Օբամայի արտաքին քաղաքական սխալները. Վենեսուելայից մինչև Աֆղանստան, Իսրայելից մինչև Ռուսաստան. The Wall Street Journal
Հունիսի 11-ին ամերիկյան The Wall Street Journal պարբերականում հրապարակվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսեր աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ և նախկին ավագ խորհրդական Կառլ Ռոուվի «Օբամայի արտաքին քաղաքականությունը քննադատության չի դիմանում» խորագրով հոդվածը, որում նշված է.
««Բավական է զբաղվել անհեթեթությամբ»: Կարճ ձևով այսպես կարելի է նկարագրել նախագահ Օբամայի արտաքին քաղաքականությունը, որը մշակվել է Սպիտակ տան փորձագետների կողմից, և որը հենց իր` նախագահի կողմից հնչեցվել է ոչ վաղ անցյալում` Ասիա մեկնող ինքնաթիռում լրագրողների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ:
Վարչակազմի գործողությունները, իսկ առավել ճշգրիտ` նրա անգործությունը բացարձակապես չի դիմանում որևէ քննության: Պարոն Օբամայի կողմից բավական անհեռատես (եկեք չօգտագործենք «հիմարություն» բառը) քայլ էր 2011 թվականի օգոստոսին հայտարարել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա` առնվազն չունենալով նրան տապալելու հստակ պլան:
Մեկ տարի անց` նույնպես օգոստոսին, պարոն Օբաման հայտարարեց, որ պարոն Ասադը կհատի «կարմիր գիծը», եթե կիրառի քիմիական զենք: Եվ երբ պարոն Ասադն արեց հենց դա, ինչի մասին նրան զգուշացրել էր ԱՄՆ-ի նախագահը, պարոն Օբաման չձեռնարկեց որևէ գործողություն: Այսօր պարոն Ասադի դիրքերը դարձել են ավելի ամուր, քան նախկինում էր:
Բավական անհեռատես քայլ էր նաև այն, որ պարոն Օբաման 2011 թվականին հրաժարվեց զենք հատկացնել սիրիական չափավոր ընդդիմությանը: Այժմ, երբ այդ ընդդիմությունը դարձել է թույլ ու արմատական, նա հանկարծ հայտարարել է, որ դիտարկում է նրան սպառազինելու հնարավորությունը:
Հիշեք նաև 2009-2010 թվականներին Իրանում «կանաչ հեղափոխության» մասին, երբ պարոն Օբաման կանգնեց մոլլաների և ոչ թե այն անձանց կողքին, որոնք փորձում էին հասնել ազատության: Սխալ է նաև Իրանի հանդեպ պատժամիջոցները մեղմացնելու մասին որոշումը` իրանական միջուկային ծրագրի զարգացումից հրաժարվելու մշուշոտ խոստումների դիմաց:
Անհեռատես որոշում էր նաև այն, որ պարոն Օբաման սահմանեց Աֆղանստանի գործերին ԱՄՆ-ի մասնակցությանը վերջ դնելու ժամկետներ: Այդ ժամկետներն ավելի շուտ թելադրված են ամերիկյան ընտրությունների օրացույցով, քան` ընդհանրապես այդ երկրում (Աֆղանստան) տիրող իրավիճակով:
Սխալ էր նաև այն, որ պարոն Օբաման խափանեց իր իսկ պլանը` կապված Իրաքից հիմնական ուժերի դուրս բերումից հետո այդ երկրում ամերիկյան զինվորականներ տեղակայելու հետ` պնդելով, որ Իրաքի խորհրդարանը հավանության արժանացնի այդ համաձայնագիրը:
Արդյունքում, մենք ստացանք ԱՄՆ-ի ազդեցության թուլացում ու Իրանի ազդեցության ուժեղացում: Ներկայումս մենք հետևում ենք «Ալ-Քաիդայի» վերելքին: Արդյոք կարո՞ղ էին զինյալները գրավել Մոսուլն ու Տիկրիտը, եթե ամերիկյան բանակը մնար Իրաքում:
Սխալ էր Իսրայելի վարչապետին վիրավորելն ու կարծելը, թե Իսրայելին ճնշելով մեծանում են պաղեստինցիների հետ խաղաղության համաձայնագրի հնարավորությունները, և դա այն դեպքում, երբ հենց պաղեստինցիներն են հանդիսացել այդ համաձայնագրի ճանապարհին ընկած գլխավոր խոչընդոտը:
2011 թվականին Եգիպտոսում կատարված հեղափոխության ժամանակ պարոն Օբաման կարողացավ իրենից հեռացնել հակամարտող բոլոր կողմերին` սկսած Հոսնի Մուբարաքից, վերջացրած նրանցով, ովքեր վերջին հաշվով տապալեցին նրան:
Պարոն Օբաման աջակցեց Մուամմար Քադաֆիի տապալմանն ուղղված ռազմական կամպանիային, իսկ հետո քաշվեց մի կողմ` թույլատրելով, որ Լիբիայում տիրի քաոսային իրավիճակ:
Նախագահը Պետդեպարտամենտի ղեկավարության որևէ ներկայացուցչի վրա չդրեց պատասխանատվությունը` կապված 2012 թվականին (սեպտեմբերի 11) Բենղազիում ամերիկյան դիվանագիտական ծառայության անվտանգությանն անհրաժեշտ մակարդակով ապահովել չկարողանալու հետ (սպանվել էր ԱՄՆ դեսպանը):
Պարոն Օբաման մտածել էր «վերաբեռնում» իրականացնել Ռուսաստանի հետ հարաբերություններում` չունենալով որևէ հստակ ռազմավարական հայեցակարգ և միամտորեն կարծելով, որ եթե նա Վլադիմիր Պուտինին տա այն ամենը, ինչը նա ցանկանում է, ապա Ռուսաստանի նախագահն ավելի բարեկամաբար կվերաբերի իրեն:
Դա լավագույն որոշումը չէր: Սխալ էր 2009 թվականին Չեխիայում ու Լեհաստանում ՀՀՊ-ի համալիրներ տեղակայելու մասին որոշումը միակողմանիորեն չեղյալ հայտարարելը, ինչն ԱՄՆ-ին հեռացրեց իր դաշնակիցներից: Փոխարենն ԱՄՆ-ը ոչինչ չստացավ պարոն Պուտինից, ով իր հերթին որոշեց, որ կարելի է հաշվի չնստել պարոն Օբամայի հետ:
Երբ պարոն Պուտինը մտավ Ղրիմ, պարոն Օբաման սխալ գործեց` հրաժարվելով Ուկրաինային տրամադրել զենք: Դրա փոխարեն նա Ուկրաինային առաջարկեց չոր մթերաբաժնի խմբաքանակ, ինչն ավելի շուտ վիրավորական էր Ուկրաինայի քաղաքացիների համար:
Սխալ էր նաև «Ասիայում շրջադարձի» մասին հայտարարելը, երբ բացակայում են այն ամենի ապացույցները, որ ԱՄՆ-ն իսկապես օժտված է բավականաչափ ուժով, որպեսզի իրագործի այդ շրջադարձը:
ԱՄՆ-ը նաև վիրավորել է Կանադային` հետաձգելով Keystone XL գազատարի կառուցման մասին որոշումը և անտեսելով սեփական կիսագունդը` դրանով իսկ մրցակիցներին, ինչպիսիք են Կաստրոն ու Չավեսը, թույլատրելով լցնել առաջացած վակուումը:
Բավական վիճելի էր նաև ամերիկացի մեկ զինվորին «Թալիբանի» 5 բարձրաստիճան հրամանատարով փոխանակելու մասին որոշումը` չնայած նրան, որ նախագահական հանձնաժողովը նախկինում քանիցս հայտարարել էր, որ անկարելի է բաց թողնել «Թալիբանի» անդամներին:
Սակայն սխալ էր նաև Ռոուզ Գարդենի արարողակարգի ժամանակ դրանով պարծենալը` չնայած նրան, որ Սպիտակ տունն ուներ ապացույցներ, որ զինվորը կարող էր պարզապես դասալքած լիներ: Ինչպես ժաանակին ասել է մեծ փիլիսոփա Ֆերսթ Գամփը, «հիմարը նա է, ով հիմարություն է գործում»»: