Պետությունը՝ խելքից պատուհաս

Այնքան չուրախացրեց լուրը, թե Քեսաբն ազատագրված է մահմեդական գրոհայիններից, որքան ապշեցրեց Քեսաբի՝ տարհանված բնակիչների արագ արձագանքը՝ թույլտվություն ստանալ սիրիական բանակից և վերադառնալ իրենց տները: Սա չափազանց կարևոր ու հետաքրքիր ֆենոմեն է: Քեսաբի հայերը ցանկանում են վերադառնալ իրենց տները, իրենց ծննդավայր: Ուղղակի «ծննդավայր» բառին ավելացնենք հետևյալ որոշիչները՝ քանդված, ավերակների վերածված, ականապատված, կյանքի համար վտանգավոր: Այդուհանդերձ, Քեսաբում ծնված և մեծացած հայերը ցանկանում են շարունակել ապրել իրենց տներում, իրենց հայրենիքում:

Մարդիկ պատրաստ են ամեն ինչ սկսել զրոյից, միայն թե վերադառնան: Սիրիահայ ընկերներիս հետ շփվում եմ, նրանցից ոչ ոք չի ցանկանում թողնել Սիրիան: Վստահ են՝ պատերազմը մի օր սկսվել է, մի օր կվերջանա:

Այդպես, նախորդ տարի՝ 2013-ին, երբ շատ հավանական էր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ռմբակոծումը, Ֆրանսիայի նախագահ Օլանդն անգամ ժամկետ էր նշել՝ սեպտեմբերի 4-ը, գրեցի դամասկոսաբնակ ընկերներիս, թե չե՞ն պատրաստվում Հայաստան գալ կամ հեռանալ Դամասկոսից՝ համեմատաբար ապահով վայր, նրանցից մեկը՝ Նազարեթ Էլմաջյանը, ասաց, որ իրենց 80 հոգանոց գերդաստանից և ոչ մեկը չի ցանկանում հեռանալ Դամասկոսից:

Սա չափազանց կարևոր ֆենոմեն է հայերիս համար: Այն առումով, որ ենթագիտակցական մակարդակում համոզված ենք, որ հայերը ծնվում են՝ գաղթականի ցուպը ձեռքին, որ մեզ համար առաջնային է «Որտեղ հաց, այնտեղ կաց»-ը, որ վերջին տարիներին այսպես զանգվածաբար հայրենիքից հեռանում ենք, քանի որ գաղթելը մեր գեներում է, և այլն:

Այդ դեպքում, ավելի վատ պայմաններ, քան Սիրիայում է, հնարավոր չէ պատկերացնել՝ պատերազմ, սով, հացի հերթեր, խմելու ջրի պակաս, պերմանենտ վտանգ, մահվան սպառնալիք, իսկ մարդիկ մնում են: Ոչ բոլորը, հասկանալի է, սակայն հեռացողները հեռանում են միայն այն դեպքում, երբ չհեռանալ հնարավոր չէ: Դիցուք՝ փոքրիկ երեխաներ ունեն, որոնց կյանքը վտանգել չեն կարող գ
Ինչո՞ւ են Հալեպի, Քեսաբի հայերը ցանկանում վերադառնալ իրենց ծննդավայր:
Բոլոր բացատրությունները, հիմնավորումները կհասկանամ՝ բացի մեկից՝ հայրենասիրությունից:

Հայրենասիրությունը զգացմունքայնություն է կամ դրա մի դրսևորումը: Օրինակ, երբ ազգային հավաքականի խաղերին մեր ֆուտբոլիստները գոլ են խփում, դու, զգացմունքների առատությունից, կարող ես փաթաթվել հարևանիդ՝ առանց մտածելու, որ գուցե նա վերջացած սրիկա է, չի սիրում մայրիկին, դավաճանում է կնոջը, լքել է երեխաներին: Այդ պահին քեզ ամենևին չի հետաքրքրում նրա անցյալը՝ որպիսին էլ այն լինի: Նա ևս ամենևին հետաքրքրված չէ քո անցյալով: Այդ պահին երկուսդ էլ ապրում եք այդ պահի հպարտությամբ՝ հաղթում է ազգային հավաքականը: Այդ պահին սիրում ես հայրենիքդ ու այն ամենն, ինչ կապված է նրա հետ:

Սակայն նույն վիճակն է նաև հակառակ պարագայում. բավական է ֆուտբոլային թիմը պարտվի, լարվածության մեծ կոնցենտրացիայից կարող ես ամենաանմեղ հայացքը կամ խոսքն ընկալել՝ իբրև մահացու վիրավորանք՝ դրանից բխող հետևանքներով:
Մեր հայրենակիցների կապվածությունն իրենց տանը, հողին, մասնավորապես, Սիրիայում, ստիպել է երկար մտածել ու փորձել հասկանալ այդ կապվածության արմատները:

Ինչո՞ւ ավերված, ականապատված ու հնարավոր հարձակումների հավանականություն ունեցող Քեսաբ տեղի բնակիչները, միևնույն է, ցանկանում են վերադառնալ, իսկ Հայաստանից մարդիկ փախչում են: Ընդ որում՝ բառիս բուն իմաստով: Այն դեպքում, երբ Հայաստանում խաղաղ վիճակ է, փողոցներն ականապատված չեն, եկեղեցիների գմբեթներից խաչերը հանված չեն:

Արցախյան պատերազմի տարիներին, երբ հարևաններով մինչև ուշ գիշեր նստում էինք վառարանի շուրջ՝ մոմի լույսի տակ, արտագաղթել, երկրից հեռանալ երբևէ որևէ մեկի մտքով իսկ չի անցել: Իսկ այսօր մարդիկ ոչ թե հեռանում են, այլ խուճապահար փախչում: Բայց ինչի՞ց:

Անորոշությունի՞ց: Անարդարությունի՞ց: Բայց Սիրիայի համար կա՞ ավելի հավանական ապագա, քան անորոշը: Եվ արդարություն հնարավո՞ր է ակնկալել պատերազմող երկրում, ուր կյանքի համար պայքարն ամեն օր ու ժամ է:
Չգիտեմ՝ ով ինչպես կմեկնաբանի այս ֆենոմենը: Ինձ համար պատասխանը մեկն է՝ Սիրիան պետություն է: Իր երկրի քաղաքացիների համար Սիրիան պետություն է` անգամ պատերազմելիս, անգամ թշնամիներով շրջապատված: Սիրիայում մարդիկ անգամ սարսափելի, պատերազմական միջավայրում հավատում են վաղվա օրվա:

Վկան՝ Սիրիայում բնակվող ընկերներիս լավատեսությունը: Պետությունը նրանց համար ստեղծել է բոլոր հնարավոր և բոլորի համար հավասար պայմանները՝ ունենալ բիզնես, զբաղվել հողագործությամբ, ինչով քեսաբահայերն առավելապես զբաղվում են: Հակառակ դեպքում, եթե մեր ազգակիցները Սիրիայում իրենց նվաստացած, ոչ լիարժեք զգային, ապա այս պատերազմը լավ առիթ կլիներ րոպե առաջ երկրից հեռանալու համար:

Ֆենոմենն այն է (իմ կարծիքով), որ մարդը անգամ առանց ծնողների՝ կարողանում է շարունակել ապրել, հարմարվում է կորստի ցավին, հասկանում՝ բնության օրենքն է:

Առանց պետության ապրելը չափազանց բարդ, ճնշող զգացողություն է: Առանց պետությունն իր կողքին, իր թիկունքին զգալու՝ մարդն իրեն անպաշտպան է զգում, և անգամ այն, ինչ կոչում են հայրենասիրություն, չի օգնում սթափ որոշում կայացնել և չհեռանալ երկրից: Մարդիկ Հայաստանից հեռանում են այլ պետություններ, քանի որ սեփական պետության ներկայությունը զգում են բացառապես միայն իրենց գրպաններում:

Պետությունն ամեն ինչից բարձր ու ամեն ինչից կարևոր կատեգորիա է: Եվ դա այնքան ակնհայտ է սիրիահայերի դեպքում:

Տեսանյութեր

Լրահոս