Բաժիններ՝

«Դա ոչ թե ինչ-որ 4 ուժերի շարժման համար է, այլ՝ գյուղացիության». Սարգիս Սեդրակյան

Քառյակի ներկայացրած 12 կետերից բաղկացած պահանջների շարքում առկա են նաև գյուղատնտեսական խնդիրներին վերաբերող դրույթներ: Մասնավորապես՝ քառյակը կառավարությունից պահանջում է առնվազն կրկնապատկել գյուղմթերքի արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները և գյուղատնտեսական վարկերն արտարժութայինից վերածել դրամայինի: Ինչքանո՞վ են այս կետերն այտացոլում այն առաջնային խնդիրները, որոնք այսօր առկա են Հայաստանի գյուղատնտեսության մեջ: Այս մասին 168.am-ը զրուցեց «Ֆերմերային շարժում» հ/կ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանի հետ:

«Այդ գյուղատնտեսական հարցերին մենք անդրադարձել էինք նաև կառավարության հիմնական ծրագրի (խոսքը 2014-2025 թվականների ՀՀ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի մասին է) քննարկման ժամանակ, բայց վերջում կառավարության հետ ընդհանուր համաձայնության չեկանք: Այնտեղ նշվածներից առաջինն այն էր, որ ոռոգման ջրից վարձավճար չգանձեն: Մենք ասում էինք ոչ թե՝ ավելացնել սուբսիդիայի քանակը, այլ ասում էինք՝ ընդհանրապես չգանձել»,- նշեց Ս. Սեդրակյանը:

Ըստ նրա՝ պետությունը հսկայական ֆինանսական միջոցներ է հատկացնում բիոզուգարանների տեղադրմանը, ծառայողական մեքենաների ձեռքբերման համար, ավելորդ գումարներ են վատնում տարբեր ուղղություններով. «Սննդամթերքի ինքնարժեքը բավականին բարձր է, գյուղացին չի կարողանում տակից դուրս գալ, գոնե ոռոգման ջուրը դարձնեն անվճար: Ջուրը գնում-լցվում է ինչ-որ լճակ, Թուրքիա, բայց գյուղացուն չեն տալիս: Ճիշտ է, նրանք ասում են՝ մի քանի անգամ սուբսիդավորել, ինչը մոտ է անվճարին, բայց մենք միանգամից ասում ենք՝ անվճար դարձնել»:
Խոսելով գյուղատնտեսական խնդիրներին վերաբերող՝ քառյակի ներկայացրած երկրորդ կետի՝ գյուղատնտեսական վարկերն արտարժութայինից դրամայինի վերածելու մասին, Ս. Սեդրակյանն ասաց, որ դա նորմալ է, բայց իրենք ունեն հետևյալ առաջարկությունը.

«Գյուղատնտեսական վարկերը տրամադրել 10 տարի ավելի ժամկետով, որովհետև հիմա տրամադրում են 1-2 տարի ժամկետով: Գյուղատնտեսական արտադրությունը խաղ ու պար չէ, մարդը տնկիներ է բերում, այգի է հիմնում, պետք է սպասի 5 տարի, որ այդ տնկին դառնա ծառ, ու պտուղ տա, բայց արդեն մեկ տարի հետո գյուղացուց գումար են պահանջում: Մենք ուզում ենք, որ դա լինի երկարատև»:

Կարդացեք նաև

Հարցին, թե՝ կառավարությունը կկատարի՞ գյուղատնտեսական խնդիրների վերաբերյալ քառյակի առաջարկած կետերը, Ս. Սեդրակյանը պատասխանեց. «Եթե չլսեն՝ պատասխանատվությունն իրենց վրա է, չեն լսում, էլի, որ հիմա երկիրն այս վիճակին է հասել: Իրենք պատասխանատու են երկրի վիճակի լավացման համար, եթե չեն կարողանում այդ հարցերը լուծել, ուրեմն՝ պետք է մարդիկ միավորված ոտքի կանգնեն և պահանջատեր դառնան: Չէ՞ որ դա ժողովրդի համար է, ոչ թե ինչ-որ 4 ընդդիմադիր ուժերի շարժման: Ընդհանրապես գյուղացիության համար է, գյուղացիությունը պետք է դառնա պահանջատեր»:

Իսկ հարցին, թե այդ կետերի իրականացումն ինչպե՞ս կանդրադառնա գյուղացիների և, ընդհանրապես, գյուղատնտեսության վրա, Ս. Սեդրակյանը պատասխանեց. «Նախ, ես կարծում եմ՝ դա կնպաստի արտագաղթի կանխմանը, որովհետև հիմա գյուղացին չի կարողանում հողը մշակել (որովհետև թանկ ինքնարժեք է, պատկերացրեք, թունաքիմիկատները, սերմերը, ջրի վարձավճար, հողի վարձավճար, ես դեռ չեմ հաշվում աշխատուժը): Բոլոր դեպքերում, եթե ջրի հարցը լուծվի, գյուղացին ինչ-որ ձևով հնարավորություն կունենա մնալ գյուղում և զբաղվել գյուղատնտեսությամբ, թե չէ բոլորը հողերը թողնում են, գնում են Ռուսաստան: Երկրորդ հերթին՝ կնվազի աղքատությունը, հողերն անմշակ չեն մնա, և այլն»:

Իսկ արդյո՞ք քառյակի բարձրացրած գյուղատնտեսական խնդիրներին վերաբերող կետերը հենց այն առաջնային խնդիրներն են, որոնք այսօր ունեն գյուղացիները: Ս. Սեդրակյանի կարծիքով՝ ճիշտ է, քառյակն ընդամենը 2 կետ է բարձրացրել, բայց դրանք էլ են առաջնային խնդիրների մեջ մտնում. «Գյուղացու աշխատանքի համար փող է անհրաժեշտ, ֆինանսական միջոցներ: Գյուղացին չունի, իսկ առանց դրա չի կարող հող մշակել: Ֆինանսական միջոցները վարկերից են գալիս, իսկ վարկերը նորմալ պայմաններով չեն տալիս:

Նաև պետք է գյուղտեխնիկայի միջոցները մատչելի լինեն գյուղացու համար: Գյուղացիներից շատերը 2000 դրամ չունեն, որ գնան այդ պարարտանյութը գնեն: Ես գյուղում եղել եմ ու տեսել եմ, թե ինչպես են որոշ գյուղացիներ խեղճ ու կրակ նայում, թե մյուները ոնց են անում: Իսկ ո՞վ է անում. նա, ով ինչ-որ մի տեղից մի երկու կոպեկ փող է ստանում, ով դրսում ինչ-որ բարեկամ ունի, որը ուղարկում է գումար: Իսկ գյուղացիների ճնշող մեծամասնությունն աղքատ է, նրանք չունեն փող, որպեսզի օգտվեն դրանից: Դրա համար ավելի լավ է պետությունն ամեն մեկին 2 պարկ անվճար պարարտանյութեր տա, քան թե ասի՝ սուբսիդավորում եմ 6000-ով, եկեք-տարեք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս