«ՌԴ-ն ուզում է օգտագործել Ղարաբաղի հարցը` Ադրբեջանին «թասիբի» գցելու համար»

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցում որևէ հետաքրքրություն չկար, և որևէ նոր բան չասվեց, միակ նորությունը անդրադարձն էր Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Ըստ նրա` Սերգեյ Լավրովի և նրա հայաստանյան գործընկեր Էդվարդ Նալբանդյանի համատեղ մամուլի ասուլիսին ընդամենը հնչել են ստանդարտ հայտարարություններ, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի, և եթե շուտ լուծվի, ավելի լավ և այլն, և այլն:

Ս. Գրիգորյանի կարծիքով` Լավրովի այս այցելությունը ցույց տվեց, որ մենք այլևս հետաքրքիր չենք Ռուսաստանի համար, քանի որ մեր ողջ անվտանգությունը` ռազմական, էներգետիկ, տնտեսական, արդեն հանձնել ենք նրան. «Մինչև սեպտեմբերի 3-ը, այո´, մենք զգում էինք, տեսնում էինք ճնշում Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանը գնա դեպի Եվրասիական տնտեսական ինտեգրացիա: Դա Ռուսաստանին շատ անրաժեշտ էր: Հիմա ես չեմ տեսնում Ռուսաստանի կողմից այդպիսի հետաքրքրություն, քանի որ Հայաստանն արդեն հայտարարել է, որ միանում է Եվրասիական միությանը, և հրաժարվել է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը: Այդ տեսանկյունից ես ոչ մի հետաքրքիր բան չլեցի` կապված ղարաբաղյան հարցի կամ Եվրասիական միության հետ»:

Ստեփան Գրիգորյանն առանձնացրեց միայն երկու նախարարների անդրադարձը հայ-թուրքական հարաբերություններին: Նրա խոսքով` իրականում Ռուսաստանը մտահոգված է, որ հայ-թուրքական հարաբերություններում` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, կարող են լինել տեղաշարժեր, և սահմանի բացման դեպքում Հայաստանն ավելի ինքնուրույն կդառնա:

«Դա էր պատճառը, որ Երևանում Լավրովն ասաց` մենք պատրաստ ենք աջակցելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:- մեկնաբանեց Ս. Գրիգորյանը:- Ի՞նչ է դա նշանակում, որ Ռուսաստանը, պարզ է, կհետևի այդ գործընթացներին, որ մենք շատ ինքնուրույն քայլեր չանենք: Սա էր միակ նորությունը: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում իրական ակտիվություն չէր ցուցաբերում: Այդ հայտարարությունը շատ լուրջ էր այն իմաստով, որ Ռուսաստանը դրանով ուզում է ասել, որ պատրաստ է լինել այդ պրոցեսում:

Սակայն իմ մեկնաբանությունն այն է, որ Ռուսաստանը չի ուզում թույլ տալ, որ Հայաստանը գոնե մեկ խնդրում հաջողություն ունենա առանց Ռուսաստանի»:

Երեկվա սուլիսում Էդվարդ Նալբանդյանը նաև տեղեկացրել էր, որ ռուսական կողմի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստանի` Եվրասիական միությանը անդամակցելու հետ կապված մի շարք հարցեր, սակայն չնշեց, թե երբ է կոնկրետ ստորագրվելու Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը:

Ս. Գրիգորյանի կարծիքով` այդ անորոշությունը նշանակում է, որ Հայաստանի անդամակցության գործընթացում կան իրական խոչընդոտներ, այսինքն` Ռուսաստանին առանձնապես չի հետաքրքրում` Հայաստանը երբ կանդամակցի, երկրորդը` Հայաստանին էլ չի հետաքրքրում այդ հարցը, քանի որ Հայաստանի համար սկզբունքային էր Եվրասիական միության հիմնադիր անդամ դառնալը, ինչը չեղավ.

«Իրոք, կան խնդիրներ` օրինակ Ղարաբաղի հարցի հետ կապված: Ես համոզված չեմ, որ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը պատրաստ են ընդունել Հայաստանի առաջարկը: Ակնհայտ է, որ Հայաստանը ցանկանում է, որ Հայաստանի անդամակցության մասին պայմանագրում անպայման լինի անդրադարձ Ղարաբաղին, և ես վստահ չեմ, որ մեր ուզածը համընկնում է նշված երեք երկրների ցանկության հետ»:

Քաղաքագետը կարծում է` եթե Հայաստանն անդամակցի Եվրասիական միությանը, դա կլինի ավելի ուշ, քան հայտարարված ժամկետները` հուլիսի 1 կամ հուլիսի 3:

«Այստեղ կա մյուս խոչընդոտը: Որքան հասկանում եմ, Ռուսաստանն ուզում է օգտագործել այն փաստը, որ մենք գնում ենք Եվրասիական միությանը, և բարձրացնում է Ղարաբաղի հարցը: Նա ուզում է օգտագործել այդ հարցը` Ադրբեջանին «թասիբի» գցելու համար, այսինքն`այնպես անի, որ Ղարաբաղի հարցի պատճառով Ադրբեջանի հետաքրքրությունը Եվրասիական միության նկատմամբ նույնպես բարձրանա: Եվ այդ առումով չեմ բացառում, որ հենց Ռուսաստանը ձգձգի մեր անդամակցությունը` հույս ունենալով, որ շահագրգիռ կդարձնի Ադրբեջանին»,- նշեց Ստեփան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ նախքան Երևան գալը Սերգեյ Լավրովն այցելել էր նաև հարևան Ադրբեջան, որտեղ հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը ոչ մի կապ չունի Եվրասիական միության հետ, և Հայաստանն անդամակցելու է այդ միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված իր սահմաններով:

Տեսանյութեր

Լրահոս