Վ.Այվազյան. Լուրջ մտահոգություն են առաջացնում գազաբաշխման և փոխադրման գործընթացում գազի կորուստների և չափի մասին հարցերը
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հրապարակվեց ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ զեկույցը: Հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը ներկայացրեց, որ աշխատանքային 4 ենթախմբերի կողմից տարբեր ուղղություններով ուսումնասիրություններ են կատարվել, մասնավորապես՝ բնական գազի մատակարարման բնագավառում ներկայիս վիճակը, գազի ջերմատվությունը, 2011-13թթ. ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի գոյացման խնդիրները, բնական գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունները, ՀՀ տարածքով բնական գազի տարանցիկ փոխանցումների կանխատեսում, «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից սպառողներին վաճառվող գազի սակագների համապատասխանությունը միջազգային չափանիշներին, նաև մշակվել և մշակվում է 103 հարցերից բաղկացած հարցաշար, որը դեռևս կարող է համալրվել նոր հարցադրումներով: Հարցերն ուղարկվել են նախարարություներին և գերատեսչություններին, ստացված պատասխանները մոտ 1800 էջ են կազմում և, ըստ Այվազյանի, դեռ ուսումնասիրվում են:
Ներկայացնելով հանձնաժողովի նախնական դիտարկումները՝ Այվազյանը նշեց, որ 2011-2013 թթ. ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի ձևի և չափի հիմնավորվածությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Գազպրոմի» կողմից մատակարարված գազի դիմաց «ՀայՌուսգազարդում» ձևավորվել է 129.5 մլրդ դրամ պարտք, բայց դրա իրավական հիմքերը դեռ պետք է լրացուցիչ ուսումնասիրել:
«Աշխատանքային խմբում այս հարցով տարաձայնություններ կան, որ պետք է քննարկվեն»,- նշեց Այվազյանը:
Ըստ նրա՝ գազի գնի վրա ազդել են բաշխիչ համակարգի մաշվածությունը, «ՀայՌուսգազարդի» աշխատակիցների աշխատավարձը, գազի կորուստները, ընկերության ներդրումային ծրագրերը, շահույթը, մասնավորապես՝ աշխատավարձի ծախսն ավելացել է 8-9 մլրդ դրամով, 119 հազար դրամի փոխարեն ներկայումս ամսական կազմել է 227 հազար դրամ, աշխատողների թվաքանակն ավելացել է շուրջ 1000-ով:
«Լուրջ մտահոգություն են առաջացնում գազաբաշխման և փոխադրման գործընթացում գազի կորուստների և չափի մասին հարցերը»,- նշեց Վ.Այվազյանը:
Նրա խոսքով՝ օրենքով գազի սակագները որոշվում են ՀԾԿՀ-ի կողմից սահմանված մեթոդիկայով, սակայն, չգիտես ինչու, կորուստները որոշվում են էներգետիկայի նախարարության սահմանված կարգով, ինչը խնդրահարույց է և մասնագիտական հիմանվորման և վերլուծության կարիք կա: Այվազյանը նշեց նաև, որ նորոգման ու նյութական ծախսերն ավելացել են 23%-ով, մինչդեռ ծառայությունների գնաճ չի դիտարկվել: Ավելացել է նաև «ՀայՌուսգազարդ» ընկերության շահույթը՝ 1000 խմ գազի հաշվով 2789 դրամով՝ կազմելով 8129 դրամ:
Այվազյանը չավարտեց հանձնաժողովի միջանկյալ զեկույցի ներկայացումը՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված: ԱԺ արտահերթ նիստը կշարունակվի վաղը: