլանդիա՝ ժամանակի խնդիր կար, և այլևս չկարողացա գնալ նախարարություն, բայց Ջուլիետան էլեկտրոնային հասցե էր տվել, որով Հոլանդիայից փորձ արեցի կապվել իրենց հետ: Գրեցի՝ չպատասխանեցին, գրեցի՝ չպատասխանեցին, բայց որոշ ժամանակ անց եկավ մի գրություն, համաձայն որի՝ պետք է բյուջե ներկայացնելու ժամկետների մասին ինչ-որ բացատրություն տայի: Փորձեցի նորից հասկացնել, որ ես բյուջե, փող չեմ ուզում, այլ՝ թույլտվության համար եմ դիմել:
Նորից բացատրեցի, որ սպիտակ թղթի վրա սևով իրավունք եմ ուզում, համաձայն որի՝ այս մարդն իրավունք ունի Գառնու տաճարի մերձակայքում ավազի արձանագործություն անել: Կրկին ի պատասխան՝ գրություն ստացա, որ այս տարվա համար բյուջե չունենք»,- պատմում է Վ. Մանասսիանը՝ հավելելով, որ ստացել է սիրողական բնույթի նամակ Ջուլիետա անունով տիկնոջից, և նամակի վրա պաշտոնական կնիք անգամ չի եղել:
Արվեստագետն ապշած է, թե ինչպես կարող է պետական գերատեսչությունը նման մոտեցում ցուցաբերել մշակութային նախագծերին, ընդ որում՝ խնդիրը ոչ այնքան այն է, որ իրեն կարող էին մերժել, այլ՝ այն, որ դռնից դուռ ուղարկելով, հեռախոսազանգերին պատշաճ չպատասխանելով և ծաղրական նման վերաբերմունքի արժանացնելով՝ պարզապես զրո հետաքրքրություն են ցուցաբերել:
Նրա խոսքով՝ Մշակույթի նախարարությունը պարտավոր էր գոնե պաշտոնապես մերժման գրություն տրամադրել. «Կարող էին ընդամենը մերժել, բայց որ այդպիսի վերաբերմունք… Տեսե՛ք, Եվրոպայում, հատկապես՝ Հոլանդիայում, իմ արվեստը սիրում են, որպես արվեստագետ՝ ինձ հարգում են, և նման վերաբերմունքի երբեք չեմ արժանացել: Հիմա հետևում եմ հայաստանյան իրադարձություններին: Գառնու տաճարում սրճարան կառուցելու շինթույլտվություն եղել է, այսինքն՝ նախարարը սրճարան-ռեստորանի թույլտվությունն անարգել տալիս է: Փաստորեն, եթե Մշակույթի նախարարությանն առաջարկեք՝ սրճարա՞ն, թե՞ քանդակ, նա կընտրի սրճարանը, և այսպիսով Մշակույթի նախարարությունն ավարտվում է»:
Հիշեցնենք, որ ավազի արձանագործության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ քանդակները հատուկ նյութերով պահպանվում են ընդամենը վեց ամիս, դրանք ժամանակավոր քանդակներ են և համարվում են սեզոնային: Այսինքն՝ դրանց առկայությունը Գառնու տաճարի մերձակայքում կարող էին ոչ միայն զբոսաշրջիկների համար մեծ հետաքրքրություն ներկայացնել, այլ նաև՝ Հոլանդիայում հայտնի քանդակագործի աշխատանքներով խոսել աշխարհի հետ:
Միջազգային հարթակներում այսօր ավազի արձանագործությունն ակտուալ է, քանի որ խոշոր փառատոներ են կազմակերպվում, ներկայանալի պատկերագրքեր են տպագրվում, և, ի վերջո, Հայաստանի համար արվեստի այդ ճյուղը մնում է չբացահայտված. «Ընդամենը հասկացա մեկ բան. անհնար է օրինական ընթացակարգերով ստանալ իրավունք:
Պետք է ճանապարհ բացելու համար ծանոթներ մեջ գցել և գուցե պետք էր գումար առաջարկել: Փաստորեն, պիտի և՛ իմ ծախսերով քանդակն անեմ, և՛ մի բան էլ՝ նախարարին վճարեմ, որ իրավունք տա իմ ծախսերով իմ հայրենիքում քանդակ անելու համար: Կա՞ որևէ երկրում նման կարգ ու կանոն… Ես պարզապես մոտեցման սխալ ձև ընտրեցի՝ Հայաստանի մշակույթի նախարարությունից իրավունք ստանալու համար, որովհետև օրինական ճանապարհը սխալ է, պետք է ծանոթ գտնեի, որն ամենահեշտն է, փողն իր միջոցով նախարարին տայի, որ իրավունքը գնեի:
Այսպես է…
Եվրոպայում, հատկապես՝ Հոլանդիայում, իմ ցուցահանդեսների ամենատարբեր այցելուները, որոնք պաշտոնյաներ կամ խոշոր բիզնեսմեններ կարող են լինել, առաջարկում են քանդակներ անել՝ խոշոր գումարների դիմաց, բնականաբար՝ ապահովելով քանդակելու փաստաթղթային բոլոր իրավունքները: Ընդ որում՝ աշխարհին հայտնի է, որ ավազի արձանագործությունը ոչ մի կերպ վնաս չի հասցնում բնությանն ու տարածքին: Ասածս այն է, որ կարող էին մերժել, կարող էին հավանություն չտալ, բայց գոնե մարդավարի մերժեին:
Հավատացե՛ք, եթե ես վաղը նախարարին նորից դիմեմ՝ այս անգամ առաջարկելով կառուցել սրճարան և սրճարանի մեջ ավազի արձանագործություն՝ թույլտվություն կտային, որովհետև դա մեծ գումարների աղբյուր է»:
Ինչևէ, Վ. Մանասսիանն առաջիկա ամիսներին կայցելի Հայաստան և այս անգամ կփորձի հանդիպել նորանշանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ՝ ներկայացնելով իր նախագծի իրականացման նպատակահարմարությունը, արդյունավետությունն ու մշակութային արժեքը: Եվ, որ ամենակարևորն է, կփորձի սեփական դաժան փորձի մասին փաստերը ներկայացնել վարչապետին, որպեսզի վերջինս Մշակույթի նախարարության գործունեության վերաբերյալ օբյեկտիվ եզրահանգումներ կատարի: Քանդակագործի Հայաստան այցելության և նախագծի վերաբերյալ նոր մանրամասներին առաջիկայում կանդրադառնանք: