Բաժիններ՝

«Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում» ծրագրի մասին

Հունիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում» ծրագրին նվիրված ասուլիս:

Ասուլիսի բանախոսներն էին` ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՏՀԶԿ Եվրասիա մրցունակության ծրագրի ղեկավար Անտոնիո Սոման, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աջեմյանը և Հայաստանում ԳՄՀԸ ներկալացուցիչ Մարիամ Բաբայանը:

2013թ. դեկտեմբերին Փարիզում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների ՏՀԶԿ Կառավարման խորհրդի նիստի և ՏՀԶԿ Մրցունակության ծրագրի առաջին կլոր սեղանի ընթացքում Հայաստանը ներառվել է 2014թ. ՏՀԶԿ Եվրասիական մրցունակության ծրագրի բարեփոխումների ուսումնասիրությունների ծրագրում, դրանով իսկ սկիզբ է դրվել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված ուսումնասիրությունների մեկնարկին: Այս կապակցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով ստեղծվել է ՏՀԶԿ աջակցությամբ 2014թ. ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված փորձագիտական գնահատման աշխատանքների իրականացման Համակարգող հանձնաժողով:

Ոլորտային բարեփոխումների ուսումնասիրությունների համար ձևավորել է երկու աշխատանքային խումբ հետևյալ ուղղություններով` «Անդրազգային ընկերությունների ներգրավում և Հայաստանի ՓՄՁ-ների վրա դրանց առավելագույն ազդեցության ապահովում» (ուղղվածությունը` շինանյութեր) և «Աջակցություն Հայաստանի ՓՄՁ-ների միջազգայնացմանը» (ուղղվածությունը` ագրոբիզնես):

Ս.թ. փետրվարի 5-ին կայացել է ՀՀ տնտեսության ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված փորձագիտական գնահատման աշխատանքների Համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստը, իսկ  հունիսի 18-ին` երկրորդ նիստը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են 2014թ. ՏՀԶԿ Եվրասիական մրցունակության ծրագրի բարեփոխումների ուսումնասիրությունների կոնկրետ ոլորտները, ինչպես նաև հստակեցվել է հետագա աշխատանքների ժամանակացույցը:

Մինչ օրս տեղի է ունեցել ՏՀԶԿ հետ համատեղ ՀՀ տնտեսության ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված փորձագիտական գնահատման աշխատանքային խմբերի երկու նիստ. առաջինը` մարտի 26-ին, երկրորդը` հունիսի 17-ին:

Նիստերի ընթացքում ներկայացվել են հետագա աշխատանքների ձևաչափը, ծրագրի ակնկալվող արդյունքները և համապատասխան ոլորտների ներկա իրավիճակը: Հաջորդիվ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և մասնավորի կողմից ներկայացվել են ոլորտների խնդիրները և հեռանկարները:

Մինչ օրս կատարված հետազոտությունների արդյունքում ՏՀԶԿ կողմից ներկայացվել են հետևյալ ուղղությունների հետ կապված առաջարկությունները`

Աջակցություն ագրոբիզնեսով զբաղվող ՓՄՁ-ների միջազգայնացման մասով.

•    միջազգային շուկաների, միջազգային կարգավորումների և որակի մասով պահանջների վերաբերյալ գիտելիքի ընդլայնում,

•    Հայաստանի առևտրային ենթակառուցվածքի օպտիմալացում,

•    աջակցություն արտահանման վարկավորմանը՝ ստեղծելով Արտահանման երաշխավորությունների ֆոնդ:

Անդրազգային ընկերությունների ներգրավում և Հայաստանի ՓՄՁ-ների վրա դրանց առավելագույն ազդեցության ապահովման մասով.

•    շինություններում էներգաարդյունավետության պահանջների կիրառման տեխնիկական կանոնակարգերի կատարելագործում,

•    շինարարության թույլտվությունների ձեռքբերման ընթացակարգերի օպտիմալացում,

•    ՕՈՒՆ-ՓՄՁ կապերի համակարգի ստեղծում:

Հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում (7-8-ին) անց են կացվելու Աշխատանքային խմբերի ու Ղեկավար խմբի նիստեր` վերջնական փաստաթուղթը հաստատելու համար:

2014թ. նոյեմբերին տեղի կունենա ՏՀԶԿ Եվրասիայի Մրցունակության ծրագրի երկրորդ կլոր սեղանը, որի ժամանակ կամփոփվեն ՏՀԶԿ կողմից իրականացված աշխատանքները և կներկայացվի ՀՀ-ում կատարված հետազոտությունների վերաբերյալ զեկույցը: ՏՀԶԿ կմասնակցի նաև Ծրագրի արդյունքներով նախանշված բարեփոխումների իրականացման, ինչպես նաև բարեփոխումների իրականացման մոնիտորինգի գործընթացին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս