Բաժիններ՝

Դիլիջանի միջազգային դպրոցը` վիթխարի ներդրում հանուն ապագայի եւ երիտասարդության

«Արմենպրես» լրատվական գործակալության կազմակերպած «Ազգային լրատվական գործակալություններ. արժեքներ, միտումներ և համագործակցություն» խորագիրը կրող համաժողովի մասնակից Բուլղարիայի, Ռումինիայի և Վրաստանի ազգային լրատվական գործակալությունների պատվիրակությունների առաջին կանգառը Դիլիջանի միջազգային դպրոցն էր: Նպատակն էր ոչ միայն ներկայացնել, որ Դիլիջանի միջազգային դպրոցով Հայաստանը յուրահատուկ տեղ է զբաղեցնելու աշխարհի կրթական քարտեզին, այլեւ այլ երկրների ներկայացուցիչներին նույնպես դարձնել առաջադեմ փիլիսոփայության վրա հիմնված նախագծի համախոհ:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի գնահատմամբ, Դիլիջանի միջազգային դպրոցը Հայաստանում մեկտեղելու է բազմաթիվ ժողովուրդների ներկայացուցիչների, եւ դպրոցում մեր երկրի խորհրդանշական դեսպանատան անձնակազմ է ձեւավորվում վաղվա առաջադեմ պրոֆեսիոնալների մոտ: «Դա նաեւ այնպիսի վարակիչ դրական գաղափար է, որ շատ լավ իմիջ եւ հեղինակություն է ստեղծում այն պետության համար, որտեղ այդ գաղափարն իրականանում է: Ժամանակակից աշխարհում ապագա եւ հեղինակություն ունեն այն հասարակությունները, որոնք կարողանում են իրենց դերը գտնել ոչ թե այսօր, այլ տասնամյակներ անց կառուցվող աշխարհակարգում: Լավ կրթությունը, կրթական որակը եւ մասնագետների այնպիսի սերնդի ձեւավորումը, որը կարողանալու է մշտապես զարգանալ, Հայաստանի համար ունի կենսական նշանակություն»,- ասաց Արամ Անանյանը:

Բուլղարիայի ազգային լրատվական գործակալության` BTA-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Մինչեւը դպրոցը բնութագրում է «ոչ թե վաղվա, այլ վաղը չէ մյուս օրվա նախագիծ»: Այն փոխելու է մտածելակերպ եւ գաղափարախոսություն: «Անկեղծ ասած, անգամ նախանձում եմ, քանի որ նման նախագծեր անհրաժեշտ են բոլոր երկրներին: Մենք նոր դարաշրջան ենք մտել: Ամեն ինչ փոխվում է, մասնագիտությունները` նույնպես, եւ այն երեխաները, ովքեր այստեղ սովորելու են, նրանք են այդ փոփոխությունները մատուցելու աշխարհին: Այս առումով Հայաստանը կարող է դառնալ հրաշալի օրինակ, քանի որ լինելով փոքր եւ աղքատ պետություն, կարողացել է գտնել ճիշտ ճանապարհ ու իսկապես հարուստ գաղափարներով նախագիծ է ներկայացնում աշխարհին»,-ասաց նա:

Ռումինական «Agerpress» գործակալության տնօրեն Ալեքս Գիբոին էլ գրավել է հատկապես այն փաստը, որ դպրոցը կառուցված է ազգային գաղափարախոսության հիման վրա: «Անգամ օգտագործվող քարն է մարզից եւ այդ կերպ փորձում են ստեղծել միջազգային դպրոց ազգային գաղափարներով եւ խորհրդանիշերով»,-նկատեց նա:

Կարդացեք նաև

Բուլղարիայի պետական գործակալության միջազգային կապերի պատասխանատու ԶլատնաԿոստովան «Արմենպրես»-ի հետ զրույցում խոստովանում է, որ առաջին անգամ է նման դպրոց տեսնում: Մինչ այս նա հիանում էր Բուլղարիայում գործող ամերիկյան քոլեջով, սակայն Դիլիջանի միջազգային դպրոցը վեր էր բոլոր սպասումներից: Խոստանում է, որ բոլոր ընկերներին պատմելու է Դիլիջանի դպրոցի մասին եւ խորհուրդ տալու կրթությունը շարունակել Հայաստանում: «Ես իսկապես խորապես զարմացած եւ տպավորված եմ երիտասարդ խմբի տաղանդով, այն գաղափարով, որ նրանց առաջնորդում է դեպի բարձունքներ: Սա գաղափար է, որն ուղղված է հանուն ապագայի, երիտասարդության, եւ ես հույս ունեմ, որ այն հաջողությամբ է պսակվելու»,-ասաց Կոստովան` հավելելով, որ իրեն հատկապես գրավել է դպրոցի ճարտարապետությունը, դիզայնն ու գույները:

Երկամյա շինարարական աշխատանքներից հետո այս տարի սեպտեմբերից Դիլիջանի միջազգային դպրոցը կսկսի իր գործունեությունը: Այժմ ընթանում են հարդարման վերջին աշխատանքները: Որպեսզի մինչեւ սեպտեմբեր կարողանան ավարտին հասցնել նախագիծը, այժմ խումբն աշխատում է հերթափոխով: Ավելի քան 1300 շինարարներ գիշեր-ցերեկ աշխատում են, որպեսզի աշխարհի ամենախելացի երեխաների համար ստեղծվեն լավագույն պայմանները կրթության եւ զարգացման համար:

Այս տարի դպրոց է ընդունվել 100 աշակերտ: Մի քանի տասնյակ պետությունների աշակերտներ այստեղ կստանան լավագույն կրթություն եւ հրաշալի պայմաններ: Դպրոց ընդունված աշակերտների թվում կան նաեւ մի քանի վրացիներ: Այս փաստն ամենաշատն է ոգեւորել Վրաստանի պետականգործակալության տնօրեն Գոշա Միրցխուլավային: Նրա գնահատմամբ, դպրոցում սովորելու են Հայաստանի ապագա ընկերները, ովքեր իրենց ինտելեկտով եւ խելքով ոչ միայն կպաշտպանեն Հայաստանը, այլեւ հզոր թիկունք կլինեն թե’ դպրոցին, թե’ երկրին: «Նրանք կլինեն Հայաստանի բարեկամներ, Հայաստանի դեսպաններն ամբողջ աշխարհում, եւ, կարծում եմ, սա հրաշալի ներդրում է, որի արդյունքը լինելու են այդ երեխաները»,-ասաց Միրցխուլավան:

Դպրոցում դասավանդելու են հիմանականում Անգլիայից եւ Գերմանիայից ժամանած դասախոսներ: Քանի որ կրթությունը լինելու է միջազգային բակալավրիատի հիմքի վրա, դասախոսները պետք է ունենան համապատասխան IB որակավորում: Սկզբնական շրջանում դպրոցում կդասավանդեն միայն օտարեկրյա մասնագետներ, սակայն դրան զուգահեռ կանցկացվեն նաեւ համապատասխան դասընթացներ հայ ուսուցիչների համար, որպեսզի նրանք էլ ունենան համապատասխան որակավորում եւ հետագայում կարողանան դասավանդել դպրոցում: Դպրոցի ներդրողի գրասենյակիներկայացուցիչ Էդգար Մանուկյանի գնահատմամբ, սա տարիների նախագիծ չէ, սա նախագիծ է, որ պետք է ապրի դարեր շարունակ եւ իր հետքը թողնի: «Երբ մենք սկսեցինք այս նախագիծը Դիլիջանի և Հայաստանի համար, բոլորը կարծում էին, որ պետք է լինի փակ դպրոց, փակ տարածք, բայց դպրոցի գաղափարախոսությունն այն է, որ այն հասարակության մասն է եւ բաց է բոլորի համար: Այսօր արդեն քննարկումներ են ընթանում Դիլիջանի այլ դպրոցների հետ համագործակցության ուղղությամբ: Դպրոցը բաց է լինելու բոլորի համար: Կլինեն հատուկ ժամեր, երբ երեխաները կօգտվեն խաղահրապարակից, լոզավազանից, բասկետբոլի եւ ֆուտբոլի դաշտից, կշփվեն դպրոցի աշակերտների հետ»,- ասաց Էդգար Մանուկյանը` հավելելով, որ հաջորդ տարի դպրոց կընդունվի արդեն 250 երեխա:

Դիլիջանի միջազգային դպրոցը 2013 թ. վերջին դարձել է Միացյալ Համաշխարհային քոլեջների (United World Colleges-UWC) կրթական ցանցի անդամ և ստացել է «UWC Դիլիջան» անվանումը: «UWC Դիլիջան» -ը լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է, որը նորովի կներկայացնի Հայաստանի կրթօջախները համաշխարհային կրթական քարտեզի վրա` ավելի քան 60 երկրներից տարբեր ազգությունների աշակերտների հյուրընկալելով Հայաստանում: Նախաձեռնողները կանախատեսում են, որ 2023 թ. դպրոցի աշակերտների թիվը կհասնի 650-ի` 60 երկրից: Դպրոցում ուսանելու մեկ տարվա արժեքը կկազմի 30 հազար դոլար, սակայն աշակերտների 90 տոկոսը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների հատկացրած կրթաթոշակների շնորհիվ: Հայաստանցի բազմակողմանի զարգացած երեխաները կկազմեն «UWC Դիլիջան» քոլեջի աշակերտների 10-12 տոկոսը, Սփյուռքի հայ համայնքներից դպրոցում ուսանող աշակերտները կկազմեն 30 տոկոս: Դպրոցի հիմնական ներդրողը գործարար Ռուբեն Վարդանյանն է, ով իր շուրջ է համախմբել մի խումբ բարեգործների, ովքեր հավատում են` աշխարհը կարող են ավելի լավը դարձնել միայն խելացի եւ կրթված մարդիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս