Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով նիստը հետաձգվել է. Արտակ Բուդաղյանին վիրահատել են
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով առաջին դատական նիստը: Ինչպես 168.am-ին տեղեկացրեց գործով միակ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը, դատական նիստը հետաձգվել է, քանի որ Արտակ Բուդաղյանին վիրահատել են և նա ստացիոնար բուժման մեջ է:
Հ. Ալումյանի խոսքով՝ վիրահատել են Ա. Բուդաղյանի ճողվածքը: Փաստաբանի խոսքով՝ հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 4-ին՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ղափանի նստավայրում:
Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ կրակոցներ հնչել էին 2013թ. հունիսի 1-ին: Քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել նաև Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին և թիկնապահին՝ Զարզանդ Նիկողոսյանին, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր: Նախաքննական մարմինը գտել էր, որ նրանց գործողությունները ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին: