Բաժիններ՝

Ձկնարտադրության ոլորտի օլիգարխները հայտնի են` նախարությունը նրանց տեղը լավ գիտի

«Ես այսօրվա դրությամբ այնքան եմ հիասթափվել, որ հենց գնորդ գտնեմ՝ կփակեմ ու կգնամ: 50 000 դոլար էլ տան՝ կտամ ու կգնամ, չնայած ես 150 000 եմ էստեղ ծախսել: Ա՛յ էդքան հիասթափվել եմ, բայց այսօր Հայաստանում ոչ մի բան չի վաճառվում: Բոլորը վաճառում են: Ոչ մեկը չի ուզում ներդրում անել այս երկրում»,- ասում է Արմավիրի մարզի Գայ համայնքի տարածքում ձկնարտադրությամբ զբաղվող Գուրգեն Խաչատրյանը:

Նա անհատ ձեռնարկատեր է, տարիներ շարունակ զբաղվում է ձուկ աճեցնելով ու իր գործի գիտակ է: Նա Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքի բնակիչ է, ու մոտ 1 տարի առաջ քաղաքապետն առաջարկել էր մշտապես տեղափոխվել իրենց մոտ և այնտեղ բիզնես հիմնել, նաև խոստացել էր դրա համար անհրաժեշտ ողջ գումարը ոչ թե` որպես վարկ, այլ` անհատույց տրամադրել: Բայց Գ.Խաչատրյանը, չնայած դժգոհում է, դեռ «համառում» է ու շարունակում է աշխատել Հայաստանում: Տնտեսությունը մեծ չէ՝ ընդամենը 2 հա, իսկ հոգսերը շատ են: ՀՀ կառավարությունն էլ, փոխարենն օգնի, պարբերաբար նոր «փորձությունների» է ենթարկում:

«Ուրիշ երկրներում՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում գյուղմթերք արտադրողին ձեռքերի վրա են պահում, մեզ մոտ հակառակն է՝ ամեն կերպ խանգարում են»,- ասում է Գ.Խաչատրյանը: 2010թ. ՀՀ կառավարությունը որոշել էր ձկնաբուծարանների հողերի կարգը փոխել՝ դարձնել արդյունաբերաարտադրական: Գինը սահմանվել էր 1 քմ-ի համար` 1800-2000 դրամ: Փոքր ու միջին ձկնաբուծարանների տարածքը 1-6 հա է, և ահռելի թիվ էր կազմում: Ձկնաբույծների բազմաթիվ բողոքներից հետո կառավարությունն այդ գաղափարից հրաժարվեց: Հիմա էլ, ըստ Գ.Խաչատրյանի՝ ձկնաբուծությամբ զբաղվելու համար արտոնագրեր են սահմանում. «Եթե մարդն ունի ջերմոց՝ վարունգ կամ լոլիկ է մշակում, իրենից լիցենզիա չեն պահանջում, ես էլ եմ գյուղմթերք արտադրում՝ ձուկ եմ աճեցնում, ինչի՞ համար պետք է լիցենզիա ունենամ»: Մոտ 2 տարի առաջ ձկնաբուծարաններին պարտադրեցին ջրաչափեր տեղադրել: Խաչատրյանը 2 ջրաչափ է դրել՝ 1000 դոլարով:

Բայց այս ընթացքում, ըստ նրա, ոչ ոք չի գնացել, հաշվիչի ցուցմունք չի նայել, իսկ ջրի վարձը շարունակում է նախկին կարգով վճարել, այսինքն՝ ԲՆ Ջրային տնտեսության մոնիտորինգի կենտրոնի հետ ամեն տարի 90 000 դրամով պայմանագիր է կնքում, ու ամեն եռամսյակը մեկ ծախսած ջրի վարձ է մուծում: «Եթե ջրաչափ է, մոնիտորինգն ո՞ւմ է պետք: Եթե մոնիտորինգ է, ջրաչափն ինչո՞ւ ստիպեցին գնել: Թե՞ ինչ-որ մեկը ներմուծել էր, պետք է իրացնեին: Ասում են՝ Տիգրան Սարգսյանի փեսան էր ներմուծողը»,- նշում է Գ.Խաչատրյանը: Ձկնաբույծները յուրաքանչյուր 3 տարին մեկ պետք է թարմացնեն ջրավազանի թույլտվությունը: Դրա համար, Խաչատրյանի խոսքով, Ջրային տնտեսության մոնիտորինգի կենտրոնին պետք է բավականին փաստաթղթեր ներկայացնեն, որ քաշքշուկ է և ավելորդ հոգս ձկնաբույծների համար, և կարելի է 10 տարին մեկ սահմանել ժամկետը:

Կարդացեք նաև

Վերջերս մարզպետարանները մի նոր անակնկալ են մատուցել ձկնաբույծներին՝ ծանուցումներ են ուղարկում՝ ապօրինի շինություններն օրինականացնելու պահանջով: Գ.Խաչատրյանի խոսքով՝ մի քանի տարի առաջ օրենք է ընդունվել, որ՝ եթե ապօրինի շինարարությունը չի խանգարում բարձր լարման գծերին, գազի խողովակաշարը չի անցնում տարածքով, դրանք մեխանիկորեն օրենքի ուժ են ստանում. «Իսկ մեր ձկնաբուծարանները դաշտի մեջ են: Ռոբինզոն Կրուզոյի կյանք ենք վարում: Ու հիմա պարտադրում են օրինականացնել, որ մի քանի ջրավազաններ են ընդամենը»: Շուտով նոր փորձություն է սպասվում:

Ըստ Խաչատրյանի՝ կառավարությունն ուզում է անցնել ձկնաբուծարանների փակ կամ կիսափակ համակարգի, թեև ամբողջապես չեն պատկերացնում, թե դա ինչ է. «Դա 1 անգամ Ֆրանսիայում են փորձնական օգտագործել, բայց այլևս չեն զարգացրել, շատ թանկ է ու արդյունավետ չէ: Իսկ ես հիմա 3 լ ջրում 4.5-5 կգ ձուկ եմ պահում, շատ խնայող և մատչելի համակարգ եմ մշակել` ամառային ու ձմեռային սեզոնների համար»: Այս տարվա հունվարի 1-ից էլ ջուրը միանգամից 1000 անգամ թանկացրին, եթե 30լիտրի համար 25 000 դրամ էր վճարում, հիմա՝ 250 000 դրամ:

«Արմավիրի մարզում ջուրը գրեթե կտրվել է, չկա: Մասիսի կողմը դեռ մի քիչ կա»,- ասում է նա:

Արտեզյան ջրերի պակասելը նա բացատրում է ոչ թե փոքր ձկնաբուծարանների աշխատանքով, որտեղ 1-2 ջրահոր է գործում, այլ օլիգարխներին պատկանող խոշոր ձկնաբուծարաններում 10 հեկտարի վրա փորված 150 հատ և ավելի անօրինական հորերով, որոնցից յուրաքանչյուրը 1 վայրկյանում 400-500 լ ջուր է դուրս մղում, իսկ այդքան ջուրը մի գյուղ կողողի:

Վերջերս ԲՆ-ի կողմից անօրինական հորերի փակման գործընթացը, ըստ Խաչատրյանի, 1 բաժակ ջրում փոթորկի է նման` փակում են արդեն չգործող հորերը, մինչդեռ ոչ մի օլիգարխի տնտեսություն ոչ մեկը չի համարձակվում ոտք դնել ու ստուգում իրականացնել: Իսկ ոլորտի օլիգարխները հայտնի են` ԲՆ-ն նրանց տեղը լավ գիտի:

Ըստ Գ.Խաչատրյանի՝ ջրի հարցն էլ ավելի կսրվի, եթե Սևանում ձկնարտադրության պիլոտային ծրագիրն ավելի լայն մասշտաբներով սկսեն իրականացնել: Նրա խոսքով՝ փորձում են ընդօրինակել ծովերում ձկան արտադրությունը, բայց ծովի ջուրն աղի է, կենդանական աշխարհը շատ է, ալիքն ուժեղ է, ու ձկան աղբը քշում-տանում է, իսկ այստեղ ծրագրի հեղինակներն անտեսել են, որ Սևանի ջուրը քաղցրահամ է, ալիքը՝ թույլ, ու շատ չանցած լիճը ճահճի կվերածվի.

«Ինձ մոտ 500 մետրանոց ջրավազան է, ամեն տարի պետք է ջուրը դատարկել ու մաքրել, որովհետև 15-20 սմ ձկնաղբ է գոյանում: Այն պարունակում է ազոտ, կալցիում, ֆոսֆոր: Չմաքրելու դեպքում ազոտը խեղդում է ձկանը, կուրացնում, մսից հոտ է գալիս, ձուկը սատկում է: Պատկերացրեք՝ Սևանում մաքրել չի լինի, բոլոր բնական ֆաունան կվերանա, խմելու ջուրն էլ կվերածվի ճահճի: Ու ստացվում է, որ կառավարությունը նստել է ծառի ճյուղի վրա ու կտրում է այն՝ հանուն մի օլիգարխի»:

«Պետությունը, եթե ուզում է, որ ձկնարդյունաբերությունը զարգանա, պետք է իրապես աջակցի: Գյուղնախարարությունը կարող է ինքը խանութ բացել ու էժան գնով վաճառել պարարտանյութ, սերմացու, ձկան կեր, սարքավորումներ և այլն, էժան վարկեր տան, հոսանքը սուբսիդավորեն: Մինչդեռ, ամեն ինչ անում են փոքր տնտեսություններին վերացնելու, ոլորտում մենաշնորհ հաստատելու համար»,- ասում է Գ.Խաչատրյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս