Ինչ դիրքից և ինչպես են վնասվածքներ ստացել Լյուքս Ստեփանյանն ու Հրաչյա Սարգսյանը (տեսանյութ)
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատական նիստի ընթացքում այսօր ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն անդրադարձավ զինծառայողին առաջադրված մեղադրանքին:
Փաստաբանն ասաց, որ բոլոր իրավասու պետական մարմիններն ամենաբարձր մակարդակով բազմիցս խախտվել է Դ. Խաչատրյանի անմեղության կանխավարկածը, դեռևս դատաքննությունը չավարտված հաստատված են համարում նրա մեղքը, հայտարարում, որ նա միտումնավոր է կրակել, ձեռք են բերվել նրա մեղավորությունը հաստատող անհերքելի ապացույցներ և «որ ամենատարօրինակն է՝ կայացվել է մեղադրական դատավճիռ».
«Եթե այն ամենին գումարենք նաև դատարանի անթույլատերլի վարքագիծը, որի մասին նշվել է վերևում, ապա լրիվ հիմնավոր և փաստարկված է պաշտպանության կողմի պնդումն այն մասին, որ Դավիթ Խաչատրյանի մեղադրական դատավճիռ կայացված է եղել դեռևս դատաքննությունից առաջ:
Այս պահին, հարգելի դատարան, ելնելով այս ամենից, միայն հույսն է, որ թույլ է տալիս մտածել, որ դատարանն, ի վերջո, վեր կկանգնի այս ամենից, մի կողմ կթողնի խմբակային կամ պետական կեղծ շահը, կհաղթահարի ինչպես տուժող կողմի, այնպես էլ դատախազության և այլ պետական պաշտոնատար անձանց կողմից քննադատված լինելու վախը, դեմ չի գնա իր խղճին և գործի քննության արդյունքում կկայացնի արդար և հիմնավորված դատական ակտ՝ իրոք կատարելով արդարադատություն իրականացնելու իր առաքելությունը»:
Փաստաբանն ասաց, որ դատաքննության և նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ, որոնք ապացուցում են, որ Դ. Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը անհիմն է և նրա արարքը սխալ է որակվել:
Նշենք, որ Դավիթ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ), ինչպես նաև դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար (112-րդ հոդվածի 1-ին մաս): Փաստաբանն ասաց, որ մեղադրական եզրակացության մեջ դեպքը նկարագրվել է հետևյալ կերպ.
«Դավիթ Խաչատրյանը, գործով տուժողներ Ստեփանյանը և Հրաչյա Սարգսյանը համատեղ ծառայության ընթացքում գտնվել են կանոնադրային փոխհարաբերությունների մեջ, ծառայության հետ կապված որևէ դժգոհություն չեն ունեցել և վերադաս հրամանատարության կողմից բնութագրվել են դրական:
Զորամասի՝ հրետանային դիվիզիոնի 3-րդ մարտկոցի անձնակազմը մայիսի 14-ից մինչև մայիսի 19-ը ընկած ժամանակահատվածում գտնվել է զորամասի վերակարգում՝ որպես պահակախումբ: Վերակարգում ծառայությունն անցել է սահմանված կարգի համաձայն, խախտումներ, արտառոց միջադեպեր չեն եղել:
15.02.2013թ., ժամը 15:00-ի սահմաններում հանգստի մեջ գտնվող պարեկներ, նույն մարտկոցի զինծառայողներ, շարքայիններ Լյուքս Ստեփանյանը, Հրաչյա Սարգսյանը, Արշակ Պետրոսյանը և Հրաչյա Մարգարյանը գտնվել են պահակատան տարածքում գտնվող բացօթյա տաղավարում, իսկ նույն պահակախմբի պարեկ, շարքային Խաչատրյանն իրեն ամրակցված ինքնաձիքով, համաձայն պահակատան տարածքի հերթապահության գրաֆիկի, ժամը 15:00-15:30-ը հերթապահություն է կատարել բացօթյա տաղավարից մոտ 23 մետր հեռավորևության վրա գտնվող պահակատան մուտքի դռան մոտ: Ժամը 15:20-ի սահմաններում Դ. Խաչատրյանը պահակատան դռան հարակից պատին ամրացված հայելու առջև սեղմել է դեմքի բշտիկները, ինչի կապակցությամբ տաղավարում նստած Լյուքս Ստեփանյանը, դրսևորելով զինծառայողին անվայել վարքագիծ, վերջինիս «պզուկոտ» է անվանել: Խաչատրյանը նեղսրտելով պատասխանել է, որ իրեն այդպես չանվանի, ապա բացօթյա տաղավարում նստածներին ժամ է հարցրել, վերջիններս պատասխանել են, որ իրենք ժամացույց չունեն, իսկ Ստեփանյանը նույն պատասխանը տվել է կոպիտ ձևով, շարունակել է նույն կերպ անվանարկել Խաչատրյանին: Այդ ժամանակ պահակատան լավացարանի մոտ լվացվելիս է եղել Միշա Ջանազյանը, ով, լսելով Խաչատրյանի հարցը, պատասխանել է, որ ժամը 15:20 է: Այդ ընթացքում Ստեփանյանը սկսել է նաև հայհոյանքներ հնչեցնել Խաչատրյանի հասցեին, վերջինս Ստեփանյանին փորձել է սաստել, մի քանի անգամ ասել է, որ իրեն չվիրավորի, բայց տեսնելով, որ նա շարունակում է հայհոյել իրեն, նյարդայնացել, գետնից երկու անգամ քար է վերցրել և ի նշան բողոքի դրանք նետել է բացօթյա տաղավարի ուղղությամբ, բայց քարերը որևէ մեկին չեն դիպել:
Ստեփանյանը, զգալով, որ իր տված հայհոյանքներից նյարդայնանում է, առավել ոգևորությամբ է շարունակել հայհոյանքներ հնչեցնել նրա հասցեին, ինչից հետո Խաչատրյանը փոկին առ դիրքից վերցրել է ինքնաձիգը և դրա փողն ուղղելով Ստեփանյանի վրա՝ հորդորել է վերջինիս կարգի հրավիրել իրեն՝ սպառնալով հակառակ դեպքում կրակել նրա վրա:
Ստեփանյանն էլ, ասածը լուրջ չընդունելով՝ պատասխանել է, թե Խաչատրյանը չի կարող կրակել: Վերջինս իր ասածի լրջությունը հաստատելու համար բացել է ապահովիչը, այն դրել մենահատ կրակոցի դիրքի վրա և նշան բռնել Ստեփանյանի ուղղությամբ՝ նախապատրաստվելով անհամաչափ պատասխան տալ իրեն վիրավորնանքեր հասցնելու համար: Այդ պահին ինքնաձիգը լիցքավերելու ձայնը լսել է պահակատան լվացարանաի մոտ գտնվող Ջանազյանը և, գիտակցելով գործողության վերահաս վտանգը ու հնարավոր հետևանքները կանխելու համար, Խաչատրյանին բարձրաձայն հորդորել է չկրակել: Ստեփանյանն էլ, տեսնելով Խաչատրյանի կողմից ինքնաձիգի լիցաքավերելն ու իր ուղղությամբ պահելը, ստեղծված իրավիճակում փորձելով իշխող դիրք զբաղեցնել՝ հայհոյանք է տվել չկրակողի հասցեին:
Խաչատրյանը, գտնվելով պահակատան դռան մոտ, Ստեփանյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցրած հայհոյանքից անմիջապես հետո սեփական եսը գերագնահատելով, այն վեր դասելով համամարդկային գերագույն արժեք մարդկային կյանքից, իրեն իրավունք պահելով ոտնձգել դրա դեմ՝ երեք այլ զինծառայողների հետ ոչ մեծ բացօթյա տաղավարում գտնվող Ստեփանյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանիքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոց է արձակել»:
Փաստաբանի խոսքով՝ նշված հանգամանքներից շատերն անհիմն են, վառ երևակայության արդյունք, չեն հաստատվում գործով ձեռք բերված ապացույցներով:
Փաստաբանի խոսքով՝ եթե մի պահ նույնիսկ ընդունենք, որ նախաքննական մարմինը ճիշտ է նկարագրել դեպքը, ապա ստացվում է, որ գործ ունենք տուժողի կողմից պարբերաբար դրսևորած հակաիրավական և հակաբարոյական վարքագծի հետ, նրա կողմից դրսևորված ծաղրուծանակի և վիրավորանքի հետ, որի կապակցությամբ էլ առաջ է եկել երկարատև հոգեճնշող վիճակ, որի հետևանքով էլ Խաչատրյանի մոտ առաջացել է հեոգեկան հուզմունք, որի արդյունքում նա կրակել է:
Ըստ փաստաբանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածը հենց նման դեպքի համար է պատասխանատվություն նախատեսում. «Եթե հարգելի մեղադրողը կամ նախաքննական մարմինը գտել էին, որ կան նման հանգամանքներ, որոնք հիմք են տալիս մտածելու, որ Դավիթ Խաչատրյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, ապա ինչո՞ւ այն ժամանակ չնշանակեցին դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու համար արդյոք նա գտնվե՞լ է աֆեկտի տակ, թե՞ ոչ կամ ինչո՞ւ չգնահատեցին՝ արդյոք նա գտնվե՞լ է հոգեճնշող վիճակում, թե՞ ոչ»:
Ըստ Երեմ Սարգսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածը նախատեսում է առավելագույնը 4 տարի ժամկետով ազատազրկում. «Եթե հանկարծ նման փորձաքննություն նշանակվեր և եթե հանկարծ պարզվեր, որ՝ այո, նման հանգամանք կա, ստիպված էին լինելու գործը դատարան ուղարկել այդ մեղադրանքով, և Դավիթ Խաչատրյանն առավելագույնը կստանար 4 տարի ժամկետով ազատազրկում, ինչը ոչ մեղադրանքի և ոչ էլ վերը նշված պաշտոնատար անձանց պլանների մեջ չի մտել»:
Երեմ Սարգսյանի խոսքով՝ դեպքին ականատես վկաների ցուցմունքով հաստատվում է, որ Դ. Խաչատրյանը Լյուքս Ստեփանյանին սպանելու նպատակ չի ունեցել, կրակոցն արձակվել է ոչ թե նշան բռնած դիրքից, այլ գոտկատեղի հատվածից:
Ըստ փաստաբանի՝ ականատես վկաներ Հրաչյա Մարգարյանը և Արշակ Պետրոսյանը նախաքննության ընթացքում 4 անգամ հարացքննվել են, սակայն բառ անգամ չեն ասել այն մասին, որ հայհոյանքներից հետո Դ. Խաչատրյանն ինքնաձիգով նշան է բռնել տուժողի ուղղությամբ, ապա նաև նույն դիրքից կրակել է:
Վկաները, ըստ փաստաբանի, նշել են, որ մեկ կրակոցն արձակվել է այն ժամանակ, երբ Խաչատրյանի ինքնաձիգը բաց է եղել գոտկատեղի հատվածում: Իր հարցին՝ արդյոք վկա Հրաչյա Մարգարյանը տեսե՞լ է, որ Դավիթը նշան բռնի մեկի վրա, հնչել է պատասխանը. «Ոչ, որովհետև մինչև կրակոցը այս դիրքի վրա էր», վկան պարզաբանել է, որ ինքնաձիգը գտնվել է Խաչատրյանի գոտկատեղի հատվածում:
Իսկ մյուս վկան, ըստ փաստաբանի, մեղադրողի հարցին պատասխանել է, որ ամբաստանյալի ձեռքն, իր հիշելով շարժման ընթացքում է եղել, իսկ հարցին՝ զենքը պահել է Լյուքսի ուղղությամբ՝ նոր է կրակե՞լ, թե՞ իջեցրել է, վկան պատասխանել է. «Իջեցնելուց է զենքը կրակել»:
Երեմ Սարգսյանն ասաց, որ բոլոր վկաներն էլ հայտնել ոն, որ Դավիթ Խաչատրյան ու Լյուքս Ստեփանյանը գտնվել են մտերիմ հարաբերությունների մեջ, թշնամություն չեն ունեցել, իսկ «պզուկոտ» անվանելն ու հայհոյելն ընդամենը կատակ են եղել, իրենց մեջ որևէ լրջություն չեն պարունակել:
Վկաներից մեկն էլ, փաստաբանի խոսքով, նշել է, որ ամբաստանյալն ու տուժողը միմյանց հետ նախկինում նման ձևով կատակներ արել են: «Անլուրջ խոսակցություն էր»,- դատարանում ասել է վկաներից մեկը, իսկ հարցին՝ պատճառ կա՞ր, որ Դավիթը դիտավորյալ կրակոց արձակեր, բացասական պատասխան է տվել:
Փաստաբանն ասաց նաև, որ բանակի հետ առնչվող մարդիկ գիտեն, որ զինծառակողները հաճախ են միմյանց կատակով հայհոյանք տալիս: «Կրակելու առիթ չկար»,- փաստաբանը մեջբերեց վկաներից մեկի խոսքը: «Իսկ այն, որ և՛ Լյուքս Սռեփանյանը, և՛ Դավիթ Խաչատրյանը այդ ամենը մինչև վերջ էլ կատակ են համարել, հաստատվում է հետևյալ ցուցմունքներով:
Հրաչյա Մարգարյանի դատաքննական ցուցմունքի համաձայն՝ այդ ժամանակ Լյուքսը Դավիթի հասցեին հայհոյանքներ տալիս նույնիսկ ժպտացել է, իսկ վկա Արշակ Պետրոսյանը դատաքննության ընթացքում իմ հարցին՝ հայհոյանքը, որը հնչեցրեց Լյուքսը, ի՞նչ վիճակում էր ՝ զայրացա՞ծ, վիրավորվա՞ծ, քմծիծաղո՞վ, պատասխանեց՝ ինչքան, որ ես տեսա, չէր հավատում, որ կկրակի, որովհետև Դավիթն էլ իջեցնում էր, ժպիտ կար դեմքին:
Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը դատաքննական ցուցմունքում հնչեցված հարցերին տվեց հետևյալ պատասխանները:
Հարց.- Որ նշում եք, որ ձեր հետ խոսում էր, նշում եք, որ այդ ամեն ինչը հանաք է եղել, Լյուքսն այդ ընթացքում, որ հայհոյանքներ էր տալիս, օրինակ դեմքը լո՞ւրջ էր, լրջությո՞ւն էր հարղորդել դեմքին, թե՞ ինչ կարգի:
Պատասխան.- Չէ, ծիծաղելով, ժպիտով, ոնց որ միշտ՝ ժպիտը դեմքին, ծիծաղելով:
Հարց.– Այսինքն՝ ի՞նքն էլ հասկանում էր, որ կատակ եք անում, կատակի ընթացքում միևնույնն է՝ չեք կրակելու, դրա համար հանգիստ հայհոյանքնե՞ր էր տալիս:
Պատասխան.- Հա, ես որ զենքը պահել էի իրա ուղղությամբ, որ ասեց՝ ով որ չկրակի ու հայհոյանքեր տվեց, այդ ամեն ինչը ժպիտը դեմքին, ծիծաղելով: Ինքը հասկանում էր, որ այդ ամեն ինչը կատակ ա:
Հարգելի´ դատարան, անգամ մեղադրանքի կողմը մեղադրական եզրակացության նկարագրական մասում նշել է՝ Լյուքս Ստեփանյանն այդ ամենը լուրջ չընդունելով, հայհոյանքներ է հնչեցրել չկրակողի հասցեին: Իրենք էլ ընդունել են, որ լուրջ չի ընդունել: Եթե բոլոր ականատես վկաները գտնում են, որ այստեղ լրջություն չկա, իրենք են անմիջապես այս իրադրության ականատես, նույնիսկ տուժողներն իրենց պահվածով չեն վկայել այն մասին, որ լրջություն են տեսնում, ինչպե՞ս է մեղադրանքի կողմը նման եզրահանգումների հանգում ու դնում մեղադրանքի հիմքում»:
Փաստաբանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Լյուքս Ստեփանյանհը տվել է անձամբ Դավիթ Խաչատրյանին ուղղված հայհոյանքներ (ինչը մտերիմների միջև որոշակի առումով թույլատրելի կատակ է համարվում), այլ ոչ թե ծնողների, մերձավոր ազգականների վերաբերյալ են եղել հայհոյանքները: Ըստ փաստաբանի՝ հաստատվել, որ Դավիթ Խաչատրյանը Լյուքս Ստեփանյանին սպանելու պատճառ, նպատակ չի ունեցել, որի մասին, ըստ փաստաբանի, վկայում են նաև ամբաստանյալի և տուժողի դիրքը:
«Մեկ կրակոցը, այն էլ՝ այս պայմաններում որևէ դեպքում չի կարող վկայել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության մասին»,- հավելեց փաստաբանը:
Փաստաբանը դատարանին միջնորդեց վերաորակել իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը: Ըստ փաստաբանի՝ այնպես չէ, որ Դ. Խաչատրյանի արարքում հանցակազմ չկա: Նրա խոսքով՝ ամբաստանյալի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին (զենքի կանոնների խախտումը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է մահ), փաստաբանը խնդրեց հենց այդ հոդվածներով մեղավոր ճանաչել Դ. Խաչատրյանին:
Ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ եթե դատարանը, այնուամենայնիվ, հաստատված չի համար կամ կհամարի Դ. Խաչատրյանին առաջադրված մեղադրանքում փաստական հանգամանքները, որը նշվել է մեղադրական եզրակացությունում, ապա նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն) կամ՝ վատագույն դեպքում վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով որպես հասարակ սպանություն, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով (անզգուշությամբ մեկ ուրիշի ծանր վնաս պատճառելը):
Նշենք, որ փաստաբանն այսօր դատարան էր բերել նաև մանեկեններ, որոնց վրա ցույց էր տալիս, թե ինչ դիրքից են տուժողները վնասվածքներ ստացել:
Փաստաբանի պարզաբանումները մանրամասն կարող եք դիտել 168.am-ի տեսանյութում:
Լուսանկարը՝ 168.am-ի